FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Meduza] Ամենաազդեցիկ կինը. ինչպե՞ս Անգելա Մերկելը

[Meduza] Ամենաազդեցիկ կինը. ինչպե՞ս Անգելա Մերկելը դարձավ Եվրոպայի գլխավոր քաղաքական գործիչը և ի՞նչ է սպառնում նրան

Անգելա Մերկել. Համբուրգում ծնված, Արևելյան Գերմանիայում մեծացած, 64 տարեկան, որից 14 տարին` կանցլերի պաշտոնում: Այդ ընթացքում հասցրել է դառնալ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը, վերջին շրջանում`արևմտյան լիբերալիզմի խորհրդանիշը, որին գլխավորապես սպառնում են նեոաջերն ու պահպանողականները: 



 
2015, սեպտեմբերի 12. շաբաթ երեկոյան Գերմանիայի դաշնային ոստիկանության ղեկավար Դիտեր Ռոմանը իր ենթականերին հրամայում է պատրաստվել Ավստրիայի հետ սահմանը փակելուն: Հարյուրավոր ոստիկաններ և սահմանապահներ այդ օրը գիշերեցին ավտոբուսում` սահմանային կետեր տանող ճանապարհին: Համբուրգում էլ ստեղծեցին ժամանակավոր օդանավակայան. ուղղաթիռները պատրաստ էին հարկ եղած դեպքում ուղղություն վերցնել հարավ: Որպեսզի մամուլում արտահոսք չլինի և Գերմանիա ուղևորվող փախստականների շրջանում խուճապ չառաջանա, ՆԳՆ մամուլի քարտուղարն աննախադեպ որոշում է կայացնում. հավաքում է լրագրողներին, պատմում հրամանի մասին ու խնդրում է լռել:
Շենգենյան համաձայնագիրը չէր ենթադրում Ավստրիայի ու Գերմանիայի միջև սահմանային ոչ մի ստուգում, սակայն Ավստրիան դա խախտելու լուրջ պատճառ ուներ:
Սեպտեմբերյան այդ հանգստյան օրերին երկիրը սպառել էր փախստական ընդունելու ռեսուրսը:
Սահմանը կարող էր փակել միայն նա, ով բացել էր այն` Մերկելը: Սեպտեմբերի 12-ին նա հաղորդագրություն է ստանում իր գլխավոր ընդդիմախոսից` Բավարիայի ղեկավարից, որը դեմ էր սահման բացելուն: «Խնդրում եմ գիտակցել իրավիճակի լրջությունը».- այս բովանդակությամբ նամակից մեկ ժամ անց Մերկելն իր ելույթում հայտնում է, որ «պաշտպանություն կստանա միայն նա, ով դրա կարիքն իսկապես ունի»:
Շաբաթ օրվա երկրորդ կեսին Մերկելն իր աշխատասենյակում հեռախոսային կոնֆերանս հրավիրեց` Գերմանիայի 5 առանցքային գործիչների հետ: Հենց այդտեղ կայացված որոշման արդյունքում էին ոստիկանները շարժվում հարավային սահմանակետեր:
Թվում էր` ամեն ինչ պարզ է, բայց ՆԳ նախարարը կանցլերին մի քանի ժամ խնդրում էր հաստատել սահմանը փակելու հրամանը: Կանցլերը ոչ այո էր ասում, ոչ էլ` ոչ: Միայն հետաքրքրվում էր` կար՞ող է նախարարը երաշխավորել, որ հրամանը չի վիճարկվի դատարանում: Նախարարը չէր կարող երաշխավորել, Մերկելը հետ կանգնեց: Ոստիկանական ավտոբուսները` նույնպես: Սահմանը ևս կես տարի բաց մնաց փախստականների առջև:
Այդ մի քանի ժամը պատմական դարձան գերմանական քաղաքականության մեջ: Մերկելի կուսակցության աղբյուրները տեղի ունեցածը կամ «մթագնում» են անվանում, կամ անսպասելի գթասրտություն, որ դրսևորեց սովորաբար պրագմատիկ կանցլերը: Որոշ լրագրողների կարծիքով էլ այդ պահին Գերմանիայում տեղի ունեցավ քաղաքական կամքի ճգնաժամ: Անգելա Մերկելը ոչ միայն անվճռականություն դրսևորեց, այլև` թուլություն, ինչի արդյունքում մնաց միայնակ` վտանգի տակ դնելով իր հսկայական քաղաքական կապիտալը: Դրանից մեկ ու կես տարի անց այդ վտանգն ավելի ուժգնացավ:

«Չհամբուրվածների ակումբի» աղջիկը


Աշխարհի ամենաազդեցիկ կինն ապրում է չպարտադրող, ուշադրություն չգրավող  բազմաբնակարան շենքում: Անկյունում հերթապահում է երկու ոստիկան. պատահական անցորդին ոչ ոք չի խանգարի սեղմել Անգելա Մերկելի ամուսնու`պրոֆեսոր Յոախիմ Զաուերի անունով զանգի կոճակը:
Դիմացը շինարարական տեխնիկա է աշխատում` թանգարան են վերակառուցում, տարածքը շատ աղմկոտ է և փոշոտ: Այդտեղից մինչև աշխատավայր ոտքով 10 րոպե է: Ավելի մոտ է այն տունը, որտեղ Մերկելն ապրել է 80-ականների սկզբին, երբ դեռ 30 տարեկան էր չկար:
Նրա կյանքի հանգամանքներն այդ ժամանակներից կարծես չեն էլ փոխվել: Բեռլինի նույն շրջանը, գիտնական-ամուսինը` մի ժամանակ ֆիզիկոս, հետո` քիմիկոս, բարդ, ուժասպառ անող աշխատանք փակ հաստատությունում ու տղամարդկանց միջավայրում (այն ժամանակ` Ազգային ակադեմիայում): Այն տարիներին աշխատանքի էր հասնում կես ժամում` էլեկտրագնացքով: Ամեն առավոտ ժամը 7-ին, գնացքի սպասելիս, Մերկելը թերթ էր կարդում: Նախընտրում էր խորհրդային «Պրավդա»-ն:
Մերկելը ծնվել է 1954-ին Արևմտյան Գերմանիայում` Համբուրգում, հոգևորականի և ուսուցչուհու ընտանիքում: Հարևան ԳԴՀ-ում եկեղեցու սպասավորների կարիք կար, և նրանց ընտանիքը փոխում է բնակավայրը:
ԳԴՀ-ում հոգևորական Խորստ Կասները կարողացավ իր կարիերայի ընթացքում կապեր ստեղծել իշխանությունների հետ, որոնք հաջողությամբ կարողացան եկեղեցին օգտագործել որպես նոր պետությունը լեգիտիմացնելու միջոց:
Մերկելի հայրը քննադատորեն էր վերաբերվում ռեժիմին, բայց չէր շտապում վիճել նրանց հետ, և նրա ազատամտությունը ներվում էր:
Ապագա կանցլերը մեծացել է ապահովված, արտոնյալ ընտանիքում, որն ուներ երկու մեքենա և կապիտալիստական երկրներ մեկնելու հնարավորություն: Այդուհանդերձ, դուստրը փոքր-ինչ ամաչում էր հոր մասնագիտության համար: Ավելի ուշ նա «հովիվ» (Pfarrer) բառն այնպես էր արտաբերում, կարծես ասեր «վարորդ» (Fahrer):
Մերկելը լավ էր սովորում, սիրում էր The Beatles, պիոներական կազմակերպության անդամ էր, որտեղ գնահատում էին նրա պատասխանատվությունն ու կազմակերպական ունակությունները: Միակ բանը, որ Մերկելի պատանեկությունից ուշադրություն է գրավում, ռուսերենը գործածելն էր. խորհրդային զինվորների հետ զրույցի էր բռնվում տեղի անտառում:
Համադասարանցիները նրան հեգնանքով անվանում էին «չհամբուրվածների ակումբի անդամ»: Դպրոցից հետո Մերկելն ընդունվում է համալսարան` ֆիզիկայի ֆակուլտետ: Ամուսնանում է ուսանող-ֆիզիկոսի հետ, որի ազգանունը կրում է մինչև օրս: Մերկելը Մերկելի հետ ամուսնալուծվում է 5 տարի անց և 1998-ին նորից ամուսնանում:  Յոախիմ Զաուերի հետ նրանք տարիներով էին հանդիպում, և ամուսնությունն առանց պաշտոնական արարողությունների էր:


Անգելա Մերկելի մասին գրել ենք նաև․



Իշխող կուսակցություն


«Երբ Անգելա Մերկելը չվերընտրվի, ՔԴՄ-ից փլատակներ կմնան»,- կուսակցության նախագահության նախկին անդամ Յորգ Շյոնբոմը դեռ 2012-ին էր զգուշացնում: Կուսակցական կոնսերվատորներն ու հակակոմունիստները միանգամից զգացին` այս կնոջ հետ մի բան այն չէ: Մերկելն, իրոք, ՔԴՄ անդամ դարձավ պատահաբար:
Բավական մարգինալ կազմակերպությունը` Ժողովրդավարական ճեղքումը, որին Մերկելն անդամակցել էր 1989-ին, անսպասելի դարձավ ՔԴՄ կոալիցիոն գործընկերը, որը դաշնակից էր փնտրում` նոր դեմոկրատների շարքերից:  Կոալիցիոն առևտուրը 35-ամյա Մերկելին հասցրեց ԳԴՀ վերջին կառավարության մամուլի քարտուղարի պաշտոնին: 1991-ին, երբ նոր-նոր էր ընտրվել Բունդեսթագի պատգամավոր, այն ժամանակվա կանցլեր Հելմուտ Քոլը անսպասելի նրան նշանակեց կանանց և երիտասարդության հարցերով նախարար:
«Մենք նրան համարում ենք Քոլի հովանավորյալ,- եզրակացնում է «Մեդուզայի» զրուցակիցը` չբացահայտելով իր անունը,- նա քաղաքական հայացքներ չուներ, ամբողջությամբ հնազանդվում էր կանցլերին»:

1990-ականներին ` ԽՍՀՄ փլուզումից հետո, ՔԴՄ-ն ռադիկալ-հակակումունիստական ուժից վերածվեց կոնսերվատիվ կուսակցության, որի գլխավոր խաղաքարտը երկրի բարեհաջող վերամիավորումն էր:
«ՔԴՄ կոնսերվատիվ օրակարգը ոչ թե հարձակողական էր, այլ` պաշտպանողական,- ասում է 2001-ին կուսակցությանն անդամակցած ու Համբուրգի պատգամավոր դարձած Նիկոլայ Հաուֆլորը:  - Մենք չէինք ցանկանում երկիրն ավելի կոնսերվատիվ դարձնել, մենք ուզում էին ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կար»:

1998-ին, սակայն, պարզվեց, որ այդ մոտեցումը ոչ բոլոր գերմանացիների սրտով է: 16 տարի կառավարած Քոլը չվերընտրվեց, իշխանության եկան սոցիալ-դեմոկրատներն ու կանաչները: Եվս մեկ տարի անց իսկական աղետ տեղի ունեցավ. ջրի երես դուրս եկավ ՔԴՄ նախկին ղեկավարության սև հաշվապահությունը` գաղտնի և առանց ձևակերպման, հաճախ ուղղակի առձեռն, միլիոնների բարեգործություններ էր ընդունել: Այդ պայմաններում Մերկելը, որն արդեն կուսակցության գլխավոր քարտուղարի աթոռին էր ու կապ չուներ հին կուսակցական մեղքերի հետ, հաջող ելույթ ունեցավ ՔԴՄ նորացման ու մաքրման  օգտնին, հրաժարվեց Քոլից, որը չէր հրապարակում կուսակցության անլեգալ հովանավորների անունները: Կուսակցությունում անարխիա սկսվեց, և խառը իրավիճակում հաղթող ճանաչվեց հենց Մերկելն ու 2000-ից ղեկավարեց ՔԴՄ-ն: Հաջորդ 5 տարիներին`կանցլեր դառնալուն նախորդող ժամանակահատվածում, նա ամարպնդեց ներկուսակցական դիրքը:  Խաղից դուրս թողեց իր շրջապատի բոլոր խոշոր ֆիգուրներին:
Երբ ՔԴՄ-ն` Մերկելի գլխավորությամբ, 2005-ին վերադարձավ իշխանության, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ իշխանության եկավ Եվրոպայի ապագա լիդերը: Պատմության մեջ ամենաերիտասարդ կանցլերի (այդ պահին Մերկելը 51 տարեկան էր) կառավարման առաջին տարիները բավական անգույն էին: Ամեն ինչ փոխվեց, երբ սկսվեց ֆինանսական համաշխարհային ճգնաժամը:
« Մերկելը 2008-ին դարձավ երկրի առաջնորդը,- հիշում է տնտեսական վերլուծաբան Անդրեյ Գուրկովը: -Դարձավ մեկն, ով ասում է` տղաներ, ամեն ինչ լավ կլինի, և բոլորը նրան հավատում են»:

Ֆինանսների նախարարի հետ Մերկելն այն ժամանակ կասեցրեց խուճապը` պետական երաշխիք տալով գերմանական բանկերում ներդրում անողներին: Եվ ճգնաժամը շրջանցեց Գերմանիային:
«Չնայած կուսակիցների դժգոհությանը, «հունական տնտեսության փրկության սերիալը» գերմանացի կանցլերին դարձրեց Եվրոպայի նոր առաջնորդ: Մերկելը բարդ փոխզիջման հասավ, նրա համար սկզբունքի հարց էր` թույլ չտալ, որ իր օրոք որևէ երկիր լքի եվրոգոտին: Փրկելով Հունաստանը, Մերկելը կորցրեց Բրիտանիան` Եվրոպայի համար»,- վերլուծում է Գուրկովը:

Մերկելի արտաքին քաղաքական կուրսն իրականում շատ հստակ է. այն ամբողջությամբ բխում է Գերմանիայի շահերից: Խոսքը Եվրոպայում  միացյալ քաղաքական ու տնտեսական գոտու պահպանումն է: Իսկ ահա կանցլերի ներքին քաղաքական պլատֆորմը շատ ավելի դժվար է ձևակերպել: Մերկելի քննադատները պնդում են, որ պրագմատիզմի ու բնակչության հարցումների վրա հենվելով` նա փոխեց համոզմունքները:
Ամեն դեպքում Մերկելը հեշտ էր հրաժարվում կուսացության կոնսերվատիվ արժեքներից` հօգուտ բնակչության պահանջած բարեփոխումների: ՔԴՄ առաջնորդը հեռանում էր կուսակցության շարքային անդամներից, որոնք չէին պատրաստվում հրաժարվել ավանդական արժեքներից, և Մերկելի շուրջ սկսեց հավաքվել նոր ընտրազանգված`քաղաքների` քաղաքականապես կիրթ բնակիչներ, որոնց համար ՔԴՄ-ն դարձավ զարգացման և բարեփոխումների կուսակցություն: Մերկելի համար ևս մեկ ժամկետ պաշտոնավարելը կարող է որոշվել հենց այդ երկու խմբերի վեճի արդյունքում:
Ընդհանուր առմամաբ, Մերկելի երկարաժամկետ հաջողության պատճառները պարզ են.
«Գերմանացիները նրան որպես կայուն առաջընթացի խորհրդանիշ են ընկալում: Կայունությա՛ն չէ, կայուն առաջընթացի՛: Սիրամարգ չէ, Ֆիդել Կաստրո չէ: Աշխատող, վստահություն վայելող, հուսալի կանցլեր է, եզակի առաջնորդ, որը կոռումպացված չէ»,- վերլուծում է Գուրկովը: 

Մինչև 2015-ի սեպտեմբերը նույնիսկ Մերկելից դժգոհ կոնսերվատորներն էին նրան ցածրաձայն քննադատում: Ամեն ինչ փոխեցին փախստականները:  
ՔԴՄ երիտասարդ ակտիվիստների հետ Մերկելի փակ հանդիպումներին մասնակցածներին զարմացրել է տեղեկություններ վերլուծելու ունակությունը:
«Քաղաքական շատ գործիչներին գերազանցում է ինտելեկտով, բայց երբ խոսում էր միգրացիոն քաղաքականության մասին, թվում էր` կորցրել է օբյեկտիվության զգացումը»:

Անողոք պոպուլիստն ու Թլինթոնի սխալը


90-ականների սկզբին 40-ամյա Մարտին Շուլցը Գերմանիայի արևմուտքում ոչ այնքան մեծ քաղաքի  ոչ այնքան հաջողակ քաղաքապետ էր ու միայն անսովոր կենսագրությամբ էր առանձնանում. հարբեցող, որը 25 տարեկանում թողեց խմելը: Ոչ միայն բարձրագույն կրթություն չունի, այլև նրա միջինակարգը լիարժեք չէ: Նրա քաղաքական կենսագրության գլխավոր ձեռքբերումը պայքարն էր` իր քաղաքում ակվապարկ կառուցելու համար: Եվ Շուլցը 1994-ին ընտրվեց Եվրախորհրդարանի պատգամավոր, որտեղ նա կերտեց եվրոպական բյուրոկրատիայի պատմության մեջ ամենատպավորիչ կարիերան: 2012-ին նա դարձավ այդ կառույցի նախագահը: 5 տարի անց` 2017-ի հունվարին, սոցիալ-դեմոկրատները անսպասելի առաջադրեցին Շուլցի թեկնածությունը Մերկելի դեմ` Բունդեսթագի ընտրություններում (Գերմանիայի կանցլերին հաստատում է խորհրդարանը, բայց յուրաքանչյուր կուսակցություն նախապես առաջ է քաշում իր թեկնածուին):
«Շուլցն ազդեցիկ հակառակորդներ չունի կուսակցությունում, - բացատրում է Նիկոլայ Հաուֆլերը:— Առհասարակ, սոցիալ-դեմոկրատների շրջանում հիմա խելագար էներգետիկա է, Շուլցը նրանց փրկությունն է ու վաղուց սպասված փրկիչը: Մերկելի օգտին շատերը քվեարկելու են ռացիոնալ հաշվարկով: Շուլցին ձայն կտան սրտով»:  

Հասկանալով, որ «Բրյուսելից եկած մարդու» կերպարն այն չէ, որի վրա հնարավոր կլինի քաղաքական դիվիդենտներ հավաքել, Շուլցն իր նախընտրական ծրագիրը կառուցում է «ժողովրդի միջից դուրս եկած մարդու» կերպարի` փոքր քաղաքի ղեկավարի վրա, որը մարտահրավեր է նետում բեռլինյան բոնզերին: Նրա ելույթների հիմնական թեման արդարությունն է:
«Շուլցը վտանգավոր մրցակից է, որովհետև անողոք պոպուլիստ է: Երբ նա ասում է` ես հասկանում եմ ձեզ, դուք վատ եք ապրում, դա թրթռացնում է մարդկանց սրտի ամենանուրբ լարերը»:

Ընդգծելով արդարությունը, Շուլցն իր կողմն է գրավում է Մերկելի ամենահավատարիմ հետևորդներին:  Մերկելը կարող է կրկնել Հիլարի Քլինթոնի սխալը, որը պրոգրեսիվ ընտրողների վրա էր հենվում` բաց թողելով խորությունը: Գերմանիայում չունեն իրենց Թրամփը, պոպուլյար չեն հակաեվրոպական տրամադրությունները,  բայց ունեն իրենց նախապայմանները. կարող են չգնալ քվեարկության, կամ ձայն տալ «այլընտրանքին»:
«Ընտրություններին դեռ ժանմանակ կա, և շատ բան կարող է պատահել, - վերլուծում է ՔԴՄ ներկայացուցիչը, - նկատի ունեմ Բրայթշայդպլացի կամ Նիսի դեպքերի կրկնությունը: Եվ ո՞վ մնաց Մերկելի կողքին` ոչ ոք` ֆինանսների նախարարից բացի, նա էլ արդեն 75 տարեկան է»:

Այս մասին բաց չեն խոսում, բայց ՔԴՄ-ում շատերը դեմ չեն, որ Մերկելը կանցլեր չդառնա, կուսակցությունն էլ նորից դառնա ընդդիմադիր:  
Անդրեյ Գուրկովը կարծում է, որ պարտության դեպքում Մերկելն անմիջապես կհեռանա ՔԴՄ առաջնորդի պաշտոնից, բայց կմնա կարևոր ֆիգուր` միջազգային  մասշտաբով: Մերկելը երիտասարդ տարիներին ավելի հանգիստ ծերության մասին էր երազում:
«Ես երազում էի, որ 60 տարեկանում կգնամ թոշակի, մեկնեմ Արևմտյան Գերմանիա, փոխեմ անձնագիրս, նույն օրն էլ ԱՄՆ տոմս վերցնեմ  ու ազատ շրջագայեմ Միացյալ Նահանգներում», - պատմում էր կանցլերը:

 

MEDUZA

Տարածել