Գլխավոր Հոդվածներ

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ու

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

04/23/2025

newmag-y-n

Newmag հրատարակչության ու ՀԲԸՄ-ի կազմակերպած «Ցեղասպանագիտության շաբաթ» գիտական քառօրյակի երկրորդ օրը հրատարակչությունը ներկայացրեց թուրք պատմաբան Թաներ Աքչամի նոր` «Ցեղասպան պետությանակունքերը» գիրքը։





«Ցեղասպանագիտության շաբաթվա» հատուկ հյուրերից է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ Թաներ Աքչամը։ Թուրք պատմաբանի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի շնորհանդեսն ու նրա հետ հանդիպումն անցավ լեփ-լցուն դահլիճում ու սպասվածից ավելի երկար՝ երկու ժամ։





Թուրք պատմաբանի այցը կազմակերպել է Ex Oriente-ը։ Հայաստանի արևելագետների միության խորհրդի անդամ, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը պատմեց, որ Թաներ Աքչամին ճանաչում է մոտ 30 տարի ու նրա այցի կազմակերպումը մեծ նշանակություն ու կարևորություն ունի իր համար.





«Նա իրական մարտիկ է, որը պայքարում է հանուն արդարության ու հասնում է իր նպատակներին։ Նրա գրքերը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին աշխատություններ են ու դարակազմիկ հետազոտություններ, այլ նախ և առաջ Թուրքիայի մասին են։ Աքչամի գրքերն ընթերցում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Թուրքիայում։ Ես տեսել եմ, թե ինչ ազդեցություն են թողնում այս գրքերը. դրանք քանդում են կարծարտիպերը, ստիպում են նորովի նայել թուրքական պետության ակունքներին ու արարքներին։




Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն էլ հիշեց, որ Աքչամի հետ ծանոթացել է 2007 թվականին՝ Գլենդելի գրադարանում նրա գրքի շնորհանդեսին. «Պարոն Աքչամը վկայությունն է, որ Հայոց ցեղասպանության շերտերը բացմաթիվ են, ու դրա ուսումնասիրությունները պետք է շարունակել, ներգրավել նոր ընթերցողներ։ Թաներ Աքչամի գրքերի վաճառքների ցուցանիշները դա են վկայում։ Պատմաբանի նախորդ երկու գրքերը, որոնք նույնպես  հրատարակել է Newmag-ը, դարձել են բեսթսելլերներ»։





Թաներ Աքչամը շնորհակալություն հայտնեց Newmag հրատարակչությանն իր երրորդ գրքի հայերեն հրատարակության համար։ Պատմաբանը Երևանում եղել էր 6 տարի առաջ. 





«Երևանում քայլելիս` այն ինձ շատ է հիշեցնում Արդահանը, իսկ Կարսում քայլելիս` Կարսն է ինձ հիշեցնում է Երևանը։ Ես մի կանոն ունեմ. իմ բոլոր գրքերը նախընտրում եմ հրատարկել նախ և առաջ թուրքերեն։ Իսկ հայերենը շատ կարևոր ու հարազատ լեզու է ինձ համար։ Ներողություն եմ խնդրում, որ հայերեն չգիտեմ։ Հատկապես Հայոց ցեղասպանության մասին գիրք գրելու դեպքում հայերեն չիմանալը մեծ թերություն է։ 

Այս գիրքն առաջին լեզվով, որ թարգմանվել է, հայերենն է։ Թուրքերեն մի արտահայտություն կա, բանջարեղեն ունեցողին բանջարեղեն չես վաճառի։ Նկատի ունեմ, ձեզ համար այս գրքում գուցե նորություն չլինի, հատկապես Թուրքիայում ապրող հայերի համար»։




Այս գիրքը գրելու առիթը Աքչամի համար եղել է Թուրքիայի հանրապետության հարյուրամյակը։ Պատմաբանն ասում է, որ Թուրքիայում բոլորը պնդում են, որ իրենց պետությունը պետք է լինի ժողովրդավար. «Այդ դեպքում ինչո՞ւ մեկ դար անց էլ որևէ քրիստոնյա պաշտոնյա չկա։ Գեթ մեկ քրիստոնյա, հրեա գոյություն չի ունեցել քաղաքականության, ռազմական ոլորտներում»։




Թաներ Աքչամը կարծում է, որ թուրքերը պետք է տարանջատվեն իրենց հիմնադիր հայրերից, հասկանան, որ այդ հիմնադիրները համարվում են նաև ապարտեիդի ռեժիմի հիմնադիրները։ Աքչամը պատասխանեց, թե ինչու են Թուրքիայի համար այդ գրքերը կարևոր. 

«Իրականությունը պարզ է։ Եթե ուզում ես ժողովրդավարություն կառուցես, պարտավոր ես առերեսվել պատմության, անցյալի հետ, այլ տարբերակ չկա։ Ամեն ինչ պարզ է. Թուրքիայում պետք է սովորեն Հայոց ցեղասպանության մասին, այլ տարբերակ չկա»։





Թաներ Աքչամը խոսեց նաև այսօրվա Թուրքիայի մասին. «Անակնկալ մի բան ասեմ. Թուրքիայում ինչ-որ բաներ փոխվել են, հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո։ Այսօր Ցեղասպանության ժխտումը պետական քաղաքականություն է, ու դա անժխետելի է, բայց նրանք կորցրել են իրենց իսկ հիմքերը իրենց իսկ հասարակությունում։ Մենք հաղթել ենք հոգեբանական պատերազմը Թուրքիայում։ Քրդերի շրջանում չեք կարող ապացուցել, որ չի եղել Ցեղասպանություն։ 

Թուրքիայի կառավարությունը մի համաժողով էր կազմակերպել, այն կոչվում էր` «Խնդրում եմ, մեզ էլ լսեք»։ Այն կառավարությունը, որը դատարաններով էր քարշ տալիս Ցեղասպանության մասին գրող պատմաբաններին, հիմա ասում է` մեզ էլ լսեք, մենք էլ ունենք ասելու բան։ Միջազգային կառույցներում նրանք կորցրել են բոլոր այն կարևոր հարթակները, որտեղ կարող են հերքել Ցեղասպանությունը։ 





Պետք է պայքարել։ Կա ասացվածք` ազատությունն ազատ չէ։ Մարդու ազատությունը, իրավունքերը, ժողովրդավարությունը անվճար չեն։ Դրա համար պետք է վճարել»։





Թաներ Աքչամը պատասխանեց նաև ներկաների հնչած հարցերին։ Հարցին, արդյոք, Թուրքիան ուզում է լինել ժողովրդավար, պատմաբանը վստահեցրեց, որ թուրքերի գերակշիռ մասը դա ուզում է։ Ըստ Աքչամի՝ ոչ ժողովրդավար ռեժիմներ կան և՛ ԱՄՆ-ում, և՛ Թուրքիայում, և՛ Ռուսաստանում։ Այնպես որ, ժողովրդավարության համար պայքարը շարունակվում է, ու Հայաստանն էլ պետք է պայքարի իր ունեցած ժողովրդավարության համար։




Կարդացեք նաև


Տարածել

Ցեղասպան պետության ակունքները
Ցեղասպան պետության ակունքները

Թաներ Աքչամ

5800 ֏

Նկարագրություն

«Ցեղասպան պետության ակունքները» գրքում Թաներ Աքչամը քննադատում է Թուրքիայի Հանրապետության հարյուր տարվա պատմությունը և ընդգծում դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա հարց է առաջադրում, թե ինչու հնարավոր չեղավ ստեղծել հավասարության վրա հիմնված հանրապետություն, ցույց է տալիս, որ երկրի հիմնադրման պաշտոնական պատմությունը խեղաթյուրված է և ծառայում է գոյություն ունեցող ռեժիմին։ Հեղինակը նշում է, որ Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության և ճնշումների վրա, ինչը հիշեցնում է «ապարտեիդի» համակարգի գործելաոճը։ Գիրքը հիմնված է պատմական փաստերի վերլուծության վրա, ուսումնասիրված են Հայոց ցեղասպանությունը, քրդերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ճնշումները։ Աքչամն առաջարկում է պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից՝ ձերբազատվելով պետական քարոզչությունից։ Գիտնականը կոչ է անում ընդունել անցյալի սխալները, որպեսզի Թուրքիան կարողանա կառուցել ավելի ազատ և արդար հասարակություն։