«Այս կռվի մանուկները». Newmag-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի 6-րդ երգը հայերեն (տեսահոլովակ)
Newmag-ը հայացրել է Շառլ Ազնավուրի ևս մեկ գործ՝ այս անգամ Les enfants de la guerre երգը։ Այն հայերեն հնչում է այսպես՝ «Այս կռվի մանուկները», որը կատարելու է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։ Հրատարակչությունն այս գործը նվիրում է Արցախի մանուկներին։
Newmag-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգը, որը կատարում է ՀՀվաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։ Տեսահոլովակի ու երգի պրեմիերան տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին, Newmag-ն այն նվիրել էր 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի մանուկներին։
Վերջին դաժան իրադարձությունների պատճառով հրատարակչությունը փոփոխություններ կատարեց տեսահոլովակում՝ ցավով ավելացնելով բռնի տեղահանված արցախցիների և երեխաների ևս մի քանի լուսանկար։ Այս երգն ուղերձ է աշխարհին ու համայն մարդկությանը՝ 120.000 խաղաղ արցախցու, 30.000 մանկան ճակատագրերի մասին, որոնք այսօր նայում են դեպի անհայտություն։
Շառլ Ազնավուրն այս երգը նվիրել է բոլոր պատերազմների երեխաներին, բայց առիթըհանդիսացել է Երկրորդ աշխարհամարտից ունեցած իր հուշերը, երգը շանսոնիեն առաջինանգամ կատարել է 1968-ին։ Հայ գաղթականների ընտանիքում ծնված ու մեծացած արվեստագետը մարդկային տառապանքների ու կորուստների մասին բազում երգեր է կատարել.«Ես ամեն ինչ ասել եմ՝ սեր, բաժանում, երեխաներ, որոնք չկան, պատերազմի երեխաներ․․․ Պատերազմը դժբախտության, դժբախտ դեպքերի մասին է։ Եվ այս երգի վերնագիրը՝ «Այս կռվի մանուկները», ամենից լավ է նկարագրում պատերազմը»։
Պրոդյուսերը՝ Արտակ Ալեքսանյանն է, բանաստեղծության բառերը հայացրել է Լիլիթ Բլեյանը, գործիքավորել է Մարտին Միզոյանը, տեսահոլովակում տեղ են գտել արցախցի Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները, որոնք նա հավերժացրել է վերջին ինն ամիսներին։
Գործընկերներ՝ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ, Արմենիա հեռուստաընկերություն։
Կարդացեք նաև
FRANCOFEST-ին Newmag-ը կներկայացնի Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգը