Newmag-ը «Զանգակ» գրատանը ներկայացրեց Նարինե Աբգարյանի պատմվածքների «Ապրել» ժողովածուն (լուսանկարներ)
06/07/2025

Գրողի յուրաքանչյուր նոր գրքի շնորհանդես սպասված իրադարձություն է ընթերցողների համար։ «Ապրել» պատմվածքների ժողովածուն բացառություն չէր. շնորհանդեսին ընթերցողները եկել էին մեկ ժամ առաջ։
«Ապրել» ժողովածուի պատմվածքներում արցախյան առաջին պատերազմի, Տավուշի Բերդ քաղաքում ապրող մարդկանց կյանքն է։ 31 պատմություններից ամեն մեկը մեկ ընտանիքի կամ մարդու մասին են։ Իսկպատմվածքի վերջում հայտնվող կերպարը հաջորդ պատմության գլխավոր հերոսն է։
Գրողն ասում է, որ իր հերոսներից շատերն ունեն իրական նախատիպեր։ Նրանք ընթերցողին ցույց են տալիս, թե ինչպես են Բերդ քաղաքի բնակիչներն ապրել պատերազմի ժամանակ, կորցրել իրենց սիրելի մարդկանց, հաղթահարել կորուստն ու ցավը ու շարունակել ապրել։
Նարինեն նկատեց, որ գրքի արտասահմանցի ընթերցողները հաճախ մտածում են, որ պատմությունները արցախյան վերջին պատերազմի մասին են, իսկ Բերդ քաղաքը գտնվում է Արցախում։ Հեղինակն անկեղծանում է, որ չի հերքում, քանի որ գրքում էլ չի նշում, թե որտեղ է գտնվում Բերդ քաղաքը։
Նարինե Աբգարյանը կարծում է, որ իր գիրքն ու հերոսները աշխարհին պետք է ցույց տան ապրելու, արարելու հայի ունակությունը. «1915 թվականի ջարդից, պատերազմներից հետո մենք ասում էինք մեզ սպանել են, բայց պիտի բալանսը պահպանվի, որպեսզի կարողանաս ապրել։ Անընդհատ կրակոցների տակ ենք ապրել։ Այդ ամենը, կարծես, կենցաղի մի մասը լիներ։
Բայց գրողի երջանկությունը գիտե՞ք որն է, որ պարզապես նստում ես, գիրք ես գրում ու քեզ թվում է, թե մի 30 պատմվածք ես գրել։ Հետո ընթերցողը գալիս է քեզ բացատրում է, թե դու իրականում ինչ գիրք ես գրել ու ինչ հետաքրքիր մտքեր գրել այդ պատմություններում։ Երջանկություն է, որ քո ընթերցողը քեզ բացատրում է, թե ինչ լավ բան ես արել, ա՛յ գրողի երջանկությունը դրա մեջ է»։
Գիրքը հայերեն է թարգմանել Նարինե Գիժլարյանը։ Նարինե Աբգարյանը շնորհակալություն հայտնեց թարգմանչից գործն այդքան հիասքանչ թարգմանելու համար։
Գրողը շնորհանդեսին անկեղծացավ. չնայած գրում է ռուսերեն, համարվում է ռուս գրող, բայց իրեն զգում է հայ հեղինակ. «Իմ ընթերցողները, քննադատներն ասում են, որ իմ ռուսերենը ճիշտ ռուսերեն չէ, իմ ռուսերենում հնչում է հայերեն երանգը։ Շեշտադրությունը, բառերի կազմությունն այնպես են, կարծես ռուսերեն գիրքը հայերեն կարդաս»։
Գրքի գլխավոր գործընկեր ԱՐԳՈ Ռիելթի ընկերության հանրային կապերի պատասխանատու Հովհաննես Վարդանյանը ներկայացրեց, թե ինչու է Հայաստանի անշարժ գույքի առաջատար ընկերություններից մեկը՝ ԱՐԳՈ Ռիելթին, դարձել այս գրքի գլխավոր գործընկերը.
«Այս կարևոր նախաձեռնությանը միացել ենք, քանի որ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում որևէ կարևոր գործի մասնակից դառնալը, առավել ևս լավ գրականության դեպքում, մեզ համար շատ կարևոր է։
Ինչու՞ Նարինե Աբգարյան. մի պարզ պատճառով, Նարինե Աբգարյանին իսկապես կարդում են, նրա ամեն մի նոր գրքի ծնունդն իսկապես կարևոր իրադարձություն է հայ ընթերցողի համար, որովհետև նա կարողանում է իր շատ թեթև, շատ հուզական, զվարճալի ոճով մարդկանց իրենց հոգու մոտ պահել»։
Նարինե Աբգարյանի «Ապրել» պատմվածքների ժողովածուն Newmag հրատարակչության 200-րդ հոբելյանական գիրքն է։
Կարդացեք նաև
Տեղի ունեցավ Նարինե Աբգարյանի «Ապրել» պատմվածքների ժողովածուի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Նարինե Աբգարյան
5800 ֏
Նկարագրություն
Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը 31 պատմվածքների ժողովածու է։ Բերդ քաղաքի մարդկանց մասին է, ովքեր կրում էին Արցախյան առաջին պատերազմի զրկանքները։ Իրենց առօրյայով, ցավերով ու հույսերով ապրող տավուշեցիների պատմություններն են։ Գիրքը պատերազմից փրկվածների մասին է ու նրանց մասին, ովքեր դարձան այդ արհավիրքի զոհը։ Հեղինակն ասում է՝ պատերազմի մասին գրելը նշանակում է նայել մահվան աչքերի մեջ ու փորձել չփախցնել հայացքը։ Չէ՞ որ ինքդ քեզ կդավաճանես, եթե չկարողանաս ուղիղ նայել։ Կյանքը մահից արդար է․ սա է ճշմարտությունը։ Սրան պետք է հավատալ՝ ապրել կարողանալու համար։
Կարդա նաև

Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին

Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
