BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Ջոջո Մոյես. «Ես մինչ քե

[Շարունակությունը՝ գրքում] Ջոջո Մոյես. «Ես մինչ քեզ»

Երբ նա դուրս եկավ լոգարանից, կինն արդեն արթնացել էր և բարձերին թիկն տված՝ աչքի էր անցկացնում իր մահճակալի մոտ դրված ճամփորդական բրոշյուրները: Կինը հագել էր նրա վերնաշապիկներից մեկը: Խառնիխուռն մազերը ակամայից հիշեցնում էին անցած գիշերվա մասին: Ահա նա կանգնած էր այստեղ՝ վայելելով թռուցիկ հիշողությունները և սրբիչով չորացնելով իր թաց մազերը:
Կինը մի պահ հայացքը բարձրացրեց բրոշյուրից և խոժոռված կախեց շրթունքը: Հավանաբար արդեն դուրս էր եկել խռովելիս շրթունքը կախելու տարիքից, սակայն նրանք դեռ քիչ ժամանակ է, ինչ հանդիպում էին, և դա դեռևս գրավիչ էր թվում:
—  Իսկապես որոշել ես, որ լեռներո՞ւմ ենք արշավի գնալու կամ էլ թե հեղեղատներո՞ւմ ենք ժամանակ անցկացնելու: Սա մեր առաջին համատեղ իսկական արձակուրդն է, իսկ այստեղ հանգստի համար բացարձակ ոչինչ չկա՝ բացի քեզ ինչ–որ տեղից նետելուց և (ձևացնում է, թե իբր սարսռում է) բրդյա շորեր կրելուց:
Կինը բրոշյուրները շպրտեց անկողնու վրա՝ իր ոսկեգույն ձեռքերը դնելով գլխի տակ: Նրա ձայնը խռպոտ էր, ինչը վկայում էր նրանց անքուն ժամերի մասին:
—  Իսկ ի՞նչ կասես, եթե Բալի գնանք՝ մի շքեղ սպա կենտրոն: Կպառկենք ավազների վրա… ժամերով մեզ երես կտանք… երկար հանգստաբեր գիշերներ կանցկացնենք:
—  Ես չեմ կարող նմանատիպ արձակուրդներ անցկացնել: Ես ինչ–որ բանով պիտի զբաղվեմ:
—  Օրինակ՝ ինքնաթիռից թռչե՞ս:
—  Ջուր չտեսած, մի՛ բոբիկանա: Նա ծամածռեց դեմքը.
—  Եթե քեզ համար միևնույնն է, չեմ բոբիկանա:
Տղամարդու վերնաշապիկը թեթևակի թացությունից կպչել էր մարմնին: Նա արագ սանրեց մազերը և միացրեց հեռախոսը՝ խրտնելով հաղորդագրությունների տարափից, որոնք միմյանց հրմշտում էին հեռախոսի փոքրիկ էկրանին հայտնվելու համար:
— Ճիշտ էլ կանես,— ասաց տղամարդը:— Պիտի գնամ: Մենա՛կ նախաճաշիր:
Տղամարդը կռանում է մահճակալի վրա, որպեսզի համբուրի նրան: Նա տաք էր, օծանելիքով օծված և չափազանց սեքսուալ: Կնոջ մազերի հետևից ագահությամբ ներս քաշեց օծանելիքի բույրը: Մի պահ կորցրեց մտքի թելը, երբ կինը ձեռքերով գրկեց նրա վիզը՝ քաշելով դեպի անկողինը:
—  Հիմա ի՞նչ, մի տեղ գնալո՞ւ ենք այս հանգստյան օրերին:
Տղամարդը դժկամորեն պոկվեց նրանից.
— Կախված է, թե ինչպես կընթանա գործարքը: Դեռ ամեն ինչ կարծես օդում կախված է: Չի բացառվում, որ Նյու Յորքում մնամ: Իսկ եթե մի տեղ ընթրե՞նք, ի՞նչ կասես: Ռեստորանի ընտրությունը թողնում եմ քեզ:
Նրա մոտոցիկլավարի հանդերձանքը դռան հետևում էր, և նա գնաց վերցնելու դա:
Կինը նեղացրեց աչքերը:
—  Ընթրի՞ք: Պարոն Բլեքբերիի հե՞տ, թե՞ առանց:
—  Ի՞նչ:
—  Քո այդ Բլեքբերին ստիպում է ինձ երրորդն ավելորդ զգալ:
Նա նորից կախեց շրթունքը.
— Կարծես թե միշտ ինչ–որ երրորդ մեկը փորձում է կորզել քո ուշադրությունը:
—  Հեռախոսս անձայն ռեժիմի տակ կդնեմ:
—  Ուի՛լ Թրեյնըր,— հանդիմանում է նա— պետք է երբեմն նաև ընդհանրապես անջատել այն:
—  Անցած գիշեր հենց այդպես էլ արեցի, այնպես չէ՞:
—  Միայն տևական ճնշումներից հետո:
Նա քմծիծաղ տվեց:
—  Հիմա դրան այդպե՞ս են անվանում:
Լիզայի երևակայությունը տղամարդու մասին սպառված էր: Նա իր մոտոցիկլավարի պիջակը արագ գցեց ձեռքին, Լիզային հրաժեշտի օդային համբույր տվեց և հեռացավ:
Բլեքբերիին քսաներկու հաղորդագրություն կար. առաջիններից մեկը եկել էր Նյու Յորքից առավոտյան ժամը 3:42: Նա վերելակով իջավ ստորգետնյա կայանատեղին՝ փորձելով տեղեկանալ երեկվա բաց թողած իրադարձություններից:
—  Բարի՛ առավոտ, պարո՛ն Թրեյնըր:
Անվտանգության աշխատակիցը կարծես դուրս թռավ իր ննջախցից, որ պաշտպանում է նրան ցանկացած եղանակից, չնայած որ ներքևում մի եղանակ էլ չկար պաշտպանվելու: Ուիլը երբեմն զարմանում է, թե նա ինչ է անում այստեղ առավոտ ծեգին՝ հայացքը հառած անվտանգության տեսախցիկների տեսագրությանն ու 60 000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ ավտոմեքենաների թավշափայլ թափարգելներին, որոնք երբեք չեն կեղտոտվում:
Նա ձեռքը մեկնեց, որ հագնի կաշվե բաճկոնը:
—  Եղանակը ինչպիսի՞ն է, Մա՛յք:
—  Ահավոր է: Հորդառատ անձրև է:
Ուիլը կանգնեց:
—  Իսկապե՞ս: Մոտոցիկլի եղանա՞կ չէ:
Մայքը տարուբերեց գլուխը:
—  Ո՛չ, պարո՛ն: Միայն եթե փչովի հարմարանք ունեք կամ էլ մեռնելու ցանկություն:
Ուիլն անթարթ նայում էր իր մոտոցիկլին, այնուհետև արագորեն ազատեց իրեն իր կաշվեղենից: Կապ չունի, թե Լիզան ինչ էր մտածում իր մասին. նա, միևնույնն է, այն մարդկանցից չէր, ովքեր սիրում են անտեղի ռիսկի դիմել: Նա բանալիով բացեց մոտոցիկլի վերևի արկղը և կաշվեղենը տեղավորեց այնտեղ: Նորից կողպեց այն և բանալիները նետեց դեպի Մայքը, ով և հմտորեն դրանք բռնեց:
—  Խցկի՛ր դրանք իմ սենյակ դռան տակից, կանե՞ս:
—  Խնդիր չկա, պարո՛ն: Ուզո՞ւմ եք՝ տաքսի կանչեմ:
—  Ո՛չ: Ո՛չ: Կարիք չկա, որ երկուսս էլ թրջվենք:
Մայքը սեղմեց կոճակը, որպեսզի բացի դռան ավտոմատ ճաղավանդակը, իսկ Ուիլը արագ դուրս եկավ՝ ձեռքը ի նշան շնորհակալության թեթևակի վերև բարձրացնելով: Խավար էր և որոտուն, կենտրոնական Լոնդոնի երթևեկությունը արդեն խիտ էր ու դանդաղ, չնայած որ հազիվ յոթն անց կես էր: Ուիլը բարձրացրեց օձիքը, որպեսզի ծածկի պարանոցը, և լայն քայլերով իջավ փողոցն ի վար՝ դեպի խաչմերուկը, որտեղից հավանաբար կկարողանար տաքսի բռնել: Ճանապարհները ողորկ էին թաց անձրևից, մայթի արտացոլանքում առկայծում էր մոխրագույն լույսը:



Կարդացեք նաև.



Ուիլը մտքում հայհոյեց, երբ մայթեզրին տեսավ եղանակին համապատասխան հագնված մարդկանց: Այս երբվանի՞ց է ամբողջ Լոնդոնը այսքան վաղ արթնանում: Կարծես թե բոլորը նույն բանն են մտածում:
Ուիլը փորձում էր կանգնելու համար հարմար տեղ գտնել, երբ հեռախոսը զանգեց: Ռուփերթն էր:
—  Ճանապարհին եմ: Փորձում եմ տաքսի բռնել:
Ճանապարհի հակառակ կողմում նարնջագույն լույսով մի տաքսի նշմարվեց, և Ուիլն արագ քայլերով սկսեց մոտենալ դրան՝ հուսալով, որ ուրիշ մեկը այն չի տեսել: Մի ավտոբուս աղմուկով անցավ Ուիլի կողքով, որին հետևեց ճռռացող արգելակներով մի բեռնատար՝ խլացնելով Ռուփերթի ձայնը:
— Չեմ լսում քեզ, Ռո՛ւփ,— գոռաց Ուիլը՝ փորձելով ճեղքել երթևեկության աղմուկը,— նորի՛ց ասա:
Կղզու վրա կարճատև աքսորից հետո մեքենաների հոսքը կարծես Ուիլի վրա էր գալիս որպես մի մակընթացություն: Նա տեսավ նարնջագույն բոցափայլ լույսը, բարձրացրեց իր ազատ ձեռքը՝ հուսալով, որ վարորդը կտեսնի իրեն հորդառատ անձրևի միջից:
— Ուի՛լ, պիտի Ջեֆին զանգես՝ Նյու Յորք: Նա դեռ այնտեղ է, քեզ է սպասում: Երեկ գիշեր փորձեցինք քեզ գտնել:
—  Ի՞նչ է պատահել:
—  Իրավական խոչընդոտ: Մաս .... երկու կետերը, որից նրանք խույս են տալիս .... ստորագրություն .... թղթեր:
Անձրևի թացությունից ճռճռացող անիվներով մի մեքենա անցավ՝ խլացնելով Ռուփերթի ձայնը:
—  Չհասկացա:
Տաքսին տեսել էր նրան: Այն աստիճանաբար դանդաղեցնում էր իր ընթացքը՝ մի լավ ցողաշիթ արձակելով, երբ վերջնականապես կանգնեց ճանապարհի հակառակ կողմում: Ուիլը հեռվում տեսավ մեկին, ում թեթև վազքը դանդաղեց հիասթափությամբ, երբ հասկացավ, որ տաքսին առաջինը Ուիլին էր հասնելու: Ուիլը հաղթանակի մի թաքուն զգացում ապրեց:
—  Լսի՛ր Ռո՛ւփ, ասա՛, որ Քելլին թղթերը դնի սեղանիս,— գոռաց Ուիլը:— Տասը րոպեից այդտեղ կհասնեմ:
Ուիլը նայեց ճանապարհի երկու կողմը, այնուհետև գլուխը արագ իջեցրեց՝ վերջին երկու քայլն անելով դեպի ճանապարհի հակառակ կողմում կանգնած տաքսին՝ ‹‹գնանք ԲլեքՖրայըրս›› բառերը շուրթերին: Անձրևը անխնա ներս էր հորդում օձիքի և վերնաշապիկի արանքից: Մինչ գրասենյակ հասնելը ամբողջությամբ կթրջվեր, եթե նույնիսկ ստիպված լիներ միայն այդ կարճ տարածությունը ոտքով գնալ: Գուցե նաև հարկ լիներ քարտուղարուհուն ուղարկելու նոր վերնաշապիկի հետևից:
—  Պետք է նաև հաջողությամբ ավարտենք քաղաքական այդ բարեհուսության գործընթացը նախքան Մարթինի գալը…
Ուիլը թեթևակի բարձրացրեց գլուխը՝ հանկարծակիի գալով ավտոմեքենայի շչակի անտանելի մռնչյունից: Իր առջև տեսնելով փայլուն սև տաքսիի մի մասը՝ Ուիլը հասկացավ, որ կանգնել էր դրա ճամփին և այլևս հնարավոր չէր ինչ-որ կերպ դուրս պրծնել դրա ճանկերից: Ուիլը ապշահար բացեց ձեռքը, և Բլեքբերին ընկավ գետնին: Ուիլը ճչոցներ էր լսում, որոնք միգուցե իր իսկ ճիչերն էին: Վերջին բանը, որ նա տեսավ, մի կաշվե ձեռնոց էր, սաղավարտի տակից իրեն նայող մի դեմք և այդ դեմքից սարսափահար իրեն նայող զույգ աչքեր: Մի պայթյուն որոտաց՝ ամեն ինչ բաժանելով մանր բեկորների:
Հետո ամեն ինչ լռեց:

«Զանգակ» հրատարակչություն, 2018

Տարածել