Տեղի ունեցավ Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
03/06/2025

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է երգահան Ավետ Բարսեղանի «Հայելիս» բանաստեղծությունների առաջին ժողովածուն։
«Հայելիս» գրքի շապիկի հեղինակը դիզայներ Նուռն է, իսկ կազմողը գրող Արամ Ավետիսը։ Դիզայներ Նուռը պատմել է , թե ինչպես է ստեղծել գրքի շապիկը.
«Գրքի կազմի վրա կա լոգոտիպ։ Թվում է, ոչինչ չի նշանակում, բայց գիրքը ժամացույցի ուղղությամբ պտտելով, կարդում ես Ավետ բառը։ Ցանկացած բան, որ ժամացույցի ուղղությամբ է պտտվում, կյանքի խորհրդանիշն է։ Ավետ բառը շապիկի վրա մի քանի տեղում կա։ Երբ գիրքն ամբողջությամբ եք բացում, երկու կողմերի վրա նույնպես գրված է Ավետ։ Առաջին հայացքից դա չի երևում։
Ավետը հանրության համար մի մարդ է, իսկ իրականում ուրիշ մարդ է։ Նրան պետք է հասկանալ, ճանաչել։ Ինքնահեգնանքը, որով ներկայանում է մարդկանց, շատերը չեն հասկանում, մտածում են դա մեծամտություն է։ Ներսում կա նաև Ավետի դիմանկարը, որը ես եմ արել։ Դիմանկարն արել եմ մեկ գծով, գիծը չի ընդհատվում, որի կողքին էլ հայելի կա։ Երբ գիրքը կիսաբաց ես անում, հայելու մեջ արտացոլվում է դիմանկարը»։
Գիրքը կազմող Արամ Ավետիսը պատմել է, թե ինչպես են ընտրել բանաստեղծությունները. «Գիրքը բաժանեցի երեք մասի, առաջին մասը կոչվում է «Անհանգիստը»։ Ասյտեղ ես-ի, անձնականի մասին բանաստեղծութուններ են։ Երկրորդն «Անջնջելին» է, սիրային բանաստեղծություններ են։ «Արևի մարդիկ» բաժնում ավելի խառը ստեղծագործություններ են։ Ավետին համարում եմ կայացած անհատ ու ստեղծագործող։ Ես շատ հավանում եմ էքսցենտրիկ բանաստեղծությունները, որտեղ, օրինակ, Ավետը քաղքենիությունն է ծաղրում»։
Երգահան, «Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակ Ավետ Բարսեղյանը եթերում ընթերցեց իր ստեղծագործություններից մեկը։ Հետո խոստովանեց, որ գիրքը ծնվել է ընկերների ու Newmag-ի շնորհիվ. «Newmag Winter fest 2023-ին՝ մեկ տարի առաջ, Արտակ Ալեքսանյանը խոսք տվեց, որ գիրքը հրատարակելու է, այդպես էլ եղավ։ Երբ այդքան հետաքրքիր, խելացի մարդիկ են հավաքվում մեկ տեղում, քվանտային մեծ էներգիա է կուտակվում ու ստեղծվում է մի լավ բան։ Ես ռուսերեն բանաստեղծություններ էլ ունեմ, գուցե դրանք էլ հրատարակեմ, իսկ հետո նաև ուզում եմ իմ երգերի բառերը հրատարակել»։
«Հայելիս» գրքի հրատարակմանն աջակցել է Արթուր Վանեցյանը։ Համագործակցության մասին խոսել է Արթուր Վանեցյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Սոս Հակոբյանը. «Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ լրահոսը մեկօրյա է, կարճ սպառման ապրանքները շատ են, ու մշակութային արժեք ստեղծողներին, գրական ստեղծագործություններին աջակցելը կարևոր է։ Գրողները հասկանալի, գեղեցիկ լեզվով ներկայկացնում են այն ամենը, ինչ կա այսօր մեր հասարակության մեջ։ Ավետի որոշ ստեղծագործություններին ծանոթ եմ, օրինակ, վերջերս համացանցում շատ էր տարածվում «Գնա» բանաստեղծությունը, որը ալեկոծել էր շատերին։
Նրա ապրումները, կարծում եմ, որ շատերն են կիսում։ Վանեցյանի ցանկությունը համեստ քայլով աջակցել նման ստեղծագործությունների հրատարակմանը, կարծում եմ, հասկանալի է։ Աննքնելի է, որ Ավետը տաղանդավոր մարդ է։ Բայց միշտ չէ, որ տաղանդավոր մարդիկ ունենում են ամուր սկզբունքներ, հետևողական են ու քննադատաբար են մոտենում իրենց ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ դա հասարակության առողջացման համար է։ Նման մարդիկ պետք է խոսեն, ասեն իրենց կարծիքը, օգնեն հասարակությանը ճիշտը սխալից տարբերել, թացը չորից տարբերել։ Դա է պատճառը, որ Արթուր Վանեցյանն անմասն չմնաց այս նախաձեռնությանը»։
Գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների մոտ, շնորհանդեսի օրվանից այն ունի մեծ պահանջարկ։
Կարդացեք նաև

Ավետ Բարսեղյան
8800 ֏
Նկարագրություն
«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։
Կարդա նաև

Ո՞վ կհաղթի մարդու և ռոբոտի միջև պայքարում. ինչ է AI-ն անում մարդու փոխարեն ու ավելի սահուն (տեսանյութ)

Չարիքի գրավչությունը. 1920-ականների Գերմանիայի բարոյական կոլապսը «Մի գերմանացու պատմություն» գրքում (տեսանյութ)

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ
