[Մոնոլոգ] Վահագն Հայրապետյան. «Եթե հասկանայինք ինչ է սերը, էլ հրաշք չէր լինի»

March 11, 2019

սիրո հրաշքները


Եթե հասկանայինք ինչ է սերը, էլ հրաշք չէր լինի: Դա ներաշխարհի ներկայացումն է: Կարևոր է նաև, թե ում, կամ ինչի հանդեպ է սերը. օրինակ երաժշտության հանդեպ մի ուրիշ աշխարհ է, ընտանիքիս հանդեպ լրիվ այլ աշխարհ է: Ամեն մի սեր մի  բացահայտում է, մի աշխարհընկալում: Իմ հրաշքները երաժշտությամբ է ստեղծվում, երբ երեխաներս ծնվեցին ամեն մեկի հետ մի հրաշք երաժշտություն ստեղծեցի:

մեծամտության չափը


Մարդը չի մեծամտանում ժամանակի ընթացքում, այլ ինքը հենց այդպիսինն է: Մարդը տարիների ընթացքում բացահայտվում է, պարզապես առիթ է պետք: Ստեղծագործող մարդը երբեք չի մեծամտանա: Մեծամտանում է միջակությունը: Դա ինքնակայացման ձև է: Ինքդ քեզ մի գովիր, թող ուրիշները գովեն: Մեծամտանալը հենց էգոն է: Օրինակ երբ երաժշտություն ես գրում, դուրդ գալիս է, հետո կատարում ես, զգում ես, որ այդքան էլ այդպես չէ: Ես չեմ կարող նստել լսել մեկի մասին, ով ամբողջ օրը իր մասին է խոսում, այդ մեկը, ի վերջո, մնում է մենակ: Ինքնագնահատումը ուրիշ բան է, մեծամտությունը այլ: Ինքնաթերագնահատումն էլ վատ բան է, մարդը իրեն ուտում է մեջից:

խնդիրների լուծումը


Մենք ինքներս ենք խնդիրներ ստեղծում: Սա նույնպես սկսում է ստեղծել թվացյալ  ինքնաբավարարվածություն: Խնդիր ես ստեղծում, հետո հաղթահարում, և ինքդ քեզնից գոհ ես: Խնդիրներ կան, որ լուծումներ պետք չէ տալ: Շատ է լինում, որ անկարևոր բաներին շատ ենք կարևորություն տալիս: խնդիրներ կան, որ չպետք է լուծումներ տալ: Մենք կարող ենք լուծում տալ խնդրի՝ մեր առջև պատնեշներ ստեղծելով: Նաև հարցեր  կան, որ կարող է ուրիշ լուծում ունի, մենք չենք նկատել: Այն պետք է լուծվի ուրիշ տեղ, ուրիշ ժամանակ: Խնդիրների լուծումների ճիշտն ու սխալն էլ է հարաբերական: Սխալը կարող է այդ պահի սխալը լինել:

ժպիտի էությունը


Ես միշտ, անկախ ինձնից, ժպտում եմ:  Մենք չենք կարող ժպիտը կառավարել, օրինակ այ հիմա ժպտա, հիմա ոչ: Երբ ժպտում ես, հոգիդ էլ է ժպտում: Ստիպված ժպտալ չես կարող: Կա նաև ջղայնացած ժպիտ: Ամեն ժպիտ չի, որ ուրախության ժպիտ է: Ես ունեմ դաժան ժպիտ: Դա իմ ներքին զայրույթն է:

ճակատագրի առեղծվածը


Մարդ, երբ ծնվում է, իմ պատկերացմամաբ, տալիս են տուփ, որը բացում է կյանքի ընթացքում: Դա ճակատագրի տուփն է: Մենք ունենք ընտրության հնարավորություն, բայց կլինի այն, ինչը պետք է լինի:


Կարդացեք նաև.



քիչ խոսել, շատ լսել


Շատ լսողը շատ բան է հասկանում, շատ տեղեկություններ ունենում: Շատ լսած մարդն էլ շատ չի խոսի: Ամեն ինչ չէ, որ պետք է լսել: Ես նախընտրում եմ լսել լռություն: Պատմելիս պետք է մտածենք՝ արդյո՞ք պետք է պատմածը դիմացինին: Այնքան բան կա, որ չես ուզում իմանալ, բայց լսում ես, հատկապես հիմա, այս տեխնոլոգիաների դարաշրջնում: Ավելորդ ինֆորմացիա, որը լցվում է ուղեդդ:

կյանքի կարևոր քայլերը


Կյանքի կարևոր քայլը ապրելն է: Հիմա մարդիկ մոռանում են ապրել, ընկնում են անպետք բաների հետևից: Կարևոր է, որ ինքդ քո հանդեպ ազնիվ լինես, չանես այն ինչ չես ուզում: Պետք է ապրես այնպես, որ  դիմացինին չխանգարես: Պետք է կյանքը ոչ թե քեզ հարմար լինի, այլ անհարմար չլինի:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում