[100 մոնոլոգ] «Զգուշացե՛ք լուրջ մարդկանցից». Լալա Մնացականյան
դերասանը - Կյանքում շատ բաներից եմ գլուխ հանել, բայց մասնագիտությունիցս բուժում չեմ գտել: Պրծում չկա: Մի գործ է, որ ո՛չ ուզում եմ անել, ո՛չ ուզում եմ չանել: Ո՛չ կարող եմ անել, ո՛չ չեմ կարող: Երբ չեմ անում, հիվանդանում եմ, երբ անում եմ, էլի եմ հիվանդանում: Մասնագիտությունս անվերապահորեն եմ սիրում: Բայց իմ ոչ մի հարազատի խորհուրդ չեմ տա դերասան դառնալ: Հատկապես մեր երկրում: Այստեղ դերասանը ոնց որ աղքատ երկրի նարկոման լինի: Անընդհատ նարկոտիկ չկա կամ էլ կա, բայց թանկ է: Չգիտեմ՝ սա ինչ հիվանդություն է: Քանի անցնում են տարիներդ, ասելիքդ հասունանում է: Տանջանքդ էլ շատանում է: Վատ մասնագիտություն է: Նեղացնում է ինձ մեկ–մեկ: Մի անգամ Գերմանիայում մի ռեժիսոր ասաց. «Ֆանթասթիք աքթրիս, կարող եմ այնպես անել, որ այստեղ մոնոլոգ մնաս, խաղաս»: Ասացի. «Պատկերացրե՛ք՝ ես գերմաներեն բառ մոռանամ, ինչ պիտի անեմ»: Ժամանակին դրսից առաջարկներ շատ են եղել: Ի՜նչ հիմարություն արեցի, որ չգնացի: Ասում էի՝ հայրենասեր եմ: Դրսում էլ հայրենիքդ սիրում ես, հո չես ուրանում:
առավոտյան սուրճ - Երեք րոպե ինքս ինձ հետ: Երեք րոպե, որ ոչ մի բան է: Ո՛չ մտածում եմ, ո՛չ տվայտում: Անկապ երեք րոպե: Սուրճը շատ տաք եմ խմում: Ամեն անգամ լեզուս վառում եմ, հետո գնում եմ, ծորակը բացում, որ սառեցնեմ: Դեռ չի եղել մի օր, որ չվառեմ: Ու ամեն անգամ բարկանում եմ ինքս ինձ վրա: Երեք րոպեներիցս մեկ րոպեն անցկացնում եմ՝ ծորակի տակ լեզուս սառեցնելով:
գգուշացեք լուրջ մարդկանցից - Ոչ միայն զգուշացե՛ք, այլև հարյուր կիլոմետր հեռո՛ւ մնացեք: Լուրջ մարդն անհամ, անդուր, անալի է: Մարդ պիտի գոնե ինքն իրեն հումորով վերաբերվի: Իրենք իրենց չափից դուրս լուրջ վերաբերվող մարդիկ նեղացկոտ են, քեն պահող, ինքնասիրահարված: Ես, ես, ես... ո՞նց, դու ինձ հետ վատ խոսե՞ս, ո՞նց, դու ինձ դավաճանե՞ս, ո՞նց, դու ինձ չսիրե՞ս: Ինձ համար նրանք սիֆիլիսից վատ են:
Կարդացեք նաև.
- [100 մոնոլոգ] Պարտություն է, երբ հանկարծ կյանքիդ օրերը դառնում են միօրինակ. Մուրադ Ջանիբեկյան
- [100 Մոնոլոգ] Գենետիկ հիշողությունից չես ազատվի. Արմեն Ջիգարխանյան
- [100 մոնոլոգ] Սոս Սարգսյան. իմ թեկնածությունը որպես նորանկախ Հայաստանի նախագահ
բոլորս նույնն ենք - Սիրում եմ երկրագնդի այս հատվածը, բայց ուր էլ գնում եմ, արագ համակերպվում եմ: Եթե նույնիսկ լեզուն չգիտեմ: Մի անգամ Բեյրութում մորաքույրս ինձ թողեց վարսավիրի մոտ, որը քրիստոնյա արաբ էր, ու գործով տեղ գնաց: Ո՛չ ես էի անգլերեն խոսում նորմալ, ո՛չ արաբը: Բայց նա իր ամբողջ կյանքը պատմեց, ես՝ իմ: Նույնն էլ ֆրանսիացիների հետ եղավ մի անգամ: Ֆրանսերեն միայն «մեղսի» բառը գիտեմ, մեկ էլ՝ «սե լա վի»: Բայց հասկացանք իրար: Մենք բոլորս տարբեր բջիջներից ենք, բայց բոլորս էլ նույնն ենք: Ազգերն ու կրոններն ինչ-որ մեկն է հորինել ու բաժանել բոլորին: Դե՛, տվե՛ք իրար:
իմ հայրը - Հորս «հայրիկ» եմ ասել: Պաշտել եմ նրան: Ինձ թվում էր՝ ուրիշ մոլորակից է եկել: Նրա հետ կարող էի խոսել Հեգելից մինչև անառակ կին: Ես նրանից գաղտնիք չունեի: Նույնիսկ սիրային պատմություններս էի պատմում: Հայրս մի անգամ ինձ ասաց. «Ինչ էլ անես, ես միշտ տեր եմ, բալի՛կ ջան»: Վերջ: Դա ամենամեծ բանն է, որ ծնողը կարող է ասել զավակին: Ինչպես կարող էի այդ մարդուն չլսել, չհնազանդվել: Նա երբեք չէր քննադատում: Չեմ հիշում, որ ասած լինի. «Ինչո՞ւ ես այս բանն արել»: Դիտողություն չէր անում, չէր էլ բարկանում: Ինքն իր աշխարհում էր ապրում: Մաթեմատիկոս էր: Մի անգամ ասաց. «Եթե լսեն՝ ինչպես եմ մտածում, երևի կասեն, թե ազգություն չունեմ»: Լինելով մեծ հայրենասեր՝ Սարդարապատի հերոսի որդին դա ասաց:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
