Գլխավոր Հոդվածներ

«Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում Newmag-ը կն

«Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում Newmag-ը կներկայացնի թուրք պատմաբան Թաներ Աքչամին և նրա նոր գիրքը` «Ցեղասպան պետության ակունքները» (թրեյլեր)

04/18/2025

newmag-y-n

Newmag-ը հայերեն է հրատարակել Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը։ Շնորհանդեսի և «Ցեղասպանագիտության շաբաթվա» շրջանակաում թուրք պատմաբանը կայցելի Հայաստան։

Թաներ Աքչամն իր ուրույն տեղն ունի ժամանակակից պատմագրության մեջ։ Նախկին քաղաքական բանտարկյալ, ով փախել է Թուրքիայից և քաղաքական ապաստան ստացել Գերմանիայում, գիտական կարիերան նվիրել է պատմական ճշմարտության բացահայտմանը։ Իր դոկտորական թեզը «Թուրքական ազգայնականությունը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով պաշտպանելուց հետո, Աքչամը դարձել է Կլարկ համալսարանի Հայագիտության կենտրոնի ղեկավարը և միջազգայնորեն ճանաչված հեղինակություն։

Newmag-ն արդեն հրատարակել է նրա «Խայտառակ արարք» և «Սպանության հրամաններ» գրքերը։ Այսօր արդեն ներկայացնում է Թաներ Աքչամի նոր՝ «Ցեղասպան պետության ակունքները» հիմնարար աշխատությունը, որը բացահայտում է Թուրքիայի պետականության մութ հիմքերը։

«Ցեղասպան պետության ակունքները» գրքի վերաբերյալ արտահայտվել են նույնիսկ թուրք մտավորականները։ Թուրք լրագրող Աթիլլա Այթեմուրն աշխատության վերաբերյալ գրել է.

«Ակնհայտ է, որ Աքչամի գրքում արտահայտված գաղափարները հակասում են այն տեսակետներին, որոնց վարժվել ենք։ Նույնքան ակնհայտ է, որ Թուրքիան 100 տարի չի կարողանում լուծել կարևորագույն խնդիրները, որոնք ստվերում են նաև մեր ներկան։ Բոլորը գիտեն, որ կրոնական և էթնիկ խտրականությունն այս երկրի չսպիացած վերքերն են, սակայն սա Թուրքիայում գաղտնիք է համարվում»։  

Աշխատությունը մանրակրկիտ վերլուծում է Օսմանյան կայսրության փլուզման և Թուրքիայի Հանրապետության ծագման ժամանակաշրջանը (1918-1923)՝ ցույց տալով, թե ինչպես էր երկրի ձևավորումը հիմնված էթնիկ զտումների, ցեղապաշտական գաղափարախոսության և ապարտեիդի վրա։

Հիմնվելով արխիվային փաստաթղթերի և բացառիկ աղբյուրների վրա՝ Աքչամը մանրամասնորեն ներկայացնում է, թե ինչպես են իշխանության գաղափարախոսությունն ու կառույցները աստիճանաբար վերածվել քաղաքականության՝ հանգեցնելով էթնիկ զտումների և, ի վերջո, ցեղասպանության։ 

Գիրքը հարցականի տակ է դնում Թուրքիայի հիմնադրման պաշտոնական պատմությունը, ցույց տալով, որ երկիրը կառուցվել է ոչ թե հավասարության և ժողովրդավարական արժեքների, այլ խտրականության, բռնության և ճնշումների հիմքի վրա։

Հատկապես արժեքավոր է Աքչամի վերլուծությունը, թե ինչպես է պետական կառուցվածքն ինքնին դարձել «ապարտեիդի» համակարգ՝ ճնշելով ոչ միայն հայերին, այլև քրդերին, ալևիներին և այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնություններին ամբողջ հանրապետության գոյության ընթացքում։

«Ցեղասպան պետության ակունքները» գիրքը ոչ միայն բացահայտում է անցյալի մութ էջերը, այլև առաջարկում է թուրքական պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից՝ ազատվելով պետական քարոզչությունից։ Աքչամը համոզված է, որ միայն անցյալի սխալներն ընդունելուց հետո Թուրքիան կարող է կառուցել իսկապես ազատ և արդար հասարակություն։


ԾՐԱԳԻՐ. «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ»


Գիրքը թարգմանել է Մելինե Անումյանը։ Աշխատության շնորհանդեսը տեղի կունենա Newmag-ի և ՀԲԸՄ Հայաստանի կազմակերպած «Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում՝ ապրիլի 22-ին, 19:00, ՀԲԸՄ-ում։ Բացառիկ նախագիծը, որն իրականացվում է ՀԲԸՄ դրամաշնորհով, կսկսվի ապրիլի 21-ին և կավարտվի ապրիլի 24-ին։ Նոր գրքերի շնորհանդեսներից բացի, տեղի Է ունենալու պանելային քննարկում՝ հայ և միջազգային փորձագետների, գրողների մասնակցությամբ, որին ներկա կլինի նաև Թաներ Աքչամը։ Թուրք գիտնականի այցը Հայաստան կազմակերպել է Ex Oriente Հայաստանի արևելագետների միությունը։

Տարածել

Ցեղասպան պետության ակունքները
Ցեղասպան պետության ակունքները

Թաներ Աքչամ

5800 ֏

Նկարագրություն

«Ցեղասպան պետության ակունքները» գրքում Թաներ Աքչամը քննադատում է Թուրքիայի Հանրապետության հարյուր տարվա պատմությունը և ընդգծում դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա հարց է առաջադրում, թե ինչու հնարավոր չեղավ ստեղծել հավասարության վրա հիմնված հանրապետություն, ցույց է տալիս, որ երկրի հիմնադրման պաշտոնական պատմությունը խեղաթյուրված է և ծառայում է գոյություն ունեցող ռեժիմին։ Հեղինակը նշում է, որ Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության և ճնշումների վրա, ինչը հիշեցնում է «ապարտեիդի» համակարգի գործելաոճը։ Գիրքը հիմնված է պատմական փաստերի վերլուծության վրա, ուսումնասիրված են Հայոց ցեղասպանությունը, քրդերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ճնշումները։ Աքչամն առաջարկում է պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից՝ ձերբազատվելով պետական քարոզչությունից։ Գիտնականը կոչ է անում ընդունել անցյալի սխալները, որպեսզի Թուրքիան կարողանա կառուցել ավելի ազատ և արդար հասարակություն։