Տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի «Հարժեշտի աչքերը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
03/10/2025

Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրին ներկայացրեց արցախցի գրող Հերմինե Ավագյանի պատմվածքների ժողովածուն։ Գրքի գլխավոր գործընկերը «Թովմասյան» հիմնադրամն է, գլխավոր հովանավորը՝ «Ամրոց» Ազգային զարգացման հիմնադրամը։
Հերմինե Ավագյանը Newmag հրատարակչության ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հայտարարած արցախցի գրողների մրցույթի դափնեկիրն է։ Մրցույթը հայտարարվել էր անցյալ տարի, իսկ այս տարվա փետրվարին հրատարակչության ձմեռային փառատոնին ներկայացվեց «Հարժեշտի աչքերը» պատմվածքի ժողովածուն։ Գրքի գլխավոր գործընկերը «Թովմասյան» հիմնադրամն է։ Գլխավոր հովանավորն «Ամրոց» Ազգային Զարգացման հիմնադրամն է։
Ըստ «Ամրոց» Ազգային Զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քնարիկ Ջալաթյանի, Արցախն ու արցախցիների պատմությունն իրենց ուշադրության կենտրոնում են. «Արցախն ու Արցախի հետ կապված ծրագրերը մեզ համար շատ կարևոր են։ Այդ պատճառով էլ դարձանք այս գրքի հովանավորը։ Մեր հիմնադրամը կառուցված է չորս հիմնասյուների վրա՝ հայրենիք, լեզու, հավատ, արժեք։ Մեզ համար կարևոր է նաև գեղարվեստական ներկայացնել արցախցիների պատմությունը։
Մենք ունենք «Ծիլ» պատանի ստեղծագործողերի մրցույթ, որի շրջանակում կարևորում ենք հայերենը, հայերենով ստեղծագործելը։ Այս գրքում հեղինակը մաքուր, գեղեցիկ ու եթերային լեզվով ներկակայցնում է արցախցիներին ու նրանց մասին պատմություններ։ «Ծիլ» երիտասարդ ստեղծագործողների ծրագրի շրջանակներում մեզ աջակցում է նաև արցախցի գրող Հերմինե Ավագյանը։ Սեպտեմբերին կլինի մրցույթ, որտեղ ոգևորում ենք երիտասարդներին ստեղծագործել հայերենով՝ բարբառներով, արևմտահայերեն, արևելահայերեն»։
Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» գրքի առաջին ընթերցողներիցն է երգահան, երգչուհի, թարգմանիչ Լիլիթ Բլեյանը. «Երևի ընթներցողները կմտածեն, թե գրքից հետո շատ ծանր նստվածք կլինի, բայց գիրքը հոգեթերապիայի ազդեցութուն ունի։ Սկզբում գալիս է այն, ինչ մենք տեսել ենք՝ ծանր, աննկարագրելի պատմությունները, որոնք իր նուրբ գրիչով նկարագրել է Հերմինեն։ Վերջում գնում ենք սկիզբ, որտեղ մարդիկ ապրում էին իրենց գեղեցիկ միջավայրում, ու չէին մտածում, որ լքելու են իրենց հայրենիքը։
Արցախյան հեղինակներին տպագրելը կարևոր է, քանի որ արցախյան կյանքի մասին հենց գրքերից, կենդանի վկայություններով ենք լսելու ու իմանալու։ Հերմինեն իր պատմվածքներում չի չափազանցնում, չի զարդարում, բայց միաժամանակ շատ գեղեցիկ է ներկայացնում իրականությունը։ Վերջերս շատ եմ վերադառնում այն մտքին, որ ժամանակին շատ էինք խոսում Արցախի ստաուս քվոյի մասին, որը պետք է վերածվեր կայուն խաղաղության։ Բայց արդյոք, ճիշտ ճանապարհով էինք գնում, որպեսզի պահպանենք արցախյան փխրուն խաղաղությունը։ Ուզում եմ հասկանալ, թե ինչ ենք արել դրա համար, հետո հասկացա, որ տասնապատիկ քիչ ենք արել։ Մենք այնպես պետք է անեինք, որ մեր հասարակությունը Արցախն ու Արցախի կարևորությունը հասկանային»։
Գրքի հեղինակ Հերմինե Ավագյանը պատմեց, որ Արցախի բլոկադայի ժամանակ եղել է Երևանում ու չի կարողացել տեսնել իր հարազատներին, այդ պատճառով սկսել է գրել, որպեսզի այդպես լցնի իր հոգու դատարկությունը.
«Կամուրջից այն կողմ մի ամբողջ աշխարհ էր ու այն Հերմինեն, որն իր երիտասարդությամբ, երազանքներով մնացել էր կամրջի այն կողմում։ Ինձ օգնեց գրականությունը։ Ես երբեք չէի մտածի, որ այդ ամենը մի օր գիրք կդառնա։ Եթե չլիներ Newmag-ի ու «Թովմասյան» հիմնադրամի գրական մրցույթը, այս գիրքն էլ գուցե չլիներ։ Սա ցավոտ թեմա է, չգիտեի հրատարակել, թե ոչ։ Մրցույթին դիմել եմ վերջին օրը, քանի որ հասկացա՝ այսօր, առավել քան երբևէ, բոլոր հարթակներով պետք է խոսենք Արցախի մասին։ Այդ պատմվածքները իրապատումներ են, շատերը ինձ գրել են, որ իրենց տեսել են, գտել են իմ պատմություններում։ Երբեմն ինձ թվում է, թե իմ մասին եմ գրում, քանի որ այդ ամենը ապրել եմ։ Բայց երբ ընթերցողները տեսնում են նաև իրենց, ինձ համար դա շատ կարևոր պատասխանատվություն է, որ ավելի բծախնդրորեն մոտենամ իմ աշխատանքին»։
«Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուի հեղինակ Հերմինե Ավագյանն ասում է, որ պատերազմը մարդկության մեծագույն ցավն է, որի բուժման միակ դեղամիջոցը սերն է։ Հեղինակն իր ստեղծագործություններով խոսում է մարդկանց հոգիների հետ։
Կարդացեք նաև

Հերմինե Ավագյան
4800 ֏
Նկարագրություն
Մարդկային խեղված ճակատագրեր, ժամանակից շուտ մեծացած երեխաներ, հայրենի տունը լքելու պարտադրանք, կարոտ. սա այն է, ինչ իր հետ բերում է պատերազմը։ Այն մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, շատ նման են իրար. նրանց հոգիներում դատարկ անկյուններ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել, ամբողջացնել։ Պատերազմից հետո մնում է ծանր լռություն, որով իրար հետ հաղորդակցվում են երազանքները կորցրած մարդիկ։ Նրանք իրար հետ խոսում են աչքերով, որովհետև ընկերոջ, հարևանի, որդու, ամուսնու հայացքում նրանք ամեն օր գտնում են իրենց հիշատակները, կորուստները և խաղաղության հավատը:
Կարդա նաև

Ուշագրավ փաստեր «Հազարամյակների և օրերի միջով» գրքի հեղինակի Արմեն Դավթյանի մասին (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

Ո՞վ կհաղթի մարդու և ռոբոտի միջև պայքարում. ինչ է AI-ն անում մարդու փոխարեն ու ավելի սահուն (տեսանյութ)

Չարիքի գրավչությունը. 1920-ականների Գերմանիայի բարոյական կոլապսը «Մի գերմանացու պատմություն» գրքում (տեսանյութ)
