Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն (թրեյլեր)
01/25/2025
Ուղիղ մեկ տարի առաջ Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» հիմնադրամը հայտարարեցին գրական նոր մրցույթի մասին՝ Արցախցի հեղինակներին հրատարակելու ու նրանց աջակցելու համար։ Գրիքի և արվեստի ձմեռային փառատոնին տեղի կունենա մրցույթի դափնեկրի գրքի շնորհանդեսը։
Մրցույթի հաղթողը՝ Հերմինե Ավագյանը, ծնվել է Արցախի Աշան գյուղում։ Մասնագիտությամբ լրագրող է, չորս գրքի հեղինակ։ Արժանացել է գրական մրցանակների Արցախում, Հայաստանում և սփյուռքում։ Արցախցի գրողների մրցույթին ներկայացված «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն հայրենիքի կորստի ու հանդիպման մշտական սպասումի մասին է։
Այս ամիսների ընթացքում Newmag-ը խմբագրեց, փաթեթավորեց Հերմինե Ավագյանի պատմվածքների նոր ժողովածուն։ Հրատարակչության ու հիմնադրամի համար կարևոր է, որ արցախցի հեղինակները չտարրալուծվենհայկական գրական շուկայում, պահպանեն իրենց արցախյան ինքնուրույն դիմագիծը ու գրեն Արցախի մասին։
«Հրաժեշտի աչքերը» ժողովածուն ժամանակից շուտ մեծացած երեխաների, հայրենի տունը լքելու դաժան պարտադրանքի ու անհուն կարոտի մասին է։ Բոլոր պատմվածքներում մարդիկ են, որոնք անցել են մի քանի պատերազմների միջով, տեսել են տեղահանությունն ու մահը։
Գրքի գլխավոր գործընկերը «Թովմասյան» հիմնադրամն է, իսկ գլխավոր հովանավորը՝ «Ամրոց» հիմնադրամը։ Newmag-ի ամառային գրքի ու արվեստի փառատոնին հենց «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը կարդաց լավագույն ստեղծագործողի ու մրցույթի հաղթողի անունը.
«Այս մրցույթի նպատակն է ստեղծել հարթակ գրողների համար, որ պահպանեն կապն արցախյան արմատների հետ, քանի որ գրականությունն ամենակարևոր գործիքներից մեկն է»։
Գրքի առաջին ընթերցողներից է «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի տնօրեն Անի Ղարաբաղցյանը։ Նրա խոսքով, Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» ժողովածուն պատկերում է պատերազմի թողած խորը վերքերը, կարոտն ուլուռ ցավը.
««Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի համար այս գիրքը հանուն հայրենիքի մղված պայքարի և տոկուն դիմակայության անկեղծ վկայությունն է։ Այն պատմում է մարդկանց կորուստների, ուժի և արժանապատվության մասին՝ ապրումակից դարձնելով ընթերցողին։ Հիմնադրամը հպարտությամբ հովանավորում է այս հրատարակությունը՝ համոզված, որ այն կփոխանցի արցախցու անսասան ոգին, կմտնի ընթերցողի սիրտը ու կբացի հավատի մի նոր էջ»։
Ժողովածուի բոլոր հերոսները նման են իրար՝ կորստի ցավով ու հիշատակներով, խաղաղության հավատով ու մեծ հույսով, որ մի օր նորից վերադառնալու են Արցախ՝ տուն։
«Հրաժեշտի աչքերը» պատմվածքի ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winter Fest 2025-ին, փետրվարի 16-ին, 17:00, Dvin Music Hall-ում, մուտքն ազատ է։
Հերմինե Ավագյան
4800 ֏
Նկարագրություն
Մարդկային խեղված ճակատագրեր, ժամանակից շուտ մեծացած երեխաներ, հայրենի տունը լքելու պարտադրանք, կարոտ. սա այն է, ինչ իր հետ բերում է պատերազմը։ Այն մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, շատ նման են իրար. նրանց հոգիներում դատարկ անկյուններ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել, ամբողջացնել։ Պատերազմից հետո մնում է ծանր լռություն, որով իրար հետ հաղորդակցվում են երազանքները կորցրած մարդիկ։ Նրանք իրար հետ խոսում են աչքերով, որովհետև ընկերոջ, հարևանի, որդու, ամուսնու հայացքում նրանք ամեն օր գտնում են իրենց հիշատակները, կորուստները և խաղաղության հավատը: