Հմտություններ, որոնք պարտադիր են 18-ը լրանալիս
Խոսել անծանոթների հետ
Երեխաների անվտանգությամբ տարված մոլի ծնողներն այնքան են իրենց երեխաների ուղեղը լցնում անծանոթների հետ խոսելու արգելքով, որ դա դրոշմվում է նրանց ուղեղում ամբողջ կյանքում: Արդյունքում շատ են մորուքով կարմրաթուշ մեծահասակները, որոնք նույնիսկ ի վիճակի չեն անծանոթից ճանապարհ հարցնել, սուրճ պատվիրել կամ բժշկի մոտ հերթագրվել:
Ի՞նչ անեն ծնողները
Համատարած արգելքի փոխարեն պետք է սովորեցնել երեխային տարբերակել լավ և վատ մարդկանց, անվտանգ իրավիճակները վտանգավորից:
Չմոլորվել
Երեխայի ձեռքից բռնած նրան կարելի է ուղեկցել ամենուրեք մինչև որոշակի տարիք: Եթե ժամանակին կանգ չառնեք, կարող եք նրանից ծրագրավորված ռոբոտ ստանալ, որը կարողանում է շարժվել միայն նախապես հայտնի և մայրիկի կողմից հաստատված երթուղով:
Ի՞նչ անեն ծնողները
Ավելի շատ անկախություն տվեք նրան տեղաշարժվելիս: Միայն այդպես է հնարավոր գլուխ հանել հանրային տրանսպորտի թնջուկից, տեղ հասնել և չվախենալ մոլորվել:
Կառավարել խնդիրները, ծրագրերն ու ժամանակը
Ծնողները նրա համար են, որ անընդհատ «զզվացնեն»՝ հիշեցնելով տնային աշխատանքի մասին, պարապմունքների, քնելու: Հենց այդպես են մտածում շատ դեռահասներ և դրա համար նրանք ունեն բոլոր հիմքերը:
Ի՞նչ անեն ծնողները
Ի վերջո, գալիս է ժամանակը, երբ երեխաներին պետք է հնարավորություն տալ ինքնուրույն կողմնորոշվել և որոշել առաջնահերթությունները, պլանավորել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, սահմանել ժամկետներ և հետևել դրանց:
Տնային գործեր անել
Երիտասարդ տարիքում այնքան էլ հակված չես զբաղվել տնային՝ ձանձրալի թվացող գործերով: Ծնողներն էլ չեն ուզում երեխաներին «զրկել մանկությունից»: Արդյունքում մեծանում են մարդիկ, որոնք ունակ չեն նույնիսկ իրենց մասին հոգ տանել:
Ի՞նչ անեն ծնողները
Տնային գործերին համատեղ մասնակցությունից սահուն անցում ապահովել ինքնասպասարկման՝ ներառյալ մաքրություն, լվացք, ճաշ և նման հմտություններ, որոնք կյանքում միշտ էլ պետք կգան:
Լուծել միջանձնային խնդիրները
Եթե ծնողները հաճախ են խառնվում երեխայի անձնական կյանքին ու կոլեկտիվում՝ նրա հարաբերություններին, երեխան այդպես էլ չի սովորի ինքնուրույն գլուխ հանել իր խնդիրներից, հաղթահարել անհաջողությունը և լուծել կոնֆլիկտը:
Ի՞նչ անեն ծնողները
Պետք չէ առաջին իսկ կանչի դեպքում վազել, որպեսզի լուծեք երեխայի խնդիրները՝ նրան նեղացնողների հետ և ուսման պրոցեսում: Շանս տվեք՝ ինքնուրույն գլուխ հանել: Օգնեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Կառավարել ծանրաբեռնվածությունը
Կյանքն ամենևին էլ ուղիղ ու հարթ ճանապարհ չէ: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է պատրաստ լինի կոշտ մրցակցության, էքստրեմալ ծանրաբեռնվածության և անսիրտ տնօրենի:
Ի՞նչ անեն ծնողները
Մի խառնվեք, երբ երեխայի համար դժվար է, անգամ եթե շատ դժվար է: Խառնվեք միայն, երբ անհնար է:
Կարդացեք նաև.
- Մենակ մնալու արվեստը. ինչպե՞ս հանգստանալ և վերազինվել
- Իդեալական աշխատավայրի չեք-լիստ․ ի՞նչն է ազդում արդյունավետության վրա
- Ինչո՞ւ պետք է առաջին հերթին ձեր մասին հոգ տանեք, հետո միայն մյուսների
Փող աշխատել և ծախսել
Ուզենք, թե ոչ, համաձայնենք, թե ոչ, փողը մեր կյանքի հիմքերից է: Որքան շուտ այդ ինֆորմացիան փոխանցեք երեխային, այնքան լավ: Պետք է վաղ հասակից նրան սովորեցնել, որ ամեն ինչ ոչ միայն արժեք ունի, այլև գին, որն էլ պետք է վճարել:
Ի՞նչ անեն ծնողները
Երեխային գրպանի փող տվեք, որը կծախսի իր հայեցողությամբ: Ամեն շաբաթ կամ ամիս որոշակի գումարի տրամադրումն ավելի լավ է, քան ֆինանսների կառավարման մասին դասախոսությունները: Այդպես նա կսովորի թե՛ ծախսել, թե՛ խնայել, թե՛ գումար հավաքել:
Որոշում կայացնել
Երբ ծնողները ստանձնում են «հովվի» դերը, զարմանալի չէ, որ նրանց երեխաներն աստիճանաբար վերածվում են «ոչխարի»: Այո, նրանց հեշտ է կառավարել, բայց առանձին-առանձին նրանք շատ խոցելի են, հետևաբար նախընտրում են միշտ «հոտի» մաս կազմել: Դուք դա՞ եք ցանկանում:
Ի՞նչ անեն ծնողները
Սովորեցրեք երեխային մարդ լինել և ինքնուրույն որոշում կայացնել: Թող նա ինքնուրույն ընտրի հագուստը, ուտելիքը, ընկերներին և շատ այլ բաներ, որոնք ձևավորում են անհատին: Երբ մարդը սովորում է որոշում կայացնել մանրուքների դեպքում, ինքնուրույն կլինի նաև լուրջ հարցերում:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։