[Մոնոլոգ] Դավիթ Հարությունյան. «Պետք է լավ մտածել և չսխալվել` երազելիս»

January 18, 2019

ներելու արվեստը
Չեմ կարողանում ներել, երբ մտածված, գիտակցված վատություն են անում: Մնացած բոլոր դեպքերում կներեմ: Բոլորս էլ գիտակցում ենք, որ ներելը օգտակար է, եթե ներում ենք, հեշտ է լինում ապրելը, բայց միշտ չես կարող ներել: Հարազատ մարդիկ մտածված վատություն չեն անի: Եթե անեն, ապա հարազատ չեն: Եթե ակամա է, մտածված չէ և համարժեք է չարվածին: Շուտ եմ մոռանում ակամա արված վատությունը: Կարևորն այն է, թե ինչո′ւ է այդ քայլն արել, ոչ թե՝ ինչ է արել:
տղամարդու սերը
Տղամարդու մոտ գերակշռում է պատասխանատվության զգացումը: Եթե ընտանիքդ ապահով է, ապա դու ռեալիզացրել ես սերը: Եթե չես կարողացել, ուրեմն սերը չի ստացվել: Սիրո մեջ կարևոր է ամեն վայրկյան նրա կողքին լինելը, հաճույք պարգևելը:
Տղամարդու սերն էլ է տարբեր արտահայտվում: Օրինակ` ընտանիքի նկատմամբ, ծնողների… Կարող է երեխադ հեռու լինի, իրեն շատ սիրես, ասես՝ թող լավ լինի, ոչինչ, որ հեռու է: Բայց կնոջ հանդեպ սերը մի փոքր այլ է:  Սերը ծաղկի պես բան է, պետք է ջրես, ուշադիր լինես:
երազանքի  ուժը
Ես վստահ եմ, որ երազանքը միակ ուժն է աշխարհում, որը բերում է նրան, ինչ մարդը ուզում է: Ով ինչի մասին իսկապես երազում է ամեն օր, ամեն րոպե և քայլեր է անում`դրան հասնում է:  Պետք է լավ մտածել և չսխալվել` երազելիս: Եթե գտել ես երազանքդ, կհասնես դրան:
Երազանքի հասնել կարող եք շատ պարզ քայլերով: Ես զարմանում եմ՝ ինչու են մարդիկ զարմանում, թե ինչպես են մնացածը հասնում:  Երբ ես 15 տարեկան էի, մի գիրք կարդացի հաջողակ մարդկանց մասին: Այդ ժամանակ ապրում էինք Երևանի ծայրամասում, շատ վատ ֆինանսական վիճակում էինք, հայրս մահացել էր, միայն մայրս էր ընտանիքը պահում: Մութ, ցուրտ, աշխարհի ծայրը, փոքր սենյակ: Այդ ժամանակ գրքեր էի կարդում, օրինակ` Ford մեքենաշինական ընկերության մասին, ու մտածում էի, որ պետք է դառնամ ավտոարտադրող խոշոր ընկերության գլխավոր տնօրեն: Դրա համար պետք էր քայլեր անել: Պլանարոցի քայլերս՝ պետք է ստանալ լավագույն կրթությունը. դա կստանամ Հարվարդում: Հարվարդ ընդուվելու համար պետք է փող, ուղեղ և գտվել ԱՄՆ-ում : Գումար չկա, պետք է աշխատել, հետո պետք է գնալ Ամերիկա: Ամերիկայում հայտնվելու համար պետք է իմանալ անգլերեն: Եթե անընդհատ մտածես, որ պետք է դառնաս x ընկերության գլխավոր տնօրենը, ապա կնայես միայն առաջ, ոտքիդ տակ չես տեսնի: Եթե պետք է սար բարձրանաս, ոտքիդ տակ պետք է նայես: Անընդհատ գագաթին նայես` կընկնես, և տեղ չես հասնի: Պետք է անես քայլ-քայլի հետևից, գիտենաս` գագաթը որն է, և քայլես դեպի գագաթը:
Երբ ստացա դրամաշնորհը և արդեն կարող էի Հարվարդում սովորել, գնացի Ամերիկա: Երբ ամեն ինչը կար, ես հասկացա, որ ես այն մարդն եմ, որն ուզում է ապրել հարազատների կողքին: Երբ զգացի ցանկությունս, պարզվեց, որ երազանքս դա չէր: Իմ երազանքը իրականում ապրելն էր հարազատների, բարեկամների կողքին, ունենալ այնքան հնարավորություն, որ պատասխանատվություն կրեմ իրենց համար:



Կարդացեք նաև.



ընկերների սահմանը
Իրական ընկերոջդ ամեն ինչ վստահում ես: Մի բան չվստահես` ճեղքում ես ընկերության սահմանը: Մինչև վերջ վստահելը պարտադիր է, հակառակ դեպքում կլինի «ընկերանման»: Այդպիսի շատ ընկերներ ունենք: Վիրտուալ աշխարհում ասում ենք, որ ունենք՝ ենթադրենք՝ 100 ընկեր, իրականում 3, 4-ն են: Բաներ կան, որ չես պատմի ընկերոջդ, բայց ամեն հարցում պետք է վստահես նրան:  
ընթերցանության հաճույքը
Էլեկտրոնային սարքերը չեն տալիս այն հաճույքը, ինչը ստանում ենք գրքից: Գիրքը հանգստացնում է, բայց ցավոք այնքան չենք կարդում, որքան պետք է: Ժամանակի խնդիրը չէ: Իմ դեպքում կազմակերպվածության խնդիրն է:
Ցավոք, գեղարվեստական գրքեր չեմ կարդում: Ես կուզեի ապրել այն կյանքում, երբ մարդը վայելում է կյանքը: Գեղարվեստական գիրք կարդալիս հաճույք ես ստանում: Բայց  եթե այդ մեկ ժամում կարող եմ ինչ-որ բան սովորել կամ կարող եմ հաճույք ստանալ` գրեթե միշտ հաղթում է սովորելը: Ես չեմ ասում, որ դա լավ է, ճիշտ է: Կյանքը նրա համար է, որ մարդը հաճույք ստանա, բայց քանի որ կա պատասխանատվության զգացումը, ավելի շատ ստացվում է, որ տղամարդու կյանքի իմաստը ավելի շատ օգտակար լինելն է:   
Օրինակ` մի գրքում գրված էր, որ ղեկավարները պետք է լինեին շփվող, շատ ընկերներ ունենան և տարբեր շրջապատներում երևան. ես հակառակն եմ՝ սիրում եմ գալ աշխատանքի, հետո տուն գնալ, կամ մեկ ընկերոջ տեսնել: Այդպես ավելի էֆեկտիվ է:
Հիմա տղաս մի գիրք է կարդում. Ռոնալդուի մասին: Այս գիրքը շատ մոտիվացնող է: Նրա կերպարն ինձ դուր չի գալիս, բայց նրա անցած ճանապարհը մոտիվացնող է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում