Առաջին աշխարհամարտ-100. Մեծ հանդիպում Փարիզում
Ի սկզբանե պարզ էր՝ Մակրոնը լուրջ ասելիք ունի: Նրա ելույթը Հաղթանակի կամարի տակ շարքային, արարողակարգային ու հիշատակի խոսք չէր: Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ ազգայնականությունը հայրենասիրության հակապատկերն է, ավելին՝ ազգայնականությունը հայրենասիրության դավաճանությունն է: Մակրոնը նաև բացահայտ կշտամբեց Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով, որ մեծ երկիրը դադարում է այդպիսին լինել, երբ ազգային շահը վեր է դասում գործընկերներից և անտարբեր է մնում ընկերների խնդիրների նկատմամբ:
Չնայած բոլոր միջոցառումները մանրամասն մշակվել էին, խնդիրներ, միևնույնն է, ծագել են: Նախ, եղանակը սարսափելի էր մասշտաբային միջոցառման համար: Հորդառատ անձրևի պատճառով 84 երկրի ղեկավար որոշ ժամանակ ստիպված մրսում էր: Լիտվայի նախագահի անձրևանոցն, ընդհանրապես, խափանվել էր, Մակրոնի ելույթի ժամանակ խոսափողը անջատվել էր:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները, այնուամենայնիվ, հանդիպել են: Լիարժեք բանակցություն չի ստացվել, բայց ճաշի սեղանի շուրջ նրանք հասցրել են քննարկել Սիրիան, պատժամիջոցները և միջին ու փոքր հեռահարության հրթիռների համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալը: Պայմանավորվել են բանակցել Բուենոս Այրեսում: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Արգենտինան ընդունելու է Մեծ-20-ի հանդիպումը:
Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի միջոցառման ամենասկանդալային դրվագը Թուրքիայի նախագահի մասնակցությունն էր: Երբ բոլորը խոսում էին հանդուրժողականության, անցյալի դասերը քաղելու, պատերազմներն ու ատելությունը բացառելու մասին, այդ ամենը լսում էր նույն Առաջին աշխարհամարտի ժամանակ ցեղասպանություն գործած և առ այսօր դա հերքող երկրի ղեկավարը: Ավելին, Էրդողանը պաշտոնական ճաշին նստել էր Մակրոնի դիմաց՝ Թրամփի կողքին:
Կարդացեք նաև․
Fake news. ինչպես այն թարգմանել ռուսերեն
Իրանին պատժելու սխալ ուղին
Տարօրինակ օտարացում. Պակիստան և Հայաստան
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի ելույթը խաղաղության համաժողովին կարևոր շեշտադրումներ ուներ: Նախ, Նիկոլ Փաշինյանը հիշատակել է Վիլսոնի 14 կետերը: Խոսքը նաև ինքնորոշման իրավունքի մասին է, որը հետագայում դարձավ ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի առանցքային սկզբունքներից մեկը: Հայաստանն Արցախի իրավունքների հարցը բարձրացրեց հենց Առաջին աշխարհամարտի դասերը քաղելու համատեքստում: Միջոցառումներին մասնակցող 84 երկրների մեծ մասն անկախ պետություն է դարձել հենց Առաջին աշխարհամարտի ավարտին կայսրությունների փլուզման արդյունքում՝ ինքնորոշվելու միջոցով:
Հաջորդն ինքնորոշվելը կենսաբանական սպառնալիք դառնալու անթույլատրելիության մասին էր: Դա հենց այն է, ինչի հետ առնչվում է Արցախի ժողովուրդը, մինչդեռ անցած շաբաթ նույն Ֆրանսիան չառարկեց, որ Նոր Կալեդոնիայում անկախության հանրաքվե անցկացվի:
Հայաստանն Առաջին աշխարհամարտից 100 տարի անց նաև հիշեցրեց, որ Անտանտի երկրներն են առաջին անգամ կիրառել «մարդկության դեմ հանցագործություն արտահայտությունը»՝ նկարագրելով հենց Հայոց ցեղասպանությունը: