[Իրականում՝ ոչ] Կառավարությունը պե՞տք է փոխհատուցի ՋՕԸ աշխատակիցներին
Լուսավոր Հայաստանի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը խորհրդարանում տեղեկացրեց, որ ՋՕԸ աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել և պատրաստվում են բոյկոտի: Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանին հունից հանեց: Նա հայտարարեց, որ կառավարությունը չի ընդառաջի ՋՕԸ աշխատակիցներին:
«Ամեն մեկը իր արած-չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, թե աշխատավարձ չե՞ն ստացել: Չեք ստացել, որովհետև չեք աշխատել»,- հայտարարեց վարչապետը:
Խնդիրն այն է, որ Ջուր օգտագործող ընկերությունները հազարավոր դատական գործերի մեջ են ֆերմերների հետ: Գյուղացիները օգտագործում են ոռոգման ջուրը, բայց տարվա վերջում մթերքը չվաճառելու կամ այլ խնդիրների պատճառով չեն վճարում Ընկերությանը: Ուստի ՋՕԸ աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում: Այդ մարդիկ մեղավոր չեն, որ գյուղացին չի կարողանում վճարել: Եվ ստացվում է այնպես, որ աշխատում են, բայց չեն վճարվում:
Կառավարությունը ՋՕԸ աշխատակիցներին պետք է փոխհատուցի նրանց վնասը, որովհետև նրանք նույնպես ՀՀ քաղաքացի են և իրենցից անկախ հանգամանքների բերումով հայտնվել են ծանր վիճակում: Եթե կառավարությունը գումար է տալիս կարկուտից տուժած ֆերմերներին, որոնք չեն կարողացել վաճառել իրենց վնասված բերքը, ապա ինչո՞ւ չվճարի նույն աղետի հետևանքի պատճառով փող չստացած ՋՕԸ աշխատակիցներին:
Ինչո՞ւ չվճարի նույն աղետի հետևանքի պատճառով փող չստացած ՋՕԸ աշխատակիցներին:
ՋՕԸ աշխատակիցներին չստացած աշխատավարձը պետք է փոխհատուցվի, որովհետև նրանք ամառվա շոգին կանգնել են գյուղացու կողքին՝ պարտքով ոռոգման ջուր են տվել, բայց հետո գյուղացին չի վճարել այդ ջրի համար: Նույնն է, որ ձմռանը բազմազավակ ընտանիքի կուտակած պարտքի վրա աչք փակած և լույսը չանջատած լույսի մարդը գարնանը աշխատավարձ չստանա: Պետությունը պատասխանատվություն պետք է կրի նաև ՋՕԸ աշխատակիցների համար:
Բայց կառավարությունը պե՞տք է փոխհատուցի ՋՕԸ աշխատակիցներին: Իրականում՝ ոչ:
Կառավարությունը չպետք է փոխհատուցի ՋՕԸ աշխատակիցների չստացած աշխատավարձը, որովհետև այդ Ընկերություններն անկախ են: Դրանք ձևավորվում են գյուղացիների ընտրություններով: Այսինքն՝ ամեն համայնքում ընտրվում են ներկայացուցիչներ, որոնք ընտրում են կառույցի նախագահ, որն էլ նշանակում է տեղակալներ, աշխատակիցներ:
Կարդացեք նաև․
Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելը ճի՞շտ էր
Գնաճը սարսափելի՞ է
Պե՞տք է արգելել աջ ղեկով մեքենաները Հայաստանում՛
Ընկերությունների պարտականությունն է պետությունից գնել ջուրը, հասցնել գյուղացու հողակտորին և վաճառել: ՋՕԸ պարտականությունն է նորոգել ոռոգման ջրի գծերը, վճարել աշխատողների աշխատավարձը, վճարել էլեկտրաէներգիայի համար, եթե պոմպով ոռոգվող տարածքներ կան ՋՕԸ տարածքում: ՋՕԸ բյուջեն ձևավորվում է գյուղացիների վճարներից և պետական սուբսիդավորումից: Ընկերությունը 1 խմ ջուրը գնում է գրեթե 1 դրամով և վաճառում 11 դրամով, ստանում է նաև մոտ 8 դրամ սուբսիդիա: Այսինքն՝ 1 դրամով գնված ջուրը ֆերմերին վաճառում է բազմապատիկ թանկ: Կառավարությունը չպետք է լուծի այդ Ընկերությունների աշխատակիցների խնդիրը, որովհետև Ընկերությունները ունեն հսկա բյուջե և ճիշտ կառավարման դեպքում աշխատակիցներն այդպիսի խնդիր չպետք է ունենան:
Ընկերությունները ունեն հսկա բյուջե և ճիշտ կառավարման դեպքում աշխատակիցներն այդպիսի խնդիր չպետք է ունենան:
Կառավարությունը չպետք է փոխհատուցի ՋՕԸ աշխատակիցներին, որովհետև այդ Ընկերությունները ձևական, մինիմալ ծախսեր են անում ջրագծերը վերականգնելու համար: Հաճախ նույնիսկ չեն նորոգում: Ֆերմերին հաճախ խաբում են լիտրի մեջ՝ ջուրը տալիս են ավելի քիչ, իսկ մյուս մասը գողանում ու ավելի ցածր գնով վաճառում այլ ֆերմերների: Իսկ գոյացած հսկայական գումարները ծախսում են իրենց ղեկավար կազմի աշխատավարձերի վրա:
Հիմա՝ կառավարությունը պե՞տք է փոխհատուցի ՋՕԸ աշխատակիցներին
Իրականում խնդիրը ոռոգման ջրի կառավարման համակարգի մեջ է: ՋՕԸ համակարգը զարգացած երկրներում գուցե արդարացնում է իրեն, բայց Հայստանում՝ ոչ: Մի կողմից՝ Ընկերությունները պատշաճ ծառայություններ չեն մատուցում, վերածվում են գյուղացիներին դատի տվող կազմակերպության: Մյուս կողմից՝ գյուղոլորտի ոչ արդյունավետ կառավարման պատճառով Ընկերությունները չեն կարողանում փակել իրենց ծախսերը: Հենց այդ պատճառով ոռոգման ջրի կառավարման նոր մոդել է պետք գտնել: