Տեղի ունեցավ «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
12/05/2024
Newmag հրատարակչությունը հրատարակել է հայ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի մասին առաջին անգլալեզու գիտական ուսումնասիրությունը։ Գիրքը հրատարակվել է անգլերեն, կոչվում է «An Armenian Beat in Soviet Time»` «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը»: Հեղինակը ջութակահար Նունե Մելիքյանն է, որը հատուկ գրքի շնորհանդեսի համար եկել է Միացյալ նահանգներից։
«Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գրքի նախաբանը գրել է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը։ Նա կարծում է, որ գիտական ուսումնասիրության գլխավոր առավելությունն այն է, որ լույս է տեսել անգլերենով, ու աշխարհին ներկայացնում է հայ երաժշտական արվեստն ու երաժշտությունը.
«Շատ կարևոր է, որ առաջին անգամ անգլերենով ներկայացվում է հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործական ուղին։ Գրքի հեղինակը՝ Նունե Մելիքյանը, հայ դասական ու ժամանակակից երաժշտության հանրահռչակման հարցում մեծ դեր ունի։ Մեր արվեստի միջազգայնացումը շատ կարևոր է, գիտական, երաժշտական հասարակությունը պետք է ճանաչի հայ երաժիշտներին»։
Աննա Ասատրյանն ասում է, որ բաբաջանյական ստեղծագործության լայն տարածումը շատ կարևոր է, քանի ու կոմպոզիտորը մեր երաժշտության ականավոր ներկայացուցիչներից է, բացառիկ ստեղծագործող, որի երաժշտության մեջ էստրադան ու դասականը զուգորդվել են.
«Բաբաջանյանն այն բացառիկ կոմպոզիտորներից է, որի յուրաքանչյուր ստեղծագործություն շեդեվր է։ Նա երկար չի ստեղծագործել, քանի որ բավականին երիտասարդ է մահացել, բայց բոլոր ստեղծագործությունները ստացել են ԽՍՀՄ բարձրագույն մրցանակներ։ Նրա ամենահայտնի էստրադային երգերից մեկը «Երևանի սիրուն աղջիկ» երգն է։ Բայց Բաբաջանյանը մեծ երաժիշտ էր նաև դասական երաժշտության ասպարեզում»։
Նունե Մելիքյանն Առնո Բաբաջանյան ֆոնդի Հյուսիսային Ամերիկայի մասնաճյուղերից մեկի ղեկավարն է, հետազոտել է նրա արխիվը, գրքում ներկայացրել բացառիկ ու դեռ երբեք չհրապարակված լուսանկարներ, նամակներ, փաստեր։ Մելիքյանը պատմել է, թե ինչու է ընտրել հենց Բաբաջանյանի ստեղծագործական ուղին բացահայտելու գործը.
«Շատ եմ սիրում Բաբաջանյանի երաժշտությունը։ Առաջին կատարումը, որ լսել եմ քրոջս կատարմամբ էր։ Նա դաշնամուրի վրա կատարում էր «Վաղարշապատի պարը», այդ օրվանից դա իմ ամենասիրելի ստեղծագործություններից է։ Որոշեցի գրել իմ դոկտորականը Բաբաջանյանի մասին։ Անգլերեն որևէ նման աշխատություն չկար։
Բաբաջանյանը մեծ կոմպոզիտոր է, լավագույն երաժիշտներից է։ Դրա համար էլ որոշեցի, որ գիրքը պետք է լինի հատկապես օտար ընթերցողների ու մասնագետների համար։ Գրքի շապիկին կտեսնեք բացառիկ լուսանկարներ, որտեղ Բաբաջանյանը Շոստակովիչի, Սարոյանի հետ է։ Այդ լուսանկարների մեծ մասն ինձ տվել է Արա Բաբաջանյանը՝ Առնո Բաբաջանյանի որդին»։
Նունե Մելիքյանը գրքում հետաքրքիր դրվագներ է ներկայացրել ոչ միայն կոմպոզիտորի մասնագիտական, երաժշտական, այլ նաև անձնական կյանքից։ Փաստերի մի մասը գիտական շրջանակներում հրապարակվում են առաջին անգամ։
Կարդացեք նաև
Նունե Մելիքյան
6800 ֏
Նկարագրություն
Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականին՝ Երևանում։ Նա համարվում է Խորհրդային Միության ամենաազդեցիկ երաժշտական ֆիգուրներից մեկը։ Չնայած խորհրդային երաժշտական ասպարեզում ստեղծագործելու սահմանափակումներին, Բաբաջանյանի ստեղծագործությունները խորապես ներծծված են յուրօրինակ հայկական ոգով։ Թեև Բաբաջանյանը հայտնի է Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում, նրա երաժշտությունը համեմատաբար անհայտ է մնում արևմտյան աշխարհում: Այս գիրքը նշանավոր կոմպոզիտորի մասին առաջին համապարփակ անգլալեզու ուսումնասիրությունն է, որը նպատակ ունի ծանոթացնել նրա հանճարն ավելի լայն լսարանին: