BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Օրհան Փամուք. Իմ ան

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Օրհան Փամուք. Իմ անունը Կարմիր է

Միգել դե Ունամունո. Մառախուղը

  • Պատրիկ Զյուսքինդ. Օծանելիք

  • Ահմեդ Համդի Տանպինար. Խաղաղություն

  • Ալբերտո Մուսսա. Ձախ կողմի վարպետը

  • Միլան Կունդերա. Կեցության անտանելի թեթևությունը

  • Պետեր Հանդկե. Դանդաղ վերադարձ տուն




  • Չեմ ասում, թե մահվանը հանդիպելուն պես հասկացա, որ փողը կյանքում կարևոր չէ. անգամ մահից հետո մարդ գիտի, որ փողը կյանքում կարևոր է:
    Այժմ այս վիճակում գիտեմ, որ լսում եք իմ ձայնը և այս հրաշքին նայելով՝ ասում եք. «Հերիք է պատմես, թե որքան գումար ես աշխատել կյանքում: Պատմի՛ր, թե ինչ ես տեսնում այդտեղ: Ի՞նչ կա մահից հետո, որտե՞ղ է հոգին, ինչպիսի՞ն են դրախտն ու դժոխքը, այնտեղ ինչե՞ր ես տեսնում: Մահն ինչպիսի՞ բան է, մարմինդ ցավո՞ւմ է»:
    [1] է
    Տասներկու տարի անց լուսնոտի նման մտա Ստամբուլ, այն քաղաքը, որտեղ ծնվել ու մեծացել եմ: Մահացողների մասին ասում են, որ նրանց հողն է կանչում, իսկ ինձ մահն էր կանչում: Սկզբում, երբ մտա քաղաք, կարծեցի, թե միայն մահ կա, հետո համեմատեցի սիրո հետ: Բայց սերն այն ժամանակ, երբ առաջին անգամ մտա Ստամբուլ, քաղաքի հետ կապված հուշերիս չափ երկար և մոռացված մի բան էր: Տասներկու տարի առաջ Ստամբուլում իմ մորաքրոջ փոքր աղջկան սիրահարվեցի: Ստամբուլից հեռանալուց միայն չորս տարի անց Իրանի անծայրածիր տափաստաններում, ձնոտ սարերում և տխուր քաղաքներում թափառելիս, փոստատար աշխատելիս, հարկ հավաքելիս զգացի, որ կամաց-կամաց մոռանում եմ Ստամբուլի փոքրիկ սիրելիիս դեմքը: Անհանգստանալով՝ փորձեցի հիշել, բայց ինչքան էլ սիրեի, հասկանում էի, որ մարդ մոռանում է դեմքերը, որոնք երկար ժամանակ չի տեսնում: Արևելքում քարտուղարություն անելով և ճանապարհորդելով՝ փաշաների համար ծառայելով անցկացրածս վեցերորդ տարում արդեն գիտեի, որ իմ երազանքների մեջ պատկերացրած դեմքը Ստամբուլի իմ սիրելիի դեմքը չէ: Գիտեմ, որ վեցերորդ տարում իմ սխալ հիշած դեմքը ավելի ուշ՝ ութերորդ տարում մի անգամ էլ մոռացա և կրկին որպես մեկ այլ դեմք սկսեցի հիշել: Տասներկու տարի անց, երբ երեսունվեց տարեկանում վերադարձա իմ քաղաքը, ցավով հասկացա, որ սիրելիիս դեմքը վաղուց եմ մոռացել: Իմ ընկերների, բարեկամների, իմ թաղի ծանոթների մեծ մասն այս տասներկու տարվա ընթացքում մահացել էին: Նեղուցին նայող գերեզմանատուն գնացի, աղոթեցի մորս և իմ բացակայության ընթացքում մահացած մորեղբայրներիս համար: Ցեխոտ հողի հոտը խառնվեց իմ հուշերին. մեկը կոտրել էր մորս գերեզմանի կողքին դրված թասերից մեկը: Չգիտեմ ինչու՝ կտորտանքներին նայելիս սկսեցի արտասվել: Հանգուցյալների՞ համար, այդքան տարի անց տարօրինակ կերպով ապրելո՞ւս, թե՞ ճիշտ հակառակը զգալուս, կյանքի ճանապարհորդության ավարտին հասնելս զգալու համար էի արտասվում, չգիտեմ: Թեթև ձյուն սկսվեց: Այստեղ-այնտեղ քշվող ձյան հատուկենտ փաթիլներին էի նայում մտասուզված, իմ կյանքի անհայտությունների մեջ ճանապարհս էի կորցրել, երբ տեսա, որ գերեզմանոցի մութ անկյուններից մեկից մի շուն է նայում ինձ: Արցունքներս դադարեցին: Քիթս սրբեցի: Տեսնելով, որ սև շունն ընկերաբար շարժում է պոչը, դուրս եկա գերեզմանոցից: Ավելի ուշ հայրական կողմից մեր ազգականներից մեկի հին տներից մեկը վարձելով՝ տեղավորվեցի այդ թաղում: Տանտիրուհին ինձ նմանեցրեց պատերազմի ժամանակ սաֆավիդ զինվորների սպանած որդուն: Տունը կարգի էր բերելու, ինձ համար ուտելիք էր պատրաստելու: Ասես ոչ թե Ստամբուլ էի եկել, այլ ժամանակավոր տեղավորվել էի աշխարհի մյուս ծայրին գտնվող արաբական քաղաքներից մեկում, ասես ցանկանալով իմանալ, թե քաղաքն ինչպիսի բան է, դուրս եկա փողոց, երկար քայլեցի: Փողոցնե՞րն էին նեղացել, թե՞ ինձ էր այդպես թվում: Որոշ տեղերում, իրար ձգվող տների միջև սեղմված փողոցներում բեռնավորված ձիերին չբախվելու համար ստիպված էի պատերին, դռներին քսվելով քայլել: Հարուստները շատացե՞լ էին, թե՞ ինձ էր այդպես թվում: Մի շքեղ կառք տեսա, նման բան ոչ Արաբիստանում, ոչ էլ Պարսկաստանում չկար: Հպարտ ձիերի կրած ամրոցի էր նման: Չեմբերլիթաշի մոտ Թավուքփազարըից եկող զզվելի հոտերի մեջ իրար կողքի կանգնած, ցնցոտիավոր անամոթ մուրացկանների տեսա: Մեկը կույր էր և ձյան թափվող փաթիլներին նայելով՝ ժպտում էր:
    Եթե առաջ ասեին, որ Ստամբուլն ավելի աղքատ, ավելի փոքր, ավելի երջանիկ էր, գուցե չհավատայի, բայց սիրտս այդպես էր հուշում: Իմ թողած սիրելիի տունը պատված էր լորենիներով և շագանակենիներով: Հարցրի, ասացին, որ այնտեղ արդեն ուրիշն է ապրում: Իմ սիրելիի մայրը՝ մորաքույրս, մահացել էր, նրա ամուսինն ու դուստրը տեղափոխվել էին, և ինչպես ասացին դռան մոտ կանգնած մարդիկ, ովքեր այդպիսի դեպքերում չեն նկատում, թե ինչպես են կոտրում ձեր սիրտը և երազանքները, նրանց գլխով շատ փորձանք էր անցել: Հիմա չպատմեմ ձեզ այդ ամենի մասին, բայց ասեմ, որ հին այգու լորենու ճյուղերից ճկույթ մատիս մեծությամբ սառույցի կտորներ էին թափվում, ժամանակին տաք, կանաչ և արևոտ ամառային օրերով լի այգին դժբախտությունից, ձյունից և անխնամությունից մարդուն ստիպում է մտածել մահվան մասին:
    Բարեկամներիս դժբախտությունները մասամբ գիտեի մորաքրոջս ամուսնու՝ ինձ Թավրիզ ուղարկած նամակից: Այդ նամակում մորաքրոջս ամուսինն ինձ կանչում էր Ստամբուլ, ասում էր, որ մեր սուլթանի համար գաղտնի գիրք է պատրաստում, ուզում է, որ իրեն օգնեմ: Նա լսել էր, որ ես մի շրջան Թավրիզում օսմանյան փաշաների, նահանգապետերի, Ստամբուլի խնդրառուների համար գրքեր էի պատրաստում: Թավրիզում իմ պատրաստած գրքերի համար գումար էի ստանում ռազմիկներից և օսմանյան զինվորներից, գտնում էի ծաղկողների և գրիչների, որոնք դեռ քաղաքը չէին լքել և Քազվին կամ այլ օտար քաղաքներ չէին գնացել, և աղքատությունից ու անտարբերությունից բողոքող այս մեծ վարպետներին էջերը գրել, նկարել, կազմել տալով՝ գիրքը Ստամբուլ էի ուղարկում: Եթե երիտասարդ տարիքում մորաքրոջս ամուսնու՝ գրքի զարդարման և գեղեցիկ գրքի հանդեպ ինձ փոխանցած սերը չլիներ, այս գործով չէի զբաղվի: Մորաքրոջս ամուսնու հին տան փողոցի՝ դեպի շուկա գնացող փողոցի անկյունում աշխատող վարսավիր վարպետը դեռ իր վարսավիրանոցում նույն հայելիների, սափրիչների, թասերի, օճառների հետ էր: Նայեցինք իրար, բայց չգիտեմ՝ ճանաչե՞ց ինձ: Ուրախացա, երբ տեսա, որ տաք ջրով լցված՝ գլուխ լվանալու թասն առաստաղից կախված շղթայի ծայրին դեռ նույն աղեղը գծելով ետ ու առաջ է անում: Երիտասարդությանս որոշ թաղեր, որոշ փողոցներ տասներկու տարում այրվելով՝ մոխիր ու փոշի դառնալով՝ անհետացել էին, նրանց փոխարեն շների ոտնահետքեր, երեխաներին վախեցնող հրդեհի հետքեր էին երևում, իսկ որոշ տեղերում ինձ նմաններին զարմացնող շքեղ տներ էին կառուցվել: Մի քանիսի պատուհաններին ամենաթանկ, գունավոր վենետիկյան ապակիներ էին: Բարձր պատերից կախվող պատշգամբներից հասկացա, որ իմ բացակայության ընթացքում Ստամբուլում շատ են երկհարկանի շքեղ տներ կառուցվել:

