Ամունդի-Ակբայի 10-ամյակին տեղի ունեցավ «Նոր սերնդի թոշակառուները» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
10/04/2024
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում տոնում է իր գործունեության 10-ամյակը։ Այդ առիթով newmag-ը հրատարակել է գիրք, որը ներկայացնում է մեկ տասնամյակ ձգվող համակարգի ձևավորման պատմությունը։
Այդ տասը տարիների ընթացքում Ամունդի-Ակբան բազմաթիվ մարտահրավերներ է հաղթահարել՝ Հայաստանի ակտիվների կառավարման ոլորտի թափանցիկությունն ու զարգացումը խթանելու ուղղությամբ։
10-ամյա գործունեության համագումարը՝ վառ, տպավորիչ դրվագներով, կենսաթոշակային համակարգի հայկական մոդելի ներդրման մանրամասները տեղ են գտել Նանե Մանուկյանի գրքում։ Կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծման, գործարկման և զարգացման տարբեր փուլերում առանցքային ներդրում ունեցած գործիչները բացահայտում են ռեֆորմի հետնաբեմը, քննարկում համակարգի կենսունակությունն ապահովող գործոնները, գնահատում գրանցած արդյունքները և ուրվագծում ապագայի մտապատկերը:
Ըստ հեղինակի, գրելու ընթացքում հասկացել է, որ ինֆորմացիան ու պատմությունները նույնիսկ միքանի գրքի ու մի քանի ֆիլմի դեռ կբավականացնի.
«Այդ առումով, կարծում եմ, որ գրքի որոշ դրվագներ կզարմացնեն անգամ այն գործիչներին, որոնք գործընթացի մաս են կազմել։ Այս միտքը գրքում էլ կա՝ բազմազավակ հայրեր շատ կան, բայց այս համակարգը բազմաթիվ հայրեր ունեցող զավակ է։ Ու մի կարևոր նկատառում՝ այս մարդիկ ռեֆորմին հայրություն են անում ոչ միայն և ոչ այնքան հաջողությունների ժամանակ, որքան ճգնաժամային իրավիճակների։ Հետևաբար, մեր նպատակն էր, որ հենց իրենք, իրե՛նց ձևակերպումներով պատմեն իրե՛նց ստեղծածի մասին»։
«Նոր սերնդի թոշակառուները» գրքի գլխավոր գործընկերը Amundi-Acba Asset Management-ն է։ Մարքեթինգային հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանի խոսքով, Ամունդի-Ակբան հիմնադրման հենց սկզբից որդեգրել է մայր ընկերության արժեքները։ Ֆրանսիական Ամունդին իր համար նախանշել է աշխատանքային 4 առանցքային սկզբունք՝կրթություն, մշակույթ, համերաշխություն և շրջակա միջավայր.
«Ամունդի Ակբա բրենդը սկիզբ է առել կուտակային համակարգի ներդրման հետ միաժամանակ։ Այս բրենդի արքետիպում հոգատարությունն է, հոգատար մարդու վարվերլակերպը։ կուտակային կենսաթոշակային համակարգը, լայնամասշտաբ սոցիալական ռեֆորմ լինելուց զատ, նույնպես հոգատարության մասին է։ Եվ երբ մենք քննարկում էինք մեր տասնամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, թիմը որոշում կայացրեց, որ պետք է հանրայնացնել մեր բրենդի ու կենասաթոշակային համակարգի ստեղծման պատմությունը»։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ու Newmag-ը վերջին հինգ տարիներին մեծ տեմով գործակցում են։ Համատեղ ներկայացրել են «Ազնավուր» մատենաշարը, որն ընդգրկում է 10 գիրք։ Հայաֆիկացվել է շանսոնյեի գրական ամբողջ ժառանգությունը, հատուկ թողարկմամբ լույս է տեսել նաև արձակ ու պոեզիա գործերի երկհատորյակը և հայաֆիկացվել է հայտնի երգերից, որոնք Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի, շնորհիվ ունեն նոր գործիքավորում ու տեսահոլովակ։
Ըստ հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի, Ամունդի-Ակբան քիչ գործընկերներից է, որի հետ երկարամյա գործակցությունն անցել է ջերմ ու առնաց խոչընդոտի.
«Այս գիրքը մեր գլխավոր փորձերից է՝ վավերագրելու Հայաստանի ժամանակակից պատմությունը։ Սա կարևոր գիրք է newmag-ի համար, քանի որ հրատարակչությունը ստեղծել է գիրքն ամբողջությամբ՝ գաղափարից մինչև տպագրություն»։
«Նոր սերնդի թոշակառուները» գիրքը լույս է տեսել երկու լեզվով՝ հայերեն ու անգլերեն։
Կարդացեք նաև
Նանե Մանուկյան
2900 ֏
Նկարագրություն
Կուտակային կենսաթոշակային համակարգի հայկական մոդելը ձեւավորվեց, թրծվեց և կայացավ երկու տասնամյակ անընդմեջ: Միջազգային փորձի ուսումնասիրությունից մինչև հայկական մոդելի ձեւավորում, օրենսդրական փաթեթի մշակումից մինչև բանակցություններ միջազգային համբավ ունեցող ֆոնդերի կառավարիչների հետ, հանրային ընդվզումից մինչև սահմանադրական ճգնաժամ. կենսաթոշակային մեծածավալ բարեփոխման ամբողջական քրոնիկոնն ամփոփված է մեկ գրքում: Երեք տասնյակից ավելի բացառիկ հարցազրույցներով հագեցած գիրքը ներկայացնում է չոր թվերից այն կողմ մնացած իրականությունը, փակ դռների հետևում կայացած բանակցությունները, մերժումների ու հաջողությունների իրարահաջորդ շրջափուլերը և շատ ավելին:
Կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծման, գործարկման և զարգացման տարբեր փուլերում առանցքային ներդրում ունեցած գործիչները բացահայտում են ռեֆորմի հետնաբեմը, քննարկում համակարգի կենսունակությունն ապահովող գործոնները, գնահատում գրանցած արդյունքները և ուրվագծում ապագայի մտապատկերը: Գրքի գլխավոր գործընկեր՝ Amundi-Acba Asset Management։