Մարկ Մենսոն. ինչպե՞ս հաղթել ներքին դևերին
Որքան էլ փորձենք անտեսել մեր ներքին դևերին, դրանք միշտ այնտեղ են ու համառորեն դուրս են գալիս մեր գծած կաղապարներից: Որքան շատ ենք փորձում անտեսել նրանց, այնքան ավելի շատ ենք բարդացնում մեր կյանքը: Խմում ենք, որ մոռանանք մեր դևերի մասին: Մեզ շեղում ենք աշխատանքով, որ չհիշենք նրանց գոյության մասին:
Փոքրիկ դևերից մեկը, որի դեմ ես մինչև հիմա պայքարում եմ` ծուլությունն է: Երբ անելիքներս հետաձգում եմ, սկսում եմ ինձ շատ խիստ դատել: Ու ինձ թվում է, թե բոլորն աշխատում են ու պրոդուկտիվ են, իսկ ես իսկական ձախողակ եմ:
Դևերի սկզբնական աստիճանն ինքնաքննադատությունն է` դու ծույլ ես, դու հիմար ես, քեզ չեն կարող սիրել և այլն: Հետո մենք փորձում ենք խուսափել այդ քննադատությունից կամ ապացուցել, որ դա սխալ է: Մենք վեց անգամ մաքրում ենք ավտոտնակը, 11 ժամ աշխատում ենք, որ հետո ասենք` տեսեք, ասում էի, չէ՞, որ ծույլ չեմ: Ինձ նայեք:
Ու ամենավատն այն է, որ որքան էլ փորձեք դևերին հակառակն ապացուցել, այդ զգացողությունը չի անցնում: Միակ այլընտրանքը մնում է քեզ շեղելը, կամ էլ ավելի վատ, հանձնվելը:
Ընկերացիր քո դևերի հետ
Մտովի պատկերացրեք այն դևին, որը ձեզ հետապնդում է: Հետո նստեք ու փորձեք զրուցել նրա հետ: Սա բուժիչ հատկություն ունի` մենք ընդունում ենք մեր թերություններն ու կարեկցում ինքներս մեզ:
Ես նույնիսկ անուն էի տվել իմ դևին` Կառլ: Նա դաժանաբար քննադատում էր ինձ, բայց ես դա նրա դեմ չօգտագործեցի, որովհետև նա էլ բոլորի նման սիրո և կարեկցանքի կարիք ունի: Եվ երբ մի անգամ մտքումս զրուցում էի Կառլի հետ, նա ինձ ասաց.
-Մարկ, դու ես ինձ դև դարձրել: Իրականում ես ընդամենը քո հավակնությունների հակառակ կողմն եմ: Միակ պատճառը, որ ես քեզ քննադատում եմ, այն է, որ դու ինքդ ես դա ուզում:
Մեր ներսում ցանկացած դևի հակազդող հրեշտակ կա: Եթե հրաժարվում ենք մեկից, նշանակում է, որ հրաժարվում ենք նաև մյուսից: Մենք չենք կարող փառաբանել ինքներս մեզ և ընդունել մեր լավագույն հատկանիշները, եթե ի վիճակի չենք ընդունել մեր ամենավատ հատկանիշները: Որքան փորձում ենք մեզ տարանջատել դևերից, այնքան դրանց ազդեցությունը մեծանում է:
Դևերը և կախվածությունը
“Թքած ունենալու նուրբ արվեստը” գրքում ես շատ եմ խոսում ամեն ինչ ունենալու իրավունքի մասին: Մենք հաճախ ենթադրում ենք, որ հատուկ վերաբերմունքի կամ մյուսներից ավելի լավ կյանքի ենք արժանի: Մեր ներքին դևերից ազատվելու ձգտումը ևս ամեն ինչ ունենալու իրավունքի տեսակ է: Այս դեպքում մենք կարծում ենք, որ իրավունք ունենք ու պիտի ապրենք առանց կասկածների և թերահավատության:
Բայց կա մի դառը ճշմարտություն, որը բոլորս պետք է իմանանք` մեր դևերը ոչնչով չեն տարբերվում մյուսներից: Կառլն այցելում է ոչ միայն ինձ: Նա ամեն օր միլիոնավոր մարդկանց է այցելում:
Մենք պետք է ընկերանանք մեր դևերի հետ: Նրանց իշխանությունից ազատվելու միակ ելքը դա է: Ընկերանալ չի նշանակում անպայման համաձայնել նրանց հետ: Դուք կարող եք հարգել նրանց, նույնիսկ եթե համաձայն չեք նրանց հետ: Կարող եք ասել, այո, ես այսօր ծուլացել եմ, բայց դա չի նշանակում, որ վատ մարդ եմ:
Կարդացեք նաև.
- Մարկ Մենսոն. ինչպե՞ս համբերատար լինել անհամբեր աշխարհում
- Մարկ Մենսոն. ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը
- Մեզ հաճախ ծանր փորձություններն են արմատապես փոխում. Մարկ Մենսոն
Ստվերը և լույսը
Ձեր ստվերը բոլոր այն հատկանիշներն են, որոնք դուք չեք սիրում կամ արհամարում եք, հետևաբար խուսափում եք դրանցից և թաքցնում եք դրանք: Այդ ստվերը ձեզ անընդհատ հետապնդում է: Անհնար է փախչել կամ կորցնել հետքը, որովհետև, ի վերջո, այդ ստվերը ձեր մի մասն է: Բայց առանց ստվերի լույս էլ չեք ունենա:
Ստացվում է, որ ձեր ստվերից ազատվելու համար ստիպված եք լինելու ազատվել նաև լույսից և մնալ մթության մեջ: Նույնը դևերի դեպքում է: Հրեշտակներին չեք էլ նկատի, եթե ներքին դևերը չլինեն: Ուրեմն, լավ եղեք ձեր ներքին դևերի հետ, ու ժամանակի ընթացքում նրանք էլ կսկսեն ձեզ լավ վերաբերվել:
Հոդվածի աղբյուր՝ markmanson
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում