FrancoFest2024-ին մնաց 2 օր / «Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են փառատոնի թիմն ու գործընկերները (տեսանյութ, լուսանկարներ)
10/09/2024
Newmag FrancoFest2024-ը տեղի կունենա Թարգմանչաց տոնին՝ հոկտեմբերի 12-ին, Կոնգրես հյուրանոցում։ Փառատոնը կսկսվի կեսօրին ու կշարունակվի մինչև ուշ երեկո։ Փառատոնին Newmag-ի բոլոր գրքերը կվաճառվեն մինչև 40% զեղչով։ Մուտքն ազատ է։
Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ժամանակ հրատարակչությունն ու փառատոնի գործընկերները խոսել են ֆրանոկֆոն գրքի ու արվեստի տոնի մասին։ Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը ներկայացրեց փառատոնի ֆրանսալեզու ու ֆրանսիական հինգ գրքերը. երկու հուշագրություն՝ Շառլ Ազնավուրի ու Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի մասին, երկու բեսթսելլեր ժամանակակից հայտնի ֆրանսուհիների՝ Ամելի Նոտոմբի ու Անյես Մարտեն-Լյուգանի գրքերը։ Բացի այդ, հրատարակչությունը կներկայացնի Գոնկուր մրցանակի դափնեկիր Մուհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» ինտելեկտուալ դեդեկտիվը։
Կցուցադրվի նաև Միսաք Մանուշյանի մասին՝ Լաերտ Վաղարշյանի «Այսօր արևոտ օր է» վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է մեկ անգամ՝ խորհրդային տարիներին, որից հետո արգելվել է։ Անի Հակոբյանը ներկայացրեց նաև համերգային ծրագրերը.
«Փառատոնը կսկսվի Կոմիտասի քառյակի հիանալի մեղեդիներով, հետո կլինի Լիլիթ Բլեյանի հեղինակային երգի երեկոն։ Փառատոնը կավարտվի Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի լարային կվինտետի ազնավուրյան մեղեդիներով, իսկ հետո կլինի նաև հատուկ փառատոնի համար Ֆրանսիայից Հայաստան ժամանած հեղինակային երգերի կատարող Ուլիս Մանի երգերի երեկոն»։
Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ներկայացրեց փառատոնի գլխավոր իրադարձությունը՝ ֆրանսիական ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակի՝ Գոնկուրի պաշտոնական մուտքը Հայաստան.
«Քառասունից ավելի երկրներ Ազգային ժյուրիի քարտեզում են։ Ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանսիական համալսարանն ու Newmag֊ը կարողացան այնպես անել, որ ֆրանկոֆոն քարտեզում Հայաստանը լինի ոչ միայն սպառող, այլ առաջարկի իր տեսակետը։ Տասներկու հավակնորդներից ութի գրքերը կհասնեն Հայաստան, ուսանողները կկարդան այդ գրքերը, իրար մեջ կքննարկեն, կգնահատեն։
Գոնկուրյան մրցանակի համար կարևոր է, որ համալսարանական ուսանողությունն ընտրի իր համար կարևոր ու հետաքրքիր ժամանակակից գրականությունը։ Գոնկուրը գրական բրենդ է, մեր կողքին ապրող գրողներն այս մրցանակի շնորհիվ դառնում են դասականներ։ Այս իրադարձությունը նշանակում է, որ ուսանողները վաղը դառնալու են ղեկավարներ, բիզնեսի ներկայացուցիչներ, ու նրանք ֆրանսիական ազատամիտ արվեստի ու գրականության ճաշակը կրողն են լինելու»։
Փառատոնի հովանավոր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Ռուզաննա Ղալթաղչյանը նկատեց, որ Գոնկուրի մրցանակը շատ կարևոր իրադարձություն է ֆրանկոֆոն աշխարհի համար։ Իսկ այսուհետև նաև Հայաստանն Ազգային ժյուրի կունենա.
«Մեր կազմակերպությունն աջակցել է տարբեր երկրներում Ազգային ժյուրիների ստեղծմանը։ Ազգային ժյուրիի անդամները ֆրանկոֆոն ուսանողներ են լինում։ Հայաստանի ժյուրիի անդամ կլինեն Ֆրանսիական համալսարանի, ԵՊՀ, Բրյուսովի անվան համալսարանների երեսուն ուսանողներ։ Ուսանողները կընտրեն Գոնկուրի իրենց մրցանակակրին, որը կարող է չհամընկնել Գոնկուր ակադեմիայի կատարած ընտրությանը»։
Փառատոնի գլխավոր հովանավորն Ակբա Լիզնիգն է, որն արդեն 2-րդ տարին է, որ աջակցում է FrancoFest փառատոնի կազմակերպմանը։ Այս տարի Ակբա Լիզինգը նաև FrancoFest-ի գլխավոր հովանավորն է։ Ակբա լիզինգի Մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանն ասում է, որ ընկերությունը լիզինգ պրոդուկտ առաջարկող առաջին ընկերությունն է։ Իսկ այս պահին Ակբա լիզինգը շուկայի 50 %-ն է զբաղեցնում.
«Ակբա լիզինգ ընկերությունը հիմնադրման օրվանից լիզինգային շուկայի առաջատարներներից է։ Այս տարիների ընթացքում նպաստել ենք ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլ նաև մշակութային, կրթական ծրագրերի զարգացմանը։ Դա է պատճառը, որ արդեն երկրորդ անգամ մասնակցում ենք նաև Francofest փառատոնին, այս անգամ, որպես գլխավոր հովանավոր»։
Ակբա լիզինգի Մատակարարների հետ համագործակցության գլխավոր մասնագետ Աննա Գրիգորյանը նկատեց, որ փառատոնին ներկայացվող գրքերից հատկապես կարևորում են Շառլ Ազնավուրի անտիպներ հարցազրույցների, լուսանկարների հրատարակումը. ««Կյանքը Շառլի աչքերով» գիրքը ևս մեկ հնարավորություն է ներկայացնել Շառլ Ազնավուրի ժառանգությունն այսօրվա ընթերցողին: Նրա գիրքը թույլ կտա ավելի լավ ընկալել շանսոնյեի աշխարհընկալումը»։
Բացահայտեք ֆրանկոֆոն ժամանակակից արվեստի աշխարհը մեզ հետ. հոկտեմբերի 12-ին, 12:00-21:00, Կոնգրես հյուրանոցում։
FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ
Փառատոնի գործընկերներ
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
- Ֆրանսիական ինստիտուտ
- Հայաստանում ֆրանսիական համալսարան
- Ազնավուր հիմնադրամ
Գլխավոր Հովանավոր
Հովանավորներ
Մեդիա գործընկերներ
Կարդացեք նաև
- Թարգմանչաց տոնին newmag-ը կանկացնի ֆրանկոֆոն բովանդակությամբ աննախադեպ փառատոն / Francofest-2024
- FrancoFest 2024 / GONCOURT մրցանակը ազգային ժյուրի է ստեղծում Հայաստանում
- Ազնավուր, Մանուշյան, Սառ, Նոտոմբ ու Լյուգան. Ֆրանկոֆեստի 5 հեղինակները
- Ուշագրավ փաստեր Ֆրանսիական գրականության ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակի մասին (տեսանյութ)
- FrancoFest2024-ին հանդես կգան հայ և ֆրանսիացի կատարողներ ու հեղինակավոր նվագախմբերը
- Գրականություն, նորաձևություն, մշակույթ /Պանելային 3 քննարկում՝ Ֆրանկոֆեստին
- Bienvenue FrancoFest / Newmag-ը հրավիրում է ֆրանկոֆոն գրականության ու մշակույթի նրբագեղ փառատոնին (մեծ անոնս)
Մելինե Մանուշյան
7800 ֏
Նկարագրություն
1944-ի փետրվարի 21-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն Վալերիեն ամրոցում նացիստները գնդակահարեցին ֆրանսիական Դիմադրության շարժման 22 անդամների։ Նրանք պատմության մեջ մնացին որպես «Մանուշյանի խումբ»։ Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի այս հուշագրությունը խիստ անձնական վկայություն է: Գրքում նկարագրված շատ դեպքեր և մանրամասներ ուրիշ ոչ ոք չէր կարող պատմել նման ճշգրտությամբ ու զգացմունքայնությամբ։ Գրքում կան փաստաթղթեր ու նամակներ (որոշները՝ երբեք չհրապարակված), որոնք օգնում են նոր լույսի տակ տեսնել Մանուշյանին: Դիմադրության շարժման հերոսը երազում էր մնալ բանաստեղծ ու ապրել արվեստով և երաժշտությամբ։ Միսաք Մանուշյանի գլխավորած խումբը 1941-1943 թվականներին առանձնացավ իր գործողություններով՝ բարձրաստիճան նացիստների սպանություններ, սաբոտաժային պայքար, սպառազինություն և զինամթերք տեղափոխող գնացքների խափանումներ, գերմանական ռազմական օբյեկտների աշխատանքի ձախողումներ։ Գիրքն օգնում է պատկերացնել «հայկական դիմադրությունը» ֆրանսիական շարժման ներսում՝ դրա արմատները, հոգեբանական ու մարդկային առանձնահատկությունները։ Մելինեն ու Միսաքը՝ Ցեղասպանությունից փրկված երկու որբերը, աշխարհի բոլոր ծայրերից Ֆրանսիայում հանգրվանած բազմաթիվ այլ հայերի՝ մտավորականների, արտիստների հետ մասնակցում էին իրենց ապաստան տված երկրի դիմադրությանը և իրենց պայքարն էին մղում չարիքի դեմ ու հանուն արժանապատվության։
Մոհամեդ Մբուգար Սառ
7800 ֏
Նկարագրություն
Փարիզում 1938-ին լույս է տեսնում «Անմարդկայնության լաբիրինթոս» վեպը, որը փարիզյան գրական կյանքում մեծ իրարանցում է առաջացնում: Ոմանց համոզմամբ՝ նոր Արթյուր Ռեմբո էր հայտնվել, մյուսների համար պարզ գրագողություն էր: Հրատարակումից հետո գրքի հեղինակն անհետանում է:
Մեր օրերում գիրքը հայտնվում է սենեգալցի երիտասարդ գրողի ձեռքին: Դիեգան Լատիր Ֆայեն տպավորվում է այս ստեղծագործությամբ ու որոշում է բացահայտել գրքի հեղինակի առեղծվածային անհետացումը: Գնալով առեղծվածային հեղինակի հետքերով՝ Դիեգանը հայտնվում է գաղութատիրական ժամանակաշրջանի դրամատիկ իրադարձությունների, Առաջին համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի պատմության մութ անկյուններում:
Անյես Մարտեն-Լյուգան
5800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը մերօրյա Մոխրոտի պատմություն է: Ի տարբերություն հեքիաթային Մոխրոտի, Անյեսի հերոսուհին չի սպասում, որ բարի փերին փոխի իր ճակատագիրը:
Իրիսը դիզայների տաղանդ ունի, սակայն ծնողները ստիպել են այլ մասնագիտություն ընտրել։ Ձանձրալիաշխատանք բանկում և անտարբեր ամուսին. սա նրա ամբողջ կյանքն է, որը միապաղաղ հոսում է գավառականքաղաքում: Երեսունմեկ տարեկանում Այրիսը որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը, մեկնում է Փարիզ, որբացահայտի նորաձևության աշխարհը և դառնա դիզայներ։ Նա հայտնվում է տարօրինակ ստուդիայում, որըղեկավարում է խորհրդավոր և ազդեցիկ գեղեցկուհի Մարթան: Իրադարձություններն անսպասելի ու հուզիչ ընթացք ենստանում։
Այս վեպն իր ինքնությունը փնտրող կնոջ դիմանկար է: Ընթերցողը հերոսուհու հետ անցնում է դեպի երջանկություն տանող ինքնակայացման ճանապարհով, որից շեղվելն անհնար է: