[Մոնոլոգ] Լիլիթ Բլեյան. «Ամենամեծ դատարկություններից մեկն իրական մարդկանց բացակայությունն է»

[Մոնոլոգ] Լիլիթ Բլեյան. «Ամենամեծ դատարկություններից մեկն իրական մարդկանց բացակայությունն է»

newmag-ը զրուցել է երգչուհի Լիլիթ Բլեյանի հետ: Նա պատմել է ֆիկտիվ ես-ի, իրերի հուշերի և տան պատերի մասին:

ոսկե սկուտեղով

Ես շատ ունակություններ ունեմ, որ տրվել են ինձ, ես հասկանում եմ, որ կարող էին չտրվել, օրինակ այն լեզուները չիմանայի, որոնք սովորել եմ: Երաժշտության հանդեպ սերը չունենայի: Ինձ թվում է՝ այդ ամենը տրվում է: Ես իմ կյանքում շատ ջանք չեմ թափում, որ շատ բան ունենամ: Ես ծնվել եմ տան մեջ, ապրել եմ տանը, ունեցել եմ մարդկային ջերմության զգացումը:

Ծնողներիցս շատ բան է ինձ տրվել: Մեծ նվերներով եմ եկել աշխարհ:

Ամեն ինչին, ինչ ունեմ` նայում եմ որպես հումքի. ունեմ և օգտագործում եմ: Ես չեմ ուրախանում, երբ ստանում եմ պատրաստի: Այն ժամանակ եմ ուրախ, երբ ունեմ հումքը և կարող եմ աշխատել ու ստեղծել իմը:

Իմ ամենամեծ կոմպլեքսը եղել է այն, որ ես ինչ-որ բան չեմ ստեղծում: Ես ուրախանում եմ, երբ ինչ-որ բան անելու հնարավորություն ունեմ:

Նույնիսկ երեխան, երբ ծնվում է քեզնից, պատրաստի չի տրվում ոսկե սկուտեղի վրա, դու էլի աշխատում ես, որ ինքը հասկանա՝ ինչ աշխարհ է եկել: Ամեն ինչ աշխատանք է, և դա էլ ամենասիրուն բաներից մեկն է, որ մարդը կաշխատի և իր ձեռքերով և մտքերով կստեղծի այն ամենը, ինչ կցանկանա:

խոսքի տոնայնությունը

Ես սիրում եմ, որ մադիկ հարգում են իրար: Դե, իհարկե, բոլորին չես կարող սիրել, բայց պետք է հարգես, անկախ ամեն ինչից: Ես «ատել» բառը երբեք չեմ օգտագործում, դա ամենավատ հայհոյանքն է: Ես իմ կյանքի ընթացքում հասկացել եմ, որ մարդը գիտակցելով չի կարող վատ բան անել: Եթե անում է, ապա իր արածը չի հասկանում:

Ես կնեղանամ այն քիչ մարդկանցից, որոնց համարում եմ մտերիմ: Մնացած դեպքում  կհասկանամ իրավիճակը, հետո կսահմանափակեմ շփումը: Ես բոլոր հանգամանքները կհասկանամ, եթե այդ մարդը կարևոր է ինձ համար:

Անձնական տարածք պետք է լինի, նույնիսկ ամուսինների մոտ, ծնողի ու երեխայի մոտ: Լուրջ պատմություն սարքել, նեղանալ չի լինի նախադասության տոնից:

Հարազատ մարդու կոպիտ տոնի դեպքում պատճառ կա. ես կփորձեմ եզրակացություն անելուց առաջ հասկանալ: Վերջին շրջանում ուղիղ եմ դարձել. հարցեր կտամ, կհասկանամ իրավիճակը:

իրերի հուշը

Իրերն ինձ համար կարևոր են այնքան, որքան կապվում են մարդկանց հետ, իրադարձությունների հետ: Եթե տեղի է ունեցել իրադարձություն, որը կապված է սիրելի մարդկանց հետ, ապա իրերն էլ են դառնում կարևոր:

Տարիքի հետ է, երևի, մանրուքները ավելի շատ են գրավում: Ինչպես իմ երգերն են փոքր, այդպես էլ ցանկացած փոքր դետալ, շարժում կարող է դառնալ հետաքքիր սկիզբ: Եթե նկարել իմանայի, դետալներ կնկարեի:

Այն իրերը, որոնք մեզ տանում են մտքերի և մարդկանց հետևից, հետաքրքիր են:

Իրերը նյութակական կյանքի բաղկացուցիչ մաս են, ինձ հետաքրքիր են միայն որպես կիրառական արժեք: Հանգիստ կարող եմ ապրել առանց իրերի:

Ծաղկի հոտ կա, որ փորձում եմ հասկանալ` որտեղի՞ց է գալիս: Մանկությունից է, բայց թե որտեղից` չեմ հասկանում: Այդ ծաղիկը դարձել է կարևոր մի բան, քանի որ ինձ կապում է հեռավոր դրվագի հետ:


Կարդացեք նաև.


տան պատերը

Հիմա ապրում եմ այն տանը, որը ես եմ կահավորել: Տունը ինձ նման է: Իմ հայրական տանը երկու պատուհանագոգ կա. մեկն իմ մահճակալի մոտ է, որտեղ սովորաբար դրվում էր իմ մոմակալը: Այդտեղ իմ ընթերցանության տեղն էր: Մյուս պատուհանագոգը նայում էր մի ծառի. այնտեղ սիրում էի նստել, մտածել: Ամենաշատը դա եմ կարոտում:

Ես չեմ պատմում այն իրերի մասին, որոնք ինձ կապում են իմ կյանքի կարևոր իրադարձությոնների և մարդկանց հետ: Դրանք փոքրիկ դետալներ են, որոնք թաքուն են մնում:

ֆիկտիվ ես-ը

Օգտակար կլիներ, որ հանրային դեմքը «ֆիկտիվ  ես» ունենար: Իմ թերություններից մեկը դա է. չեմ կարող ներկայանալ այնպես, ինչպես չկամ: Լավագույն դեպքում կարող եմ լռել: Բայց ներկայացում սարքել չեմ կարող:

Ամենամեծ դատարկություններից մեկն իրական մարդկանց բացակայությունն է: Սոցցանցերում կարդում ես մի բան, տեսնում ես մի բան: Դա մեր կյանքը անհամացնում է: Վախերն են ստիպում այդպես անել: Ցանկացած մարդ իր վախերի գերին է. չսիրվելու վախի, ճիշտ կամ սխալ հասկացվելու վախի:

Ինձ հետաքրքիր է այն, ինչ կա: Մարդը շատ հետաքրքիր է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք