BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Դարի պահանջը. ինչու՞ և ինչպե՞ս որդուն դարձնել ֆեմի

Դարի պահանջը. ինչու՞ և ինչպե՞ս որդուն դարձնել ֆեմինիստ

Այսօր աշխարհն այնպիսին է դարձել, որ ավելի շատ հնարավորություն է տալիս աղջիկներին. փոքր հասակից մենք նրանց ներշնչում ենք, որ կարող են դառնալ ինչ ուզում են, անգամ՝ տիեզերագնաց: Բայց նույնը չենք անում տղաների հարցում:  Տղաների աշխարհը սահմանափակված են: Արդյունքում՝ մենք ստիպում ենք նրանց խեղդել ներքին ցանկությունները: Այս կարծիքին են սոցիոլոգները:


Արդար ու զարգացած հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է երկու սեռի երեխաներին էլ նույն կերպ դաստիարակել, չգերագնահատելով կամ չթերագնահատել որևէ մեկի դերը: Կյանքի այնպիսի հմտություններ, ինչպիսիք են համագործակցությունը, ներողամտությունը և ջանասիրությունը, հաճախ համարվում են քնքշության մարմնացում: Մենք փորձու ենք հեռու պահել մեր տղաներին այս ամենից:


Ծնունդով նիգերացի Չիմամանդա Նգոզի Ադիչին իր նոր գրքում խորհուրդներ է տալիս, թե ինչպես պետք է դաստիարակել ֆեմինիստ աղջիկ, իսկ ահա ֆեմինիստ տղաների մասին՝ ոչ մի խոսք:


 Ո՞վ է ֆեմինիստը:


Այս հարցի պատասխանը գտնելու համար The New York Times-ի հոդվածագիրը զրուցել է նյարդաբաններին, տնտեսագետներին, հոգեբաններին և շատ ու շատ այլ մասնագետների հետ, որոնք զբաղված են գենդերային հետազոտություններով: Ֆեմինիստը մարդ է, որը հավատում է տղամարդկանց  ու կանանց լիարժեք հավասարությանը: Մարդ, ով բարի է, վստահ է իր հնարավորությունների վրա ու ազատ է իրականացնելու իր երազանքները:


Իսկ ինչպե՞ս դաստիարակել ֆեմինիստ որդի. թույլ տվեք նրան լացել


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաները՝ տղա, թե աղջիկ, ունեն նույն հույզերը: Մինչև 5 տարեկանը նրանք հավասարապես ցույց են տալիս դրանք: Իսկ ահա 5 տարեկանից հետո մենք ստիպում ենք տղաներին զուսպել արցունքները՝ արցունքները տղաների համար չեն, իսկ ահա զայրանալ կարելի է: Այս կերպ մենք տղաներին մեծացնում ենք մարդկային զգացմունքներից զուրկ մարդիկ՝ ռոբոտներ:


Ցույց տվեք նրան հիացմունքի արժանի իրական կերպարներ


Հետազոտությունները ցույց են տվել, որ տղաներին շատ ավելի է անհրաժեշտ օրինակելի անձը, քան աղջիկներին: Առանց հոր մեծացող տղաների համար դժվար է հասկանալ, թե ինչ է պարտականությունը, նա դա չի տեսել: Իրավիճակից դուրս գալու լավագույն հնարը երեխային առաջընթաց ունեցող լավ մարդկանցով շրջապատելն է:


Նրա հետ խոսեք նաև ուժեղ կանանց մասին, օրինակներ բերեք կյանքում, սպորտում, քաղաքականությունում բարձունքների հասած կանանց մասին: Միայնակ մայրերի որդիները սովորաբար հարգանք են ցուցաբերում մեծ նվաճումների հասածների նկատմամբ:





Կարդացեք նաև.



Թույլ  տվեք նրան լինել այնպիսին, ինչպիսին ուզում է


Թույլ տվեք երեխաներին ինքնուրույն ընտրել անգամ գույները: Նորածին հասակից նրանց գույներով ենք տարբերակում՝ վարդագույն տիկնիկը աղջիկներին, իսկ երկնագույն բեռնատարը տղաներին: Գունային տարբերություն ենք դնում անգամ բաժակների, ատամի խոզանակների, շորերի դեպքում: Թվում է, թե ինչ ազդեցություն կարող է թողնել սա երեխայի վրա, այն էլ այն դեպքում, երբ երեխաները սեռային տարբերությունը նկատում են 2-3 տարեկանից: Պարզվում է՝ շատ մեծ:  Ըստ Կալիֆոռնիայի Սանտա Կրուզ համալսարանի հոգեբանության բաժնի վարիչ Քեմփբել Լայերտի, խաղալիքների տարբերակումը, դրանց գունային նախապատվությունը մեծ ազդեցություն է թողնում երեխաների ենթագիտակության վրա: Երեխաներն արդեն սահմանափակում են տեսնում:


Մենք խրախուսում ենք աղջիկներին դառնալ ֆուտբոլիս, վիրաբույժ, իսկ ահա տղաները բուժեղբայր լինել չեն կարող, բալետի գնալն ամոթ է:


Սովորեցրեք նրան մաքրել իր հետևից


Ասում են՝ մայրերը դաստիարակում են դուստրերին, բայց սիրում որդիներին: Հենց այս սերն էլ սխալ տարբերություն է դնում երեխաների միջև. աղջիկները պիտի լինեն մաքրասեր, ստանան լավ կրթություն, երգեն երգչախմբում, բայց երբ խոսքը վերաբերվում է տղաներին, սահմանափակում է դրվում՝ երգչախումբը տղայի համար չէ: Սովորեցրեք նրան մաքրել իր շուրջը, որպեսզի հետագայում դրա համար չվճարի ուրիշին:


Սովորեցրեք խնամել ու հոգ տանելու ուրիշների մասին


Կանայք հոգատար վերաբերմունք են ցուցաբերում երեխաների և տարեցների նկատմամբ, զուգահեռաբար գնում են աշխատանքի, կատարում տնային գործեր: Նույնը սովորեցրեք ոչ միայն աղջիկներին: Տղաներն էլ պիտի հասկանան, որ հարազատներին խնամելն իրենց գործն է: Անհրաժեշտ է, որ տղաներն էլ հոգ տանեն կրտսեր եղբայրների ու քույրերի մասին: Կարող են նաև կենդանիներ պահել: Խրախուսեք, որ նրանք լինեն մարզիչ, ուսուցիչ, դաստիարակ:


 Կիսեք աշխատանքը


Լավագույն օրինակը երեխայի համար ծնողներն են: Եթե ծնողները օգնում են միմյանց, ապա չկա ավելի խոսուն դաստիարակություն, քան նմանակումը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե երեխայի մայրն աշխատող է, հատկապես նա աշխատանքի է գնում որդու դեռահասության շրջանում, ապա երեխայի ապագա կինն էլ չի նստի տանն ու երեխա խնամի, նա սովորում է ապրել աշխատող կնոջ հետ:


Խրախուսեք ընկերությունն աղջիկների հետ


Արիզոնայի պետական ​​համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ նախադպրոցական տարիքից հետո երեխաները հստակ առանձնացնում են սեռային տարբերությունը: Սակայն այն տղաները, որոնք շարունակում են խաղալ աղջիկներին հետ՝ սեռային տարբերություն չդնելով, նրանք հետագայում ավելի հեշտ են հաղորդակցվում բոլորի հետ:


Ուսումնասիրությունը պարզել է, որ այն մանկապարտեզներում, որտեղ դաստիարակն իր խոսքում օգտագործել է «աղջիկներ ու տղաներ» դիմելաձևը, այլ ոչ թե «երեխաներ», ապա հետագայում երեխաների մոտ դերային կարծրատիպն ավելի ուժեղ է լինում:


«Ոչ»-ը նշանակում է «ոչ»


Հարգանք ու համաձայնություն. սա էլ է պետք սովորեցնել վաղ տարիքից: Ձեռ չտալ դիմացինին, եթե նա դա չի ցանկանում: Սովորեցրեք «ոչ» բառի ուժը: Դա կարող եք անել նաև խաղի միջոցով, եթե երեխան այլևս չի ուզում, դադարեցրեք խաղը:


Խոսեք անհանդուրժողականության մասին


Մի լռեք, երբ նկատում եք զրպարտություն: Հասկացրեք, որ այդ դեպքերում տղաները կարող են միջամտել: «Տղան տղա է» արտահայտությունը վատ վարքի արդարացում չէ:


Երբեք «աղջիկ» բառը մի օգտագործեք տղաներին վիրավորելու համար


Զգույշ եղեք արտահայտությունների մեջ: Երբեք տղային «լացկան աղջիկ» մի անվանեք, վատ իմաստով մի համեմատեք աղջկա հետ, «ղզիկ» մի անվանեք: Այս վիրավորական հոմանիշները կարող են ատելություն առաջացնել աղջիկների նկատմամբ:


Շատ կարդացեք, նաև աղջիկների ու կանանց մասին


Շատ են կարծիքները, որ տղաներն ավելի շատ գլուխ են հանում գիտությունից, մաթեմատիկայից, իսկ աղջիկները՝ հումանիտար առարկաներից: Ինչո՞ւ է այդպես: Պարզվում է՝ մեղավորը մայրերն են: Նրանք շատախոսում են դուստրերի հետ, քան որդիների, արդյունքում աղջիկների լեզվամտածողությունն ավելի է զարգանում: Փորձեք անել հակառակը: Կտեսնեք, որ տղաներն էլ ոչ պակաս «զարգացած լեզու» կունենան:


Շատ կարդացեք տղաների համար: Գրքի հերոսները թող լինեն նաև աղջիկներն ու կանայք: Մի վախեցեք: Վերլուծեք յուրաքանչյուր իրադարձություն՝ նաև հակառակ սեռի տեսանկյունից:


Ֆեմինիստ որդի դաստիարակելու համար պարտադիր չէ ամեն ինչ ուղիղ ասել կամ հասկանալ: Հիշեք, որ տղան մնում է տղա, նա աղջիկ չէ: Նա պիտի ծառ բարձրանա, ֆուտբոլ խաղա, սպորտով զբաղվի, կոպիտ ու աղմկոտ խաղեր խաղա: Նա տղա է, դա բնության օրենքն է: Սովորեցրեք ուժն արտահայտելուն զուգահեռ չմոռանալ զգացմունքների մասին: Սովորեցրեք հոգ տանել ընտանիքի մասին: Ցույց տվեք, թե ինչպես է պետք կոշտ լինել անհանդուրժողականության դեմ: Նա պետք է վստահաբար հետամուտ լինի իր նպատակներին:


NYTIMES

Տարածել