BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

#46 Ամեն ինչ՝ Ատոմ Էգոյանի մասին

#46 Ամեն ինչ՝ Ատոմ Էգոյանի մասին

ԾՆՆԴԱՎԱՅՐԸ
Կահիրե, 1960 թ. հուլիսի 19
ՀԱՍԱԿԸ
170 սմ
ԾՆՈՂՆԵՐԸ
Հովսեփ և Շուշան Եղոյանները Կահիրեում զբաղված էին կահույքի առևտրով: Երկուսն էլ գեղարվեստական հակումներ ունեին, երիտասարդության տարիներին գեղանկարչություն էին ուսանել, ընդ որում Հովսեփը` Չիկագոյի արվեստի ինստիտուտում:
ԱՆՈՒՆԸ
Ատոմի եգիպտոսահայ ծնողներն իրենց առաջնեկի հայկական անվան մեջ նաև խորհրդանշական իմաստ են դրել` նկատի ունենալով Եգիպտոսում կառուցված առաջին միջուկային ռեակտորը:
ԱԶԳԱՆՈՒՆԸ
Եղոյանները Կանադա տեղափոխվելուց հետո հարկ համարեցին պարզեցնել իրենց ազգանվան անգլերեն գրությունը` Yeghoyan-ը դարձնելով Egoyan: Հայերենում շրջանառության մեջ մտած Էգոյանը փաստորեն անգլերեն տառադարձման պատճենված ձևն է:
 ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Եղոյանների ընտանիքը, որի կազմը համալրել էր Ատոմից հետո ծնված դուստրը` Իվը, քաղաքական խլրտումներից, ազգայնականության աճող ալիքից հեռու մնալու մտադրությամբ 1963-ին գաղթեց Արևմտյան Կանադա: Բնակություն հաստատելով Վիկտորիա քաղաքում` Բրիտանական Կոլումբիայի վարչական կենտրոնում, Էգոյանները կյանքն սկսեցին՝ կահույքի մի ուրիշ խանութ բացելով: Նրանք միակ հայ ընտանիքն էին Վիկտորիայում: Ատոմը մանկության տարիներին հայերեն էր խոսում տանը, քանի դեռ տատին չէին տարել ծերանոց: «Դրանից հետո,- պատմել է նա,- ես հրաժարվեցի հայերեն խոսել. տատիս ծերանոց տանելու փաստը այդքան վշտացրել էր ինձ»: «Ընտանեկան դիտում»-ը հետագայում պիտի անդրադառնար այս վերհուշին. ֆիլմի պատանի հերոսը` Վանը, ոչ մի կերպ չի ուզում հաշտվել իր Արմեն տատից բաժանվելու մտքի հետ և ջանում է նրան ծերանոցից տուն վերադարձնել:
ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆԸ
Ատոմի գրական հետաքրքրությունները դրսևորվել են դեռ վաղ պատանեկան տարիներից, երբ նա տարված էր հատկապես դրամատուրգիայով: 13 տարեկանից սկսել է պիեսներ գրել: Որոշ քննադատներ նրա ֆիլմերում մատնանշել են Սեմյուել Բեքեթի, Հարոլդ Փինթերի և այլոց գործերով երբեմնի հափշտակության հետքերը: Իսկ մինչև այդ` 12 տարեկանում, Ատոմի հորինած ամանորի «զավեշտախաղի» ամբողջ էությունն այն էր, որ բեմում տեղադրված կինոխցիկն անհրաժեշտ էր ուղղել հանդիսատեսների կողմը` նրանց ժպիտները դրոշմելու համար:
ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ուսանողական կյանքի շեմին ոտք դնելուց առաջ Ատոմն աշխատել է Վիկտորիայի «Էմփրես» շքեղ հյուրանոցի սպասարկու անձնակազմում: Կյանքի վաղ տարիների այս փորձառությունը պիտի ոգեշնչման աղբյուր դառնար Էգոյանի համար: Հյուրանոցային համարի նախապատրաստումը նա համեմատել է կինոնկարահանման հետ, քանի որ երկու դեպքում էլ խոսքը «պատրանք ստեղծելու» մասին է: Այս զուգահեռն օգտագործվել է «Խոսուն դերեր»-ում, որի գործողությունը մեծ մասամբ ծավալվում է հյուրանոցում: Հետագայում նկարահանված «Որտե՞ղ է թաքնված ճշմարտությունը» ֆիլմի գործողության վայրը նույնպես հյուրանոցն է, «Ապահովագրական գործակալ»-ի հերոսներն էլ հաստատվում են մոթելում:






ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Ատոմը 18 տարեկան էր, երբ ընդունվեց Տորոնտոյի համալսարանի Թրինիթի քոլեջը: Չնայած բազմազան գեղարվեստական հետաքրքրություններին՝ Էգոյանը մտադիր էր դիվանագետ դառնալ, ուստի ուսումնառության գլխավոր առարկա էր ընտրել միջազգային կապերը: Բայց միևնույն ժամանակ դասական կիթառի դասընթացի էր հաճախում, պիեսներ ու սցենարներ գրում, կինոքննախոսականներ տպագրում: Տորոնտոյի համալսարանի Հայ ուսանողների միության հետ շփումը յուրատեսակ վերադարձ էր ազգային ինքնությանն ու արմատներին, «վերածնունդ», որ Էգոյանին դրդեց թարմացնել մայրենի լեզվի իր իմացությունը մի հայազգի քահանայի ղեկավարությամբ: «Մորդ մայրենիով մի քանի բառ ասելու զորությունը շատ հուզիչ է»,- նկատել է նա: 1982-ին Ատոմը ուսումն ավարտեց գերազանցության վկայականով:
ԱՌԱՋԻՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺՆԵՐԸ
17-ամյա Էգոյանի «Ներքինու տարփանքը» 17-րոպեանոց կարճամետրաժը 1978-ի օգոստոսի 31-ին առաջին անգամ ցուցադրվեց մեծ Վիկտորիայի պատկերասրահում կայացած փորձարարական կինոյի երեկոյի ժամանակ Լուիս Բունյուելի «Անդալուսյան շունը» և Սեմյուել Բեքեթի «Ֆիլմ» ժապավենների հետ: «Մասնավորապես Հովարդը» 14-րոպեանոց կարճամետրաժը ասպարեզ եկավ 1979-ին, երբ Էգոյանը առաջին կուրսի ուսանող էր: Ցուցադրվելով Կանադայի ազգային կինոփառատոնում՝ ֆիլմն սկսնակին բերեց անդրանիկ մրցանակը: Ուսման տարիներին` 1980-82 թթ., Կանադայի մշակութային կազմակերպությունների դրամական աջակցությամբ Ատոմը սեփական սցենարներով նկարահանեց ևս երեք կարճամետրաժ ֆիլմ` «Այսուհետև` հայրիկի հետ», «Փիփ շոու», «Բաց տունը»:
ՄՅՈՒՍ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺՆԵՐԸ
«Տղամարդիկ. կրքի խաղադաշտ» (1985), «Մոնրեալը` տարբեր աչքերով. վեց վարիացիա նույն թեմայով» (այս ֆիլմում, որ հայտնի է նաև «Մոնրեալյան վեցյակ» վերնագրով, Էգոյանը նկարահանել է չորրորդ` «Անցնելով» նովելը, 1992), «Արշիլի դիմանկարը» (1995), «Շարք» (2000), «Սփյուռք» (2001), «Միջնաբերդ» (2006), «Ամեն մեկն իր կինոն ունի» («Արտոյի կրկնակի հաշիվը» նովելը, 2007):
ԱՌԱՋԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺԸ
«Հարազատներ»-ը 1984-ին ճանաչում բերեց երիտասարդ ռեժիսորին ոչ միայն Կանադայում: Այն արժանացավ Մանհայմի միջազգային կինոփառատոնի մրցանակին և ցուցադրվեց ամբողջ Հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում:
ՀԵՌՈՒՍՏԱՖԻԼՄԵՐԸ
«Հարազատներ»-ի հաջողությունից հետո CBS-ը (Canadian Broadcasting Corporation) Էգոյանին 1985-ին հրավիրեց նկարահանել «Այս անկյունում» ֆիլմը, որին հաջորդեցին այլ հեռուստաֆիլմեր` «Պատը» («Մթնշաղի գոտին» սերիալի համար, 1985), «Վերջին ցնցումը», «Մի աղջնակ կար» («Ներկայացնում է Ալֆրեդ Հիչքոքը» սերիալի համար, 1987-88), «Կուպիդոնի կապարճը» («Նզովյալ ուրբաթ» սերիալի համար, 1987), «Ոչինչ որոնելիս» (1988), «Բիրտ պահվածք» (1992), «Բախի թավջութակի սյուիտ համար 4. Սարաբանդա» («Բախից ներշնչված Յո-Յո Ման» շարքի համար, 1997), «Քրափի վերջին ժապավենը» (ըստ Սեմյուել Բեքեթի համանուն պիեսի, 2000):
ԼԻԱՄԵՏՐԱԺ ԿԻՆՈՖԻԼՄԵՐԸ
«Ընտանեկան դիտում» (1987), «Խոսուն դերեր» (1989), «Ապահովագրական գործակալը» (1991), «Օրացույց» (1993), «Էկզոտիկա» (1994), «Լուսավոր գալիք» (1997), «Ֆելիսիայի ուղևորությունը» (2000), Արարատ» (2002), «Որտե՞ղ է թաքնված ճշմարտությունը» (2005), «Երկրպագություն» (2008), «Քլոե» (2009):
ԷԳՈՅԱՆԸ` ԷԿՐԱՆԻՆ
Միշտ չէ, որ Էգոյանը մնացել է կինոխցիկի ետևում: Կարիերայի ընթացքում նրան վիճակվել է հայտնվել նաև կինոխցիկի առջևում: Դերասան Էգոյանին կարելի է հանդիպել «Թը՛խկ, թը՛խկ» («Knock, Knock», 1985, ռեժ.` Բրյուս Մաքդոնալդ, Կանադա), «Արևի տուփը» («La Boite a soleil», 1988, ռեժ.` Ժան-Պիեռ Լեֆևր, Կանադա), «Կամիլա» («Camilla», 1994, ռեժ.` Դիպա Մեհտա, Կանադա, ԱՄՆ), «Հիմարները» («The Stupids», 1996, ռեժ.` Ջոն Լենդիս, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) ժապավեններում: Ռեժիսոր Էգոյանը դերասան Էգոյանին նկարահանել է իր «Հարազատներ» և «Օրացույց» ֆիլմերում: Մի քանի վավերագրական ֆիլմեր էլ նրան պատկերել են աշխատելիս. «Ճանապարհ դեպի այլուր» («A Road to Elsewhere», 1999, ռեժ.` Ռոբերտ և Շարի Քոեն), «Գայթակղության բանաձևեր. Ատոմ Էգոյանի կինոն» («Formulas of Seduction: The Cinema of Atom Egoyan», 1999, ռեժ.` Այլին Անիփեյր, Ջեյսոն Վուդ, Մեծ Բրիտանիա), « «Արարատ»-ը նկարահանելիս» («The Making of «Ararat» », 2003, ռեժ.` Միշել Ֆրանսիս, Կանադա), «Ստուգի՛ր կադրը. Բեքեթին կինո փոխադրելիս» («Check the Gate: Putting Beckett on Film», 2003, ռեժ.՝ Փիրս Լեհան, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա):
ՄԱՐԴ - ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
Ռեժիսոր Էգոյանը վաղ շրջանի իր ֆիլմերի և «Միջնաբերդ»-ի օպերատորն ու մոնտաժողն է նաև, գրեթե իր բոլոր գործերի սցենարի հեղինակը և պրոդյուսերը` 1979-ին հիմնելով «Ego Film Arts» կինոընկերությունը (նրա ծնողներին պատկանող կահույքի խանութը, որ հրդեհի ճարակ դարձավ, «Ego Arts» էր կոչվում):
ԹԻՄԸ
Էգոյանը տարիների ընթացքում իր թիմն է ստեղծել: Նա համարում է, որ իրեն «բախտ է վիճակվել աշխատել բացառիկ տաղանդավոր մարդկանց հետ»: Էգոյանի նախընտրած դերասաններն են Արսինե Խանջյանը, Գեյբրիել Ռոզը, Մորի Չայկինը, Դեյվիդ Հեմբլենը, Դոն Մաքքելարը, Բրյուս Գրինվուդը, Սառա Փոլին, Էլիաս Կոտեասը, Թոնի Նարդին, Պատրիկ Թիրնին, Ժակլին Սամյուդան, Ռոզ Սարգսյանը, Քալվին Գրինը և Էնթոնի Սոնդերսը: Ամենից հաճախ Էգոյանն աշխատել է պրոդյուսերներ Կամելիա Ֆրիբերգի, Դեյվիդ Ուեբի, Ռոբերտ Լանթոսի, Սանդրա Քանինհեմի, Սիմոնա Ուրդլի, Ջենիֆեր Վայսի հետ: Նրա ֆիլմերի մշտական օպերատորը Փոլ Սարոսին է (որին երբեմն փոխարինել են Փիթեր Մեթլերը և Նորայր Քասփերը), երաժշտության հեղինակը` Մայքլ Դանան, նկարիչը` Ֆիլիպ Բարքերը (որը հաջորդել է Լինդա Դել Ռոզարիոյին և Ռիչարդ Փարիսին), հնչյունային ձևավորողը` Սթիվ Մանրոն, մոնտաժողը` Սյուզան Շիփթոնը: Էգոյանը կինոյում համագործակցել է նաև քրոջ` դաշնակահարուհի Իվ Էգոյանի հետ:
ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
«Time» հանդեսը 1997-ին Էգոյանին ընդգրկել է «ստեղծագործող կարևորագույն կինոարվեստագետների հարյուրյակում»: Նա հռչակվել է որպես պոստմոդեռնիզմի նրբաոճ վարպետ, հեղինակային կինեմատոգրաֆի ակնառու դեմք: Անկախ կինոյի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է, Դեյվիդ Քրոնենբերգի և Դենի Արկանի կողքին ներկայացնում է կանադական կինոյի դեմքը: 7 անգամ արժանացել է երկրի բարձրագույն կինոպարգևին` «Ջինի»-ին: Կաննի և Տորոնտոյի կինոփառատոների քառակի դափնեկիր է, 1998-ին որպես լավագույն ռեժիսոր և սցենարի հեղինակ առաջադրվել է 2 «Օսկար»-ի («Լուսավոր գալիք» ֆիլմի համար): 1997-ին Ֆրանսիայի կառավարությունը Էգոյանին պարգևատրել է Արվեստի և գրականության շքանշանով, 1999-ին նա Կանադայի շքանշան է ստացել, 2003-ին արժանացել ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալին, նույն թվականին ընտրվել Կանադայի գեղարվեստի արքայական ակադեմիայի անդամ: 1995-ին Էգոյանն անդամակցել է անկախ կինոյի «Սանդենս» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիին, 1996-ին` Կաննի կինոփառատոնի պաշտոնական մրցույթի ժյուրիին, 2000-ին գլխավորել է Վենետիկյան կինոփառատոնի, 2003-ին` Բեռլինյան կինոփառատոնի մեծ ժյուրիները, 2010-ին` Կաննի «Cinefondation» և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների ժյուրին: 2006-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահն է:
ԹԱՏՐՈՆԸ
Ատոմ Էգոյանը բազմաթիվ պիեսների հեղինակ է: Ուսումն ավարտելուց հետո որպես դրամատուրգ ընդունվել է Տորոնտոյի «Tarragon» թատրոն: «Open Arms» թատրոնի համար գրած պիեսները 1984-ին նրան բերել են Ջեյմս Բուլերի անվան մրցանակ: Մինչև 23 տարեկանում իր առաջին լիամետրաժ ֆիլմին ձեռնամուխ լինելը նա արդեն տասը պիես էր գրել: Էգոյանի հեղինակած և բեմադրած թատերական գործերի մեջ են՝ «Հիմարի երազը» («A Fool’s Dream», 1973), «Տիկնիկը» («The Doll», 1974), «Դպրոցը» («The School», 1975), «Փակուղի» («Blind Alley», 1976), «Շահ` լիազորագրով» («Profit by Proxy», 1977), «Սոլոմոն Գրանդիի վերջը» («The End of Solomon Grandy», 1977-78), «Կոճղեր» («Stumps», 1981), «Պայմանականություն» («Convention», 1982), «Է՛հ, Ջո» («Eh Joe», 2006): Կինոռեժիսոր Էգոյանը պարբերաբար վերադառնում է թատրոն:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Լավագույն կանադական ֆիլմի համար, 1987, Տորոնտո


«Նոր կինոյի ֆորում»-ի «Ինտերֆիլմ» մրցանակ, 1988, Բեռլին


Էկումենիկ ժյուրիի մրցանակ, 1988, Լոկառնո


Լավագույն կանադական սցենարի համար, 1989, Վանկուվեր


Լավագույն կանադական խաղարկային ֆիլմի համար, 1991, Տորոնտո


Ժյուրիի հատուկ մրցանակ, 1991, Մոսկվա


«Ոսկե հասկ» մրցանակ, 1991, Վալիադոլիդ


Լավագույն կանադական ֆիլմի համար, 1991, Սադբերի


Լավագույն խաղարկային ֆիլմի համար, 1991, Սադբերի


FIPRESCI-ի մրցանակ, 1994, Կանն


«Ջինի»` լավագույն խաղարկային կինոնկարի համար, 1994,


«Ջինի»` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, 1994,


«Ջինի»` լավագույն բնօրինակ սցենարի համար, 1994,


Լավագույն կանադական խաղարկային ֆիլմի համար, 1994, Տորոնտո


Լավագույն կանադական ֆիլմի համար, 1994, Սադբա


Ֆրանսիացի կինոքննադատների միության մրցանակ, 1995


Ժյուրիի մեծ մրցանակ, Կանն FIPRESCI-ի մրցանակ, Էկումենիկ ժյուրիի մրցանակ, 1997


«Ջինի»` լավագույն կինոնկարի համար, 1997


«Ջինի»` ռեժիսորական աշխատանքի համար, 1997


«Ոսկե հասկ» մրցանակ, 1997, Վալիադոլիդ


Կանադայի մրցանակ` լավագույն կանադական ֆիլմի համար, 1997


«Անկախ ոգի» մրցանակ` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, ԱՄՆ, 1998


Լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, 1999 Իսպանիա


«Ջինի»` լավագույն էկրանավորման սցենարի համար, 2000


«Ջինի»` լավագույն խաղարկային ֆիլմի համար, 2003


Լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, 2003, Դուրբան


«Ոսկե ծիրան»-ի մեծ մրցանակ, 2004, Երևան


«Ջինի»` լավագույն էկրանավորման սցենարի համար, 2006


Ժյուրիի հատուկ հիշատակում՝ լավագույն կանադական ֆիլմի համար, 2008, Տորոնտո


 
Հեղինակ՝ Զավեն Բոյաջյան
 

Տարածել