BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կոնգոյում 42 ոստիկանի են գլխատել. ո՞վ ում դեմ է և

Կոնգոյում 42 ոստիկանի են գլխատել. ո՞վ ում դեմ է և ի՞նչ է ուզում

Կոնգոյի՝ Քասաի շրջանում Կամուինա Նսապու խմբավորումը 42 ոստիկանի է գլխատել: Այս զինյալներն իշխանության են ձգտում երկրի Արևելյան և Կենտրոնական Քասաի շրջաններում: Պահանջում են, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչի իրենց կառավարումը: 2016-ի օգոստոսին սպանվեց խմբավորման առաջնորդը, ինչից հետո զինյալներն ակտիվ պայքար սկսեցին Կոնգոյի իշխանությունների դեմ: Այդ ժամանակից ավելի քան 400 մարդ է սպանվել, 200 հազարը տեղահանվել է: Խմբավորման կազմում նաև անչափահասներ են, նույնիսկ 5 տարեկան: Նրանք կարմիր գլխակապեր և թևկապեր են կրում: Զինված են ատրճանակներով ու ավտոմատներով, որոնց մեծ մասը ոստիկաններից են գողացել: 
Կենտրոնական Աֆրիկայում գտնվող այս երկրում արդեն երկու տասնամյակ շարունակվող բախումներում զանգվածային գլխատումն էսկալացիայի նոր փուլ է: 2017-ի ընթացքում սա արդեն երրորդ միջադեպն էր, որ լրատվամիջոցների ուշադրությունն ուղղեց դեպի Կոնգո: Սրանից առաջ փետրվարին համացանցում տեսանյութեր տարածվեցին՝ կառավարական ուժերի՝ զինյալների դեմ իրականացրած գործողությունից, որի ժամանակ 5 օրում 100-ից ավելի մարդ էր սպանվել: 39-ը՝ կանայք:



Բռնապետերի ու բնռապետությունների մասին`



Մարտին առևանգվել է ՄԱԿ-ի փորձագետների 6 հոգանոց խումբը: ՄԱԿ-ը որոնողական աշխատանքներում երկու շաբաթ առաջ խաղաղապահներ է ներգրավել, սակայն նրանք դժգոհում են՝ Կոնգոյի կառավարությունը ոչ միայն չի աջակցում, այլև տապալում է գործողությունը: Սրա համար էլ պատճառ կա: Դեկտեմբերին Կոնգոյի նախագահը, որը պաշտոնը ստանձնել է հոր մահից հետո և որի կառավարման նաև երկրորդ ժամկետը լրացել էր, հրաժարվեց հեռանալ պաշտոնից ու նոր նախագահի ընտրություն կազմակերպել: Պատճառը ձևակերպեց հստակ՝ փող չկա: ՄԱԿ-ը սա գնահատեց որպես սահմանադրական կարգի խախտում: Ցուցարարները դուրս եկան փողոցներ: Նրանցից 50-ին սպանեցին:
Կոնգոն Բելգիայից անկախացել է 1960-ին և այդ ժամանակից այնտեղ բոլորը բոլորի դեմ են՝ հանուն իշխանության, հանուն այդ իշխանությունը տապալելու և հանուն հնարավոր ամեն ինչի: Նաև գերտերություններն ու միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ից մինչև ՆԱՏՕ, օգտագործելով տարբեր ցեղախմբերի պարագլուխների տարաձայնությունները, սեփական զինված միջամտության տարբերակը, խափանում էին կառավարության տնտեսական և քաղաքական միջոցառումները, խռովություններ հրահրում: Միայն 1996-2003-ն ընկած ժամանակահատվածում 5 միլիոն մարդ է մահացել՝ բռնություններից և հակամարտության այլ հետևանքներից: 
Ու այս ամենն ունի մեկ պատճառ. Կոնգոյի ընդերքը հարուստ է նավթով: Սակայն դրանից օգուտ է ստանում հիմնականում գործող նախագահի՝Կաբիլաների ընտանիքը: Քաղաքացիների մեծ մասը օրական 2 դոլարից պակաս գումար է վաստակում: Քասաին, որն այժմ ամենավտանգավոր շրջանն է, աղքատ ու հեռավոր մարզ է, որտեղ հանրային ենթակառուցվածքներ չկան և որտեղ վխտում է անօրինականությունը: Վատ մարզված և վատ վարձատրվող ոստիկաններն իրենց բազմաթիվ վայրագություններ են թույլ տալիս: 5 տեսանյութ կա, թե ինչպես են նրանք կրակ բացում անզեն քաղաքացիների՝ կանանց ու երեխաների ուղղությամբ: Տեսանյութերից մեկի հետքերով, որում դիեր են խեղվում, 7 ոստիկան ձերբակալվել է պատերազմական հանցագործության մեղադրանքով:

Տարածել