«Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում Newmag-ը կներկայացնի շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզին ու նրա գիրքը (թրեյլերը)
04/17/2025

Ապրիլի 20-ին Հայաստան կժամանի շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզը։ Այցի ընթացքում «Ցեղասպանության շաբաթվա» ընթացքում տեղի կունենա նրա «Վիրավոր արծիվ» գրքի շնորհանդեսը, բացի այդ՝ նա գրքարշավի ընթացքում հնարավորություն կունենա հայ ընթերցողին ծանոթացնել իր փաստավավերագրական աշխատությունը։
Շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզը բացառիկ անկեղծությամբ վավերագրել է Արցախի ողբերգությունը՝ առանց խմբագրման, առանց ֆոտոշոփի, այնպես, ինչպես կա։ «Վիրավոր արծիվը» գրքում նա յուրահատուկ կերպով կարողանում է բացահայտել մարդկանց պատմություններն ու նրանց անկոտրում ոգին։ Լուսանկարներն ուղեկցվում են հեղինակի նոթերով, որոնք ընթերցողին տեղափոխում են դեպքերի էպիկենտրոն և թույլ են տալիս զգալ մարդկանց ապրումները։
«Վիրավոր արծիվը. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» վերնագրով ֆոտոալբոմը երկլեզու է՝ հայերեն-ֆրանսերեն։ Դեմիր Սյոնմեզը մանրակրկիտ ներկայացրել է 2020-2023 թվականների ճակատագրական իրադարձությունները։ ՆՊատերազմի դաժան իրականությունը, մարտի դաշտը, Ստեփանակերտի դատարկված փողոցները և արցախցիների կյանքը՝ պատերազմի մառախուղով պատված, հայտնվել են նրա գրքում։
Դեմիր Սյոնմեզը ծնվել է Կարինում, ուսանել է Անկարայում։ 1990 թվականից բնակվում է Ժնևում։ Թուրքիայում լրագրությամբ և լուսանկարչությամբ զբաղվել է 1980-ականներին, սակայն քաղաքական ճնշումների պատճառով ստիպված է եղել լքել երկիրը։ 2006 թվականից նա վերսկսել է իր ֆոտոլրագրողի գործունեությունը։
Սյոնմեզը «Լրագրողներ առանց սահմանների» և Լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ է։ 2009 թվականից սյունակ է վարում հեղինակավոր «Tribune de Genève» պարբերականում։ Սյոնմեզի աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներում և հրապարակվել տարբեր ամսագրերում։ Նրա լրագրողական գործունեությունը կենտրոնացած է մարդու իրավունքների, սոցիալական արդարության և բազմազանության թեմաների շուրջ։
Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» պատմական արժեքավոր վավերագրություն է, որը կօգնի պահպանել Արցախի ժողովրդի պատմությունը։ Լուսանկարների միջոցով ընթերցողը կտեսնի պատերազմի անդառնալի հետևանքները և դրա թողած հետքը մարդկանց ճակատագրերում։
ԾՐԱԳԻՐ. «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ»
Ապրիլի 21-ից 24-ը Newmag-ը և AGBU Հայաստանը Երևանում կանցկացնեն «Ցեղասպանագիտության շաբաթ»։ Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ դրամաշնորհով։ Բացառիկ քառօրյակի ընթացքում նոր գրքերի շնորհանդեսներից բացի, տեղի են ունենալու պանելային քննարկում՝ հայ և միջազգային փորձագետների, գրողների մասնակցությամբ։ Հենց այդ շաբաթվա ընթացքում էլ՝ ապրիլի 23-ին, 19:00 տեղի կունենա Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» փաստավավերագրական ֆոտոալբոմի շնորհանդեսը։ Մուտքն ազատ է, այցելուների համար գիրքը՝ 30 տոկոս զեղչ։

Դեմիր Սյոնմեզ
8800 ֏
Նկարագրություն
«Վիրավոր արծիվը. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) գրքում լուսանկարիչ և լրագրող Դեմիր Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը (2020-2023): Նա յուրովի է փոխանցում պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները և նրանց ոգին։ Լուսանկարներն ուղեկցվում են գրավոր նոթերով, որոնք ընթերցողին տեղափոխում են մարտի դաշտ, Ստեփանակերտի փողոցներ և ընկղմում պատերազմի մառախուղով պատված իրականություն։ Այս գիրքը փաստագրական արժեք ունի, հիշողության վկայություն է, հարգանքի տուրք՝ զոհվածներին և սթափության կոչ՝ համայն մարդկությանը։
Կարդա նաև

Book donation/ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները համալրվեցին 500 գրքով (լուսանկարներ)

Տեղի ունեցավ «Համապարփակ անվտանգություն. Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

BOOK DONATION/ «Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ, Newmag-ը 500 գիրք նվիրաբերեց Վայքի համայնքային գրադարանին (լուսանկարներ)

Գրքաքննադատների ու փարձագետների անդրադարձը՝ «Մարմինն ամեն ինչ հիշում է» գրքին (տեսանյութ)
