ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Անակնկալ Արմեն Դավթյանին. նոր գիրքը հրատարակվել է

Անակնկալ Արմեն Դավթյանին. նոր գիրքը հրատարակվել է բանաստեղծից գաղտնի (լուսանկարներ)

12/24/2024

newmag-y-n

Newmag-ը հրատարակել է բանաստեղծ, շումերագետ Արմեն Դավթյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն։ «Հազարամյակների և օրերի միջով. ընտիր երկեր» գրքում ընտրվել են ստեղծագործություններ Դավթյանի «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում» ժողովածուներից։


«Հազարամյակների և օրերի միջով» ժողովածուն բանաստեղծի համար անակնկալ հրատարակել են նրա ընկերները՝ 60-ամյակի առիթով։ Արմեն Դավթյանը գրքի շնորհանդեսին եկել էր՝ մտածելով, թե իր ծննդյան առիթով հանդիպում է գրողների հետ։


Հանդիպում-շնորհանդեսը վարում էր Արմեն Դավթյանի կուրսեցի, լրագրող Աննա Իսրայելյանը։ Գրքի հրատարակությունը նախաձեռնել են Դավթյանի ընկերները՝ Արտակ Ապիտոնյանը, Տիգրան Պասկևիչյանն ու Վահագն Աթաբեկյանը։


Տիգրան Պասկևիչյանը հիշում է, որ Դավթյանը միշտ գրել է բարձր ու առոգանությամբ ընթերցելով. «Կարծում եմ՝ ամեն բան կեղծ կլիներ, եթե մեր ստեղծագործություններում չլիներ մեր կենսագրությունը՝ Արմենի գործերում՝ իր և մեր կենսագրությունը, նրա և մեր գրածի մեջ՝ մեր և իր կենսագրությունը։

1980-90-ականներին մենք ապրում էինք կոմունայով, և որևէ գործ, որ գրում էր Արմենը, Վահագնը կամ ես, առաջին ընթերցողն ու քննարկողը մենք էինք լինում։ Վահագնը մեր գործերն անմիջապես անգիր էր սովորում։ Նա թղթի վրա չէր գրում, այլ արտասանելով, առոգանելով էր գրում»։



Արձակագիր Հովհաննես Երանյանն էլ հիշեց, որ Արմեն Դավթյանի հետ ծանոթացել է, երբ նա տեղափոխվել է իրենց կուրս։ Դավթյանին որոշում են իր փոխարեն նշանակել կուրսղեկ. «Երբ խոսք տվեցին նոր ավագին, Արմենն այնպիսի ճառ ասեց, որ բոլորը վախեցած իրար նայեցին և ասացին՝ նախորդ ավագը, կարծես թե, ավելի լավ էր։ Նա մեր կուրսում մեկ տարի սովորեց և շատ հարստացրեց մեզ։ Ես միշտ հավանել եմ Արմենի բանաստեղծությունները և միշտ ցանկացել եմ, որ էլի գրի»։



Արմեն Դավթյանը պատմեց, որ առաջին գրքի տպագրության ժամանակ պատահաբար հանդիպել է Ռազմիկ Դավոյանին։ Այդ հանդիպման մանրամասները Դավթյանն ու ընկերները հիշում են մինչև հիմա. «Մինչ գիրքը հրատարակելը պետք է կարծիք գրվեր դրա մասին. դա ներքին գրախոսություն էր։ Դավոյանն ասաց, որ արդեն գրել է և առաջարկեց մտնել իր տուն ու վերցնել այն։ Դավոյանի հիսունամյակի առթիվ մի հաստափոր գիրք էր տպվել։ Նա գեղեցիկ ընծայականով մակագրեց այն ու նվիրեց ինձ։ Ես երիտասարդ էի և սանձարձակ։ 

Վերցրի գիրքը, բացեցի ու տեսա, որ վրան գրված է «Ընտիր երկեր», իսկ հետևի մասում՝ «18 մամուլ»։ Ասացի՝ բայց Հովհաննես Թումանյանը 18 մամուլ ընտիր երկ չունի։ Այս 18 մամուլի վրա ինչպե՞ս է գրված ընտիր երկ։ Ռազմիկ Դավոյանը նայեց-նայեց, ասաց. «Դու կարծես իսկական պոետ ես»։ Դավոյանը խոստովանեց, որ ոչ ոք նրան նման խոսքեր չէր ասել ու արաղը հանեց»։




Հանդիպման ժամանակ ընկերների շնորհիվ ցուցադրվեց նաև բացառիկ տեսանյութ, որտեղ Խորեն Աբրահամյանը կարդում է Արմեն Դավթյանի բանաստեղծությունները։ Հովհաննես Երանյանը հիշեց, թե ինչպես են տարիներ և առաջ դիմել դերասան Խորեն Աբրահամյանին. «Շատ դժվար ենք համոզել։ Տարաթողեցի գիրքը, ասաց՝ դե, կարդամ, տեսնեմ: Հետո նաև ֆինանսական համաձայնության պիտի գայինք։ Հարցրինք՝ ինչքա՞ն պետք է վճարեմ կարդալու համար, ասաց՝ քո կարծիքով ես Ռոբերտ դե Նիրոյից քանի անգամ վատ դերասան եմ, պատասխանեցի՝ ոչ մի անգամ, ասաց՝ ընդունենք թե հազար անգամ վատդերասան եմ, ինքը կուզեր հարյուր հազար դոլար, հազարը պակասեցրու, ասացի հարյուր դոլա՞ր, ասաց՝ այո՛։ Համաձայնեցի։ 

Հետո էլ մի անգամ ասաց՝ ինքը ինչու չի գրում Թումանյանի, Տերյանի կամ գոնե Չարենցի պես։ Ասացի՝ հիմա որ ես ձեզ ասեմ՝ ինչի՞ չեք խաղում Հրաչյա Ներսիսյանի կամ Փափազյանի պես, ձեզ դուր կգա՞, ասաց՝ հըըըմ, ճիշտ ես։ Իսկ հետո երբ ձայնագրությունն ավարտեց, նախ այդ հարյուր դոլարից հրաժարվեց, հետո խնդրեց, որ գիրքը մի քանի օր իր մոտ մնա, քանի որ ստեղծագործությունները հետաքրքրել էին իրեն»։


Թե ինչու Դավթյանը Թումանյանի պես չի գրում, Արմեն Դավթյանին հարցրել է նաև գրականագետ Ռաֆայել Իշխանյանը. «Մի անգամ «Գարուն»-ի աստիճաններին հանդիպեցինք, ասաց՝ Արմեն, կարդացի բանաստեղծությունդ, բարդ ես գրում, բարդ, ասացի՝ դե հիմա այդքան եմ կարողանում, ընկեր Իշխանյան։ Ասաց՝ պարզ պիտի գրես, որ մարդիկ հասկանան. Թումանյանի նման՝ «Մի՛ լինի ուրագի պես, միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես, մին դեպի քեզ, մին դեպի մեզ»։ Ասացի՝ ընկեր Իշխանյան, ես այդ մակարդակի հանճար չեմ, որ այդ աստիճանի պարզ գրեմ»։


Հանդիպմանը Արմեն Դավթյանը պատմեց նաև, թե ինչպես դադարեց գրել բանաստեղծություններ ու սկսեց զբաղվել շումերագիտությամբ. «Հիմա ուրիշ բանից եմ ոգևորվում, ուրիշ բան է ինձ ցավ պատճառում։ Տարիներ առաջ մոտս Արտավազդի մասին պոեմ գրելու ցանկություն էր հասունացել։ Փորձեցի հասկանալ Արտավազդին, ուսումնասիրել, թե ովքեր են Արտաշեսը, վիշապը, Սաթենիկը։ Խճճվեցի դիցաբանության մեջ, ու քանի որ մաշտոցյան տառերով ոչինչ չհասկացա, սովորեցի ուրարտերեն, տեսա ուրարտերենով էլ ոչինչ պարզաբանված չէ, անցա սեպագրերին: Այդ ամբողջը բերեց նրան, որ շումերերեն սկսեցի սովորել և շումերերեն գրված վիպերգերը հայերեն եմ ներկայացնելու»։



Բանաստեղծ, «Գարուն» ամսագրի երկարամյա գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը հիշեց, թե ինչպես մի օր իմացավ, որ պոետը որոշել է դառնալ շումերագետ. «Եկավ մի օր ասեց, շումերերենով եմ զբաղվելու։ Ասեցի, դու հիանալի պոետ ես, ինչ շումերերեն։ Անհույս նվիրվեց այդ ուսումնասիրություններին։ Քո բանաստեղծությունները անմահ են»։

Աղվան Վարդանյանը նկատեց, որ Արմեն Դավթյանն, իրոք, իրենց շրջանի ամենատպավորիչ բանաստեղծն է. «Ութսունականների սկզբին նրա մուտքը շռնդալից էր ու տպավորիչ։ Ափսոս, որ Արմենը քիչ գրեց։ Գրքի վերջում տեղադրված էսսե կա, որ հայ ռազմիկին նվիրված փառաբանություն է։ Արմենի այդ գիրը բացառիկբան է։ Շատ կցանկանայի, որ դպրոցներում ու բուհերում ընթերցանության համար պարտադիր գիր լիներ»։



Newmag հրատարակության ղեկավար Արտակ Ալեքսանյանն ամփոփեց անակնկալ  շնորհանդեսը, հույս հայտնելով, որ Դավթյանը կհավանի գրքի տպագրությունը. «Վերնագիրը Պասկեվիչյանն է ընտրել, «Ընտիր երկեր» առաջարկեց Աթաբեկյանը։ Քանի որ դուք շատ հայտնի կուրս եք ու բոլորիդ 60-ամյակն է, պատրաստ ենք հրատարակել բոլորիդ գրքերը»։

\


Կարդացեք նաև

Տարածել

Հազարամյակների և օրերի միջով
Հազարամյակների և օրերի միջով

Արմեն Դավթյան

4800 ֏

Նկարագրություն

Արմեն Դավթյանը ժամանակակից հայ բանաստեղծության ամենատպավորիչ դեմքերից է։ Առաջին քայլերն անելով 1980-ականների սկզբին՝ դարձել է համարձակ ու ինքնատիպ հեղինակ և գրական միջավայրում ճաշակ է թելադրել՝ ընդարձակելով լեզվի ու բանաստեղծական երևակայության սահմանները։ Գրքում ի մի են բերված նրա երկու ժողովածուները՝ «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում», որոնք 1980-1990-ականներին դարձել են խորհրդայինից անկախություն անցման շրջանի հայ պոեզիայի չսպառվող լիցքը՝ ոգեշնչելով ոչ միայն ընթերցողներին, այլև նրա սերնդակից շատ հեղինակների։ Գիրքը տպագրության է պատրաստվել հեղինակի 60-ամյակի առիթով։