Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասե

Տեղի ունեցավ Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

07/05/2024

newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ընթացքում ներկայացրեց իր առաջին խոհարարական գիրքը՝ Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղանը»։ «Բարի լույս» ծրագրի ընթացքում Քրիստինե Գրիգորյանը պատրաստեց նաև իր գրքի բաղադրատոմսերով ուտեսներ։

«Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» գրքի խմբագիրն Անուշ Մուրադյանն է։ Ասում է, որ գիրքը խմբագրելիս փորձել է պատրաստել նախաճաշերը, բայց դեռ չի համարձակվում պատրաստել գլխավոր ուտեստը՝ Գավառի թերթանուշը.

«Հեղինակն իր հուշերը, պատմությունները կապում է ամեն մի ճաշատեսակի հետ։ Պատմում է, թե որ տոներին, ինչ են պատրաստել ինչպես են ընտանիքով այդ տոնն անցկացրել։ Շատ լավ գրելու ձիրք ունի, թափանցում է հոգուդ մեջ։

Զուտ կերակրատեսակները հայտնի են, ավանդական հայկական են, բայց պատրաստման ձևերում կան նորություններ։ Ինձ համար անհասանելի բարձունք է պատրաստել հենց Գավառի բաղադրատոմսով։ Գավառի թերթանուշ պատրաստելու համար կարևոր է իմանալ իրական բաղադրատոմսը»։

Գիրքն ընթերցել է նաև բանասեր Կարինե Փանոսյանը։ Քրիստինեի հետ Կարինեն ծանոթացել է սոցցանցերում, տեսել է՝ ինչպես է հեղինակն իր պատրաստած ուտեստները գեղեցիկ զարդարում ու լուսանկարում.

«Խոհարարների ընտանիքում եմ մեծացել, բոլոր տողերի ենթատեքստում նոր բաներ եմ բացահայտել։ Գիրքը ոչ թե չոր բաղադրատոմսերի հավաքածու է, այլ զրույց մանկության տարիների, մանկության ջերմության ու հարաբերությունների մասին է, սա ընտանիքի ու ազգային արժեքների մասին գիրք է։ Գաթան, մատնաքաշը, որը հայկական հացի տեսակ է, թերթանուշը կամ մյուս բաղադրատոմսերը կարևոր էր ներկայացնել, որպես հայկական ճաշատեսակներ»։

Գիրքը հրատարակվել է երեք լեզվով, բանասերն ասում է, որ կարևոր է, որ ամեն մի բաղադրատոմսից առաջ ներկայացված է ավանդությունը, ուտեստի ծագումը կամ պատմությունը։ Այդ ամենն ընթերցողին ներկայացվում է գեղեցիկ նկարներով ու հուշերով. «Գրքում կան նաև բուսական ուտեսներ ու բաղադրատոմսեր, որոնք հենց Քրիստինեի հեղինակային ուտեստներն են»։

«Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» գրքի հեղինակ Քրիստինե Գրիգորյանը պատմեց, թե ինչպես հայտնվելով Միացյալ նահանգներում սկսեց ընտանիքի համար ավանդական հայկական ուտեստներ պատրաստել։ Երեխաներին մեծացնելու ընթացքում որոշեց ժամանակ տրամադրել նաև ազգային, ընտանեկան համերը վերհիշելուն, որպեսզի երեխաներին լավ ծանոթացնի հայրենիքին.

«Սկսեցի համացանցում փնտրել հայկական խոհանոցային ուտեստները։ Շատ քիչ բան կար։ Լինելով պատմաբան, մասնագիտական փնտրտուք սկսեցի, հետազոտեցի, գրքեր կարդացի, մայրիկի միջոցով վերհիշեցի ընտանեկան բաղադրատոմսերը»։

Քրիստինե Գրիգորյանն ասում է, որ շատ էր ուզում իր գտած, գրած բաղադրատոմսերը հավաքել գրքում, որպեսզի անձնագիր տա այն խորտիկներին ու ուտեստներին, որոնք հայկական արմատներ ունեն. «Գավառի թերթանուշը, գաթան ու շաքար լոխումը ոչ մի տեղ ամրագրված չէին, որպես հայկական ուտեստ, սա շատ կարևոր է, որ մյուս ազգերի մոտ հարց չառաջանա, թե ինչ ուտելիքներ են դրանք»։

«Բարի լույս» ծրագրի ընթացքում Քրիստինե Գրիգորյանը պատրաստեց նաև իր գրքի բաղադրատոմսերով ուտեսներ։

Կարդացեք նաև

  • Summer fest-ին Newmag-ը կներկայացնի իր առաջին խոհարարական գիրքը
  • Քրիստինե Գրիգորյան. «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» (թրեյլեր)
  • Գավառում տեղի ունեցավ Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան» գրքի շնորհանդեսը

Տարածել

Ավանդական ճաշասեղան. Բույրեր, համեր, հուշեր Գավառից
Ավանդական ճաշասեղան. Բույրեր, համեր, հուշեր Գավառից

Քրիստինե Գրիգորյան

12800 ֏

Նկարագրություն

Այս խոհարարական գրքի շնորհիվ կբացահայտեք հայկական խոհանոցը, մի ընտանիքի օրինակով կհետևեք Գավառի ընտանեկան բազում ավանդույթների և պատմությունների։ Ներկայացված յուրաքանչյուր բաղադրատոմս՝ «Քյավառի» փախլավայից մինչև անուշահամ «Մատնաքաշ», կարծես փոխանցում է յուրաքանչյուրիս հոգեհարազատ հուշեր և մեր տատիկների խոհանոցային բույրերը։ Ամեն մի բաղադրատոմսի նախաբանում կգտնեք հեղինակի մանկության դրվագների վերհուշը, կզգաք հիասքանչ համերը, կծանոթանաք հայկական սրտաբաց հյուրասիրության նորմերին ու խոհանոցային ավանդույթներին։