Գավառում տեղի ունեցավ Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան» գրքի շնորհանդեսը
07/01/2024
Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան» գիրքը հրատարակչությունը ներկայացրեց Գեղարքունիքի մարզում։ Մարզի ընտրությունը հատուկ էր։
newmag / summer fest-ին հրատարակչությունը ներկայացրեց իր խոհարարական առաջին գիրքը։ Հատուկ շնորհանդեսի համար book tour-ով Հայաստանում է գրքի հեղինակը, որն ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ում։
Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան» գրքի ներկայացման հաջորդ կանգառը հեղինակի հայրենի քաղաքն էր։ Մարզի ընտրությունը հատուկ էր, քանի որ գրքում հենց Գավառի ավանդական ճաշատեսակներն են, իսկ պատմությունները հեղինակի հայրենի քաղաքի, ուտեստների ու բնակիչների վերաբերյալ։ Քրիստինե Գրիգորյանը ծնունդով Գավառից է:
Շնորհանդեսը տեղի ունեցավ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։ Դահլիճը մարդաշատ էր։ Ներկա էին քաղաքի մտավորականները, հեղինակի դասընկերները, մտերիմները։ Շնորհանդեսն անցկացրեց հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
Մոր և տատիկի բաղադրատոմսերը, խոհանոցի համն ու բույրը Քրիստինե Գրիգորյանը փոխանցել է գրքի միջոցով՝ բաղադրատոմսերով, պատմություններով ու Գավառի կոլորիտով.
«Գրքում կա ավանդական ու նաև հեղինակային խոհանոցի գաղտնիքները, գեղարվեստորեն ներկայացրել եմ պատրաստման եղանակները: Ավանդական ուտեստներ պատրաստելը, նոր բաղադրատոմսեր հորինելն օգնել են օտար հողում առնել հարազատների կարոտը, հայ մնալ ու չկորցնել ինքնությունը»:
Գիրք որոշել է գրել դեռ վաղուց։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո հասկացել է, որ հայտնվել է երեխաներին հայեցի դաստիարակելու խնդրի առաջ: Ավանդույթները, խոհանոցային գաղտնիքները նաև իր երեխաներին փոխանցելու հնարավորություն էր, իսկ գիրքը լավագույն միջոցը.
«Արտերկրում մարդիկ հեշտ են ձուլվում, կորցնում են ազգային դիմագիծը, ինքնությունը: Գրքի ստեղծման գործում մեծ դեր խաղաց նաև կարոտը մորս, տատիկիս, մեր հայրական տան հանդեպ, ցանկանում էի զգալ մանկության բույրերը, համերը և խուսափել մենությունից, օտարությունից»:
Ըստ Քրիստինե Գրիգորյանի, Գավառն ունի հարուստ ու ավանդական խոհանոց, սակայն հենց հայերն անտեղյակ են. «Գիրքը միայն տնային տնտեսուհիների համար չէ, լայն լսարանի համար է: Այն հարուստ է ազգագրական նյութերով, ու հատկապես հիմա՝ գլոբալացման շրջանում է շատ ազգերի դիմագծեր ջնջվում են։ Պետք է սեփականը պահպանենք ու դա անենք նաև խոհանոցի միջոցով»։
Գիրքը կօգնի նաև սերունդներին փոխանցել հայկական ավանդական խոհանոցի գաղտնիքները։ Ի դեպ, հրատարակվել է գրքի հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակները։ Հասանելի է ոչ միայն գրախանութներում, այլև newmag.am կայքում:

Քրիստինե Գրիգորյան
12800 ֏
Նկարագրություն
Այս խոհարարական գրքի շնորհիվ կբացահայտեք հայկական խոհանոցը, մի ընտանիքի օրինակով կհետևեք Գավառի ընտանեկան բազում ավանդույթների և պատմությունների։ Ներկայացված յուրաքանչյուր բաղադրատոմս՝ «Քյավառի» փախլավայից մինչև անուշահամ «Մատնաքաշ», կարծես փոխանցում է յուրաքանչյուրիս հոգեհարազատ հուշեր և մեր տատիկների խոհանոցային բույրերը։ Ամեն մի բաղադրատոմսի նախաբանում կգտնեք հեղինակի մանկության դրվագների վերհուշը, կզգաք հիասքանչ համերը, կծանոթանաք հայկական սրտաբաց հյուրասիրության նորմերին ու խոհանոցային ավանդույթներին։
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
