JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչո՞ւ են երիտասարդները գերդյուրագրգիռ դարձել. պատ

Ինչո՞ւ են երիտասարդները գերդյուրագրգիռ դարձել. պատճառը փնտրել սոցցանցերում

Վերջերս որդիս Յութուբով ինչ-որ կատակներ էր նայում, կատակներ, որոնք, խոստովանում եմ, ինձ այդքան էլ դուր չեն գալիս: Դրանք կոչվում են prank-ներ: Հերոսը սևամորթ տղա է: Ու ես որոշեցի իմ դիրքորոշումը հայտնել ու ահա թե ինչ պատասխան ստացա.
«Are You racist, mom?».
Մեղադրական հարցադրումն ինձ համար զարմանալի էր (ես ու ռասիսզմը` դրանք սար ու ձորի տարբերություն են, էն էլ` Հայաստանում, էն էլ` սովետական կրթություն ստացածս): Բայց ավելի շատ ինձ զարմացրեց նրա «էմոցիոնալ բողոքող» վերաբերմունքը: Որտեղի՞ց է գալիս գերնրբանկատությունը:
Ես սկսեցի փորփրել մասնագիտական գրականությունը` վարքագծին վերաբերող հարցերի պատասխանը ստանալու համար: Եվ ահա թե ինչ «արդյունք» տվեցին իմ պրպտումները (ի դեպ, նշեմ, որ որդիս այն տարիքում է, որ արդեն կարող է իր էջն ունենալ սոցիալական ցանցերում):
Վերջին շրջանում ամերիկացի ուսանողները դարձել են մշտապես դժգոհող, բողոքող և ինչ որ բան արգելելու պահանջ ներկայացնողներ` նշում են ամերիկացի հոգեբանները: Սա, բնականաբար, անհասկանալի է, հատկապես խոսքի, մտքի ու խղճի ազատության բնօրրան համարվող Ամերիայի Միացյալ Նահանգերում: Այնպես որ, ԱՄՆ կրթական համակարգում ինչ-որ բան այնպես չէ, խաթարվել է, գլխիվայր շրջվել:

Նոր շարժում` ԱՄՆ համալսարաններում


The Atlantic-ը գրում է, որ Ամերիկյան համալսարաններում նոր շարժում է ձևավորվում, որի նպատակն է դասախոսությունների ժամանակ բացառել այն խոսքը, միտքը, եզրակացությունը, բանավեճը, որը ենթադրաբար կարող է վիրավորել ներկաներին: Ամենաաննշան հարցը, ամենաանմեղ կարծիքը կարող է ընկալվել վիրավորանք ու վերջ՝ դու համարվում ես դիմացինին էմոցիոնալ սթրեսի մեջ գցող. եթե դասախոս ես, կարող ես զրկվել աշխատանքից, եթե ուսանող` կարժանանաս բոլորի արհամարհանքին:
Բերեմ մի քանի օրինակ, որ ավելի հստակ պատկերացում կազմեք: Եթե ասիական կամ լատինամերիկյան արտաքինով ուսանողին հարցնես «որտե՞ղ ես ծնվել», դա կարող է ընկալվել, որ դու մտադրված ուզում ես նրան հիշեցնել իր արմատների մասին, ենթատեքստով ասել, որ նա իսկական ԱՄՆ քաղաքացի չէ: Աստված չանի, որ լսեն «դու մաթեմատիկայից գլուխ չես հանում» արտահայտությունը: Անգամ կհամարվես ռասիստ, եթե արտաբերես «ռասա» բառը: Վիրավորական արտահայտություններ են նաև «Ամերիկան հնարավորությունների երկիր է», «կարծում եմ՝ աշխատանքը պետք է ստանա բարձր որակավորում ունեցողը»: Ընդամենը պետք է բողոքել համալսարանի տնօրինությանը, ու կարող է հետաքննություն սկսվել: Նոր կանոնները քիչ-քիչ վերածվում են նորմերի ու շատ մոտ ապագայում գուցե նաև օրենքի ուժ ստատան:

Որտեղի՞ց է գալիս գերնրբանկատությունը


30-ականների սերունդը մեծացավ անվտանգ Ամերիկայում: Երեխանները դասերից հետո խաղում էին բակում, կռիվների մեջ ընկնում, փողոցի անկյունում «հաշիվներ մաքրում»: Ի դեպ, կռիվների մեջ ընկնելը համարվում էր «փորձ ձեռք բերել` դեպի մեծ կյանք տանող ճանապարհին»: Սակայն 60-ականներից սկսած Ամերիկայում գրանցվեց հանցագործությունների աճ, և 80-90-ականներին ծնողներն սկսեցին խիստ ուշադիր լինել իրենց երեխաների անվտանգության հարցում: Հենց այդ շրջանի սերունդն է, որ միշտ լսել է՝ կյանքը լի է վտանգներով, մեծերը պարտավոր են պաշտպանել ձեզ, ուշադի՛ր եղեք:  Հենց այդ 80-90-ականների սերունդը դարձավ «տան գերի», հենց այդ սերունդն է, որ տանը գամվելով՝ ընկղմվեց համակարգչային խաղերի մեջ, հենց այդ սերունդն է, որ դարձավ սոցցանցերի հիմնադիր ու ակտիվ օգտատեր:





Facebook-ը բացվեց 2004-ին, և 13 տարեկանից բարձրերին 2 տարի անց թույլատրվեց գրանցվել սոցկայքում: Սա նշանակում է, որ այսօրվա բուհում հայտնվել է սոցցանցերո՛ւմ դաստիարակություն ստացած անձը: Սոցցանցերի առաջին «բնակիչներն» իրենց ծնողներից տարբերվում են նրանով, թե ինչպես են օգտագործում բարոյական արժեքները և ինչպես են միմյանց աջակցում գաղափարական կոնֆլիկտի ժամանակ: Սոցցանցերով դաստիարակվող  երիտասարդները հետևում են նորություններին, շփվում միմյանց հետ, ավելի շատ են փորձում օգնել հասարակությանը, քան նրանց ծնողները, որոնք դաստիարակվել են հեռուստատեսությամբ:

Էմոցիաները բուհերում


Վերջին տասնամյակում հոգեկան հիվանդությունները երիտասարդացել են: Փորձագետների կարծիքով՝ պատճառները պետք է փնտրել ժամանակակից միջավայրում: Հուզականությունը սողոսկել է նաև բուհեր, բուն դրել կրթված երիտասարդության մտածելակերպում: American College Counseling Association-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսանողների հոգեկան անհավասարակշռությունը, խոցելիությունը մեծանում է: Դեպրեսիվները 5 տարի առաջ մոտ 50 տոկոս էին, մինչդեռ  հիմա 55 տոկոսն անցել են: Ու այն, ինչ տեղի է ունենում բուհերում, կրթական համակարգում, ամենևին էլ չի նպաստում առողջ սերունդ դաստիարակելուն:
Փենսիլվանիայի համալսարանի հրեական ծագումով ուսանողին 1993 թվականին մեղադրեցին ռասիստական մտքեր արտահայտելու մեջ: Ի՞նչ էր տեղի ունեցել. նա իր պատուհանի տակ գիշերն աղմկող աղջիկների անվանել էր «գոմեշներ»: Պարզվել էր՝ աղջիկներն ունեն աֆրոամերիկյան ծագում, միայն դա բավարար էր` երիտասարդին ռասիզմի մեջ մեղադրելու համար: Որևէ մեկին չէր էլ հետաքրքրել, որ հրեաները սովորություն ունեն գոմեշ կոչել աղմկոտ հիմարներին, և երիտասարդն ամենևին էլ ռասայական մղումով չէր նրանց վիրավորել: Ու եթե հրեա ուսանողն օգտագործեր «հիմար» բառը, սևամորթ  աֆրոամերիկացիները չէին վիրավորվի:
Մինեսոտայի համալսարանում նախատեսված Hump Day-ը չեղյալ էր հայտարարվել: Պատճառն այն է, որ ուղտ էր բերվելու համալսարան: 2016-ին Facebook-ում ստեղծվեց խումբ, որը դեմ դուրս եկավ այդ նախաձեռնությանը: Նրանք վստահ էին, որ այդ քայլով ակնարկ է արվում Մերձավոր Արևելքի բնակիչներին:
Սոցցանցերում ուսանողների կազմակերպած «խաչակրաց արշավանքներն» իսկական մղձավանջ են դարձել դասախոսների համար. մի սխալ խոսք` և նրանք դառնում են ֆեյսբուքյան թիրախ:  Նյու Յորքի մի քոլեջում միկրոագրեսիայի դեպքերը բացահայտելու համար ուսանողական խորհուրդն այս մարտին առաջարկեց ընդունել անանուն նամակներ: Միկրոագրեսիայի դեմ պայքարն այնքան խորացավ երկրում, որ ուսանողները պահանջեցին դասախոսներից լսարանում չարտաբերել «սեռական ոտնձգություն» բառը, անգամ շրջանցել «սեռական ոտնձգության» մասին հոդվածներին: Պատճառաբանությունը մեկն էր՝ լսարանում կարող են լինել այնպիսի ուսանողներ, որոնք ենթարկվել են բռնության, նրանց համար ցավալի կլինի վերապրել նույն հոգեվիճակը: Արդյունքում, Արդարադատության և կրթության նախարարությունը որոշեց ընդլայնել «սեռական ոտնձգություն» հասկացությունը՝ նշելով, որ բանավոր խոսքում այն կարող է «անցանկալի» լինել: Սա նշանակում է, որ հուզական ընկալումը դառնում է հավաստի ապացույց:

Forbidden. Միկրոագրեսիայի իրական զոհերը


Microaggression և trigger warning. այս երկու բառերը դարձել են ամենաօգտագործվողը: Արգելվում է ասել այնպիսի բառեր, որոնք կարող են հուզել մարդուն: Կատակելը, հումոր անելը, սեփական  կարծիքը հայտնելը կամ դատողություններ անելն անցանկալի են: Սա նշանակում է, որ մինչև «լեզվին տալը», բառ արտաբերելը պետք է մի լավ մտածել, այլապես կարող ես հայտնվել միկրոագրեսիա առաջացնողների ցանկում:
Ամերիկացի ուսանողների դժգոհությունը, բողոքն ու պահանջը հակառակ էֆեկտն է տվել: Երիտասարդներին բառերից, գաղափարներից ու մարդկանցից պաշտպանելու փորձերն իրականում վնասում են ամերիկյան գերկիրթ հասարակության ապագան, վնաս են հասցնում ամերիկյան ժողովրդավարությանը և վտանգում են խոսքի ազատությունը: ԱՄՆ կրթված քաղաքացին` դուրս գալով համալսարանից, միևնույն է, բախվելու է իր համար անցանկալի խոսքի, մտքի, դատողության հետ: Բախվելու է ոչ միայն իր երկրում, այլ երկրից դուրս: Ու այդ ժամանակ փոխադարձ հարգանքի, բանակցությունների կամ փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող:  Ու այդ ժամանակ ֆեյսբուքյան «խաչակրաց արշավանքներն» էլ չեն փրկի:
Գուցե սեփական քաղաքացիներին միկրոագրեսիվ բառերից ու արտահայտություններից պաշտպանելու փոխարեն, սովորեցնել բազում մտքերի ու կարծիքների աշխարհում ճի՞շտ ապրել: Սովորեցնել ազատ խոսքի ու բարիդրացիական հարաբերությունների միջև բալանսը գտնել: Թե չէ, էլ ուր մնաց ամերիկյան ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը: Թե չէ, իսկապես կմտածենք, որ ԱՄՆ կրթական համակարգում ինչ-որ բան գլխիվայր է շրջվել:
P.S
Մեզ մոտ այս իրավիճակը դեռ բուհեր չի հասել, դասախոսները դեռ չեն բախվել միկրոագրեսիայից իրենց պաշտպանել պահանջող ուսանողներին: Հավանաբար պատճառն այն է, որ սոցցանցում զուգահեռաբար կրթված ու դաստիարակված մեր սերունդը դեռ բուհ չի մտել: Նրանք առայժմ դպրոցներում են, աշակերտական նստարաններին նստած ու իրենց պահանջները ներկայացնում են ուսուցիչներին:  Այն ուսուցիչներին, ովքեր անորոշության մեջ են` որտեղից է գալիս երեխաների գերնրբանկատ լինելու պահանջը:

Տարածել