Պատերազմի օրերին «Կյանքի նյարդը» վեպը դարձել է երևանյան բեսթսելլեր
Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» գիրքը հայտնվել է երևանյան բեսթսելլերների ցանկում: Սա վեպ է, որտեղ հեղինակը պատմում է 1991-1993թթ. Արցախյան պատերազմի մասին հենց առաջին դեմքով, հենց իր՝ ականատեսի աչքերով: Գիրքը Newmag-ը հրատարակել էր սեպտեմբերին: Շնորհանդեսից կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը կրկին հարձակվեց Արցախի խաղաղ բնակչության վրա: Արման Սաղաթելյանը, ինչպես «Կյանքի նյարդը»-ում, 30 տարի անց էլ ՝ կրկին հայտնվեց պատերազմի թեժ կետում: Գրքի փոխարեն, հեռուստատեսությամբ ուղիղ եթերների ընթացքում Արմանը պատմում էր այն, ինչի ականատեսն էր լինում արդեն երկրորդ անգամ:
Ահա թե ինչպես է նկարագրում վեպում Արմանը՝ կամավոր ռազմաճակատ մեկնելու իր որոշման մասին. «Լուրջ երկընտրանքի առաջ էի։ Բայց, ի վերջո, արթնացած եսասիրության կամ էլ այլ պատճառով վարվեցի այնպես, ինչպես որոշակի վիճակներում հավանաբար բնորոշ է շատ տղամարդկանց. խուսափում ես պատասխանատվությունից ու վերացնում բոլոր հետքերդ։ Ուղղակի չկարողացա ավելի լավ բան մտածել։ Չէի կարծում, թե ինձ կվիճակվի խոստովանել, որ բազմաթիվ փոփոխականներով հավասարումն այս անգամ պարզապես լուծում չունի։ Իսկական ցուգցվանգ, ազնիվ խոսք։ Մի խոսքով, լկտիաբար խաբեցի։ Դրանից սարսափելի տանջվում էի, և այդպես է մինչև հիմա, թեև շատ տարիներ են անցել»...
30 տարի առաջ՝ այնպես, ինչպես հիմա շատ շատերը՝ նորաթուխ ուսանող, ով ընտանիքից գաղտնի հայտնվեց մարտի դաշտում: Հետո արդեն նոթերում, որոնք դարձան իր գրքի էջերը, պատմելու էր՝ ինչպես իր ընկերոջ՝ Տիգրանի հետ մասնակցեցին Չըլդրանի ազատագրմանը: Ուսանող, որն իր տեսանյունից ներկայացրել էր Արցախյան գոյամարտը, կորստի, հաղթանակի րոպեները վայրկեանների ճշգրտությամբ, մանրուքները՝ լուսավոր, եթե անգամ դրանց խորքում ամենադաժան ցավն էր ամփոփված: Անկեղծ, երբեմն նուրբ հումորով, երբեմն դաժան մանրամասնությամբ գրողը ներկայացնում է պատերազմի ընթացքը: Ու այս օրերին «Կյանքի նյարդը» դարձավ ամենապահանջված գրքերից մեկը:
Կարդացեք նաև՝
- Newmag-ն այցելել է «Կյանքի նյարդը» վեպի արցախյան գյուղ, նկարահանել հայտնի տունն ու բնակչներին
- Ուսանողի կյանքը 1990-ականներին. Հանրահավաք, դասեր ու փախուստ դեպի սահման «Կյանքի նյարդը» վեպում
- Առաջին արձագանքներ. հայտնի լրագրողներն ու գրողները՝ «Կյանքի նյարդը» վեպի մասին
Արման Սաղաթելյանի պատկերավոր նկարագրություններում տեսնում ես այսօրվա իրականությունը: Երիտասարդ տղա, ով այնքան ճշգրիտ է ներկայացրել կյանքը՝ պատերազմի ժամանակ. «...ամեն ինչ հստակ է, հանգիստ, կազմակերպված, առանց ավելորդ հույզերի ու շարժումների: Այսպիսի քաղաքին ու նրա բնակիչներին ոչնչով չես վախեցնի: Եվ հնարավոր է շտկել այն վիճակը, որ ռազմաճակատը մայրաքաղաքից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր է հեռու: Հնարավոր է, եթե բանակի կողքին պատերազմում է ամբողջ բնակչությունը՝ մեծերը, փոքրերը, կանայք ու երեխաները: Ամեն մեկը յուրովի է պատերազմում: Մեկը՝ ինքնաձիգով մարտում, մյուսը՝ ծծկեր երեխան գրկին նկուղում, ռմբակոծության տակ»:
Ու ընդամենը մեկ ակնթարթում կյանքն ու մարդու ճակատագրի ընթացքը փոխվում է՝ մի հարվածից, մի դղրդյունից, որին հաջոդրում է մի անտեսանելի թվացող ահասարսուռ լռությունը. «Փողոցում այնպես խաղաղ էր, կարծես ոչ մի ռմբակոծություն էլ չէր եղել. ո՛չ ճիչ, ո՛չ իրարանցում: Ոչ մի բան: Մարդիկ ապրում են քաղաքում, ինչ-որ բան են անում, երեխաները սովորում են դպրոցում, տրանսպորտն իր երթուղով է շարժվում: Ու մեկ էլ... Քաղաքը ռմբակոծում են ինքնաթիռներից կամ ճակատագծի մյուս կողմից: Հետո քաղաքը նորից ապրում է, մեծահասակներն ինչ-որ բան են անում, երեխաները սովորում են, տրանսպորտը շարժվում է իր երթուղով... Կարծես այս ամենը բնական է, կարծես այդպես էլ պիտի լինի: Իսկական մառազմ»:
Ինչպես գրքում՝ 30 տարի առաջ ու հիմա՝ հայրենիքի պաշտպանության առաջնագծում հերոսներն են՝ հայտնի ու անհայտ անուններով, ովքեր դաջվում են հիշողությանդ մեջ ու դառնում քո կյանքի 2-րդ, 3-րդ կամ գուցե 4-րդ պատերազմի հաղթանակի համար մարտնչող իրական դեմքերը: Այդ ժամանակ թվում է՝ բոլորս միահամուռ ենք, բոլորիս պայքարի նպատակը մեկն է, չկան քաղաքականության մեջ բաժանարար գծեր, կա միայն մեկ հայրենիք և մեկ կարգախոս՝ #հաղթելուենք.
«Իսկ ես ժամանակ առ ժամանակ մտածում էի, թե իրար հանդեպ այդ վերաբերմունքն ինչպիսին կլինի հետո, երբ պատերազմն ավարտվի, և կկարողանա՞ն նրանք պահպանել փոխադարձ աջակցության ու ըմբըռնման այդ մթնոլորտը։ Շատ էի ուզում հավատալ, որ այդպես կլինի։ Բայց ինքս էլ հասկանում էի ու պատմությունից էլ գիտեի, որ այդ հավատը խաբուսիկ է:
...Եվ ինչու են բոլորը միասին ու միահամուռ միայն այն դեպքում, երբ վիճակը չափազանց վատ է, ու թվում է՝ ավելի վատ այլևս չի կարող լինել։ Չէ՞ որ եթե այս հարցի պատասխանն իմանանք, գործը վատին կարող է պարզապես երբեք չհասնել»:
Արման Սաղաթելյան
4800 ֏
Նկարագրություն
Ինչո՞վ էր զբաղված և ինչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին: Զգու՞մ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը: Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում: Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ , ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր:
Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանի ազատագրմանը հաջորդել են հայկական ուժերի գարնանային լայնածավալ հակահարձակումը և Մարտակերտի շրջանի ամբողջական ազատագրումը: