Գնել Նալբանդյան. Մեր մտքի գինը մեր ազատությունն է
1998 թվականի հունվարին Ռուսաստանում թողարկվեց նոր 100-ռուբլիանոցը, որի վրա պատկերված էր Մեծ թատրոնը: Եվ մի քանի ժուլիկներ այն սկսեցին վաճառել 50 դոլարով: Ինչպե՞ս: Օգտագործելով Մոսկվայում հայտնված գավառացիների կամ օտարերկրացիների անտեղյակությունն ու դյուրահավատությունը: Ժուլիկները կանգնում էին Մեծ թատրոնի աստիճաններին և ճռճռան 100-անոցները 50 դոլարով վաճառում էին խեղճ մարդկանց` որպես ներկայացման տոմս: Սա նեղմտության գինն է:
Երիտասարդ չինացիներն ու չինուհիները, որոնք ցանկանում են ամուսնանալ, իրենց տվյալները գրում են թղթադրամների վրա և դրանք կրկին դնում շրջանառության մեջ: Եթե որևէ մեկը փնտրում է իր կեսին, կարող է զանգել փողի վրա գրված համարով կամ գնալ գրված հասցեով: Չինացիները հաճախ են ամուսնանում այս ճանապարհով ու բախտորոշ թղթադրամը տանը պահում են որպես սուրբ մասունք: Սա երջանկության գինն է:
Գնել Նալբանդյան. Եվ թող ձեր «այո»-ն լինի այո, «ոչ»-ը` ոչ
«Apple» ընկերությունը 1976 թ. ապրիլի 1-ին հիմնել են Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը, այո՛, բայց եղել է նաև 3-րդ համահիմնադիրը` Ռոնալդ Ուեյնը: Նա 10 % մասնաբաժին ուներ «Apple»-ում, որը, սակայն, նույն թվականի ապրիլի 12-ին վաճառեց 800 դոլարով, քանի որ չէր հավատում նորաստեղծ ընկերության ապագային: Հետագայում Ուեյնը բազմիցս ասել է, թե չի ափսոսում իր այդ քայլի համար, քանի որ այն օրերի տրամաբանությամբ կայացրել էր ամենախելամիտ որոշումը: Սա կասկածամտության գինն է:
Այն ամենը, ինչ անում ենք մենք, ունի իր գինը, որը մնում է աննկատ, քանի դեռ չենք վճարել: Նեղմտության գինը կարմրեցնող է, երջանկության գինը` հպանցիկ, կասկածամտության գինը խաբուսիկ է, ընկերության գինը` համակերպող, իշխանության գինը ուրացնող է, հաղթանակի գինը` կուրացնող, բարեկեցության գինը ճարպակալումն է, բարոյականության գինը` միայնացումը, հանճարեղության գինը խելագարությունն է, իմաստնության գինը` ողբերգությունը, հիվանդության գինը տարիների խնայողությունն է, ծերության գինը` մահվան սպասումը, մեր մտքի գինը մեր ազատությունն է, մեր ամսագրի գինը` հազար դրամ:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