    Ինչպես շատ ուրիշ քաղաքներում, Ստամբուլում էլ էր փողը կորցրել իր արժեքը: Արևելքում գտնվելուս տարիներին մի աքչեով չորս հարյուր դիրհեմանոց[2] մեծ հաց թխող թոնրատներն այժմ նույն գումարով դրա կեսը և բացի այդ անհամ, իմ մանկությունն ընհանրապես չհիշեցնող հաց էին վաճառում: Եթե լուսահոգի մորիցս տասներկու ձվի համար երեք աքչե ուզեին, կասեր՝ քանի դեռ հավերը երես չեն առել, գլխներիս չեն նստել, փախչենք ուրիշ աշխարհ, բայց ես գիտեմ, որ արժեզրկումն ամենուր է: Ասում էին, որ Ֆլամենկոյից, Վենետիկից եկող առևտրական նավերում սնդուկները լի են կեղծ փողերով: Դրամահատարանում հնում հարյուր դիրհեմ արծաթից հինգ հարյուր աքչե էին ստանում, իսկ այժմ սաֆավիդների դեմ անավարտ պատերազմների պատճառով սկսել են ութ հարյուր աքչե հատել: Ենիչերիները, տեսնելով, որ իրենց ստացած աքչեները նեղուցն են նետել, և դրանք բանջարավաճառի նավամատույցից թափվելով՝ կանաչ լոբու պես ծովում լողում են, ապստամբել էին, սուլթանի պալատը շրջապատել թշնամու ամրոցի պես:
    Նուսրեթ անունով մի հոջա, որ Բեյազիդի մզկիթում քարոզ էր անում և պնդում, որ Մուհամմեդ մարգարեի տոհմից սերող սեյյիդ[3] է, այդ անբարոյականությունների, խարդախությունների, մարդասպանությունների, կողոպուտների ընթացքում նշանավոր էր դարձել: Էրզրումցի անունով քարոզիչը պատմում էր վերջին տասը տարում Ստամբուլի փորձանքների, Բահչեքափը և Քազանջըլար թաղամասի հրդեհների, քաղաքում ամեն անգամ տասնյակ հազարավորների կյանքը խլող ժանտախտի, սաֆավիդների դեմ պատերազմում չնայած այդքան զոհեր տալուն՝ ոչ մի արդյունքի չհասնելու, Արևմուտքում քրիստոնյաների ապստամբությունների և փոքրիկ օսմանյան ամրոցները ետ խլելու, Մուհամմեդ մարգարեի ճանապարհից շեղվելու, Ղուրանի խրատներից հեռանալու, քրիստոնյաների հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերելու, գինու ազատ վաճառքի, թեքքեներում[4] երաժշտական գործիքներ նվագելու մասին: Էրզրումցու ելույթից ոգևորված պատմելով՝ այս լուրերն ինձ փոխանցող թթու վաճառողն ասաց նաև շուկաները ողողած կեղծ փողերի, նոր դուկանների, առյուծավոր կեղծ ֆլորինների, աստիճանաբար ավելի քիչ արծաթ պարունակող աքչեների, փողոցներում շատացած չերքեզների, աբազաների, մինգերացիների, բոսնիացիների, վրացիների, հայերի պես մարդկանց, մարդուն լուրջ և անդառնալի անբարոյականության գիրկը նետող ամեն ինչի մասին: Անբարոյականները, ապստամբները հավաքվում են սրճարաններում, մինչև առավոտ բամբասում են: Անհայտ կիսամերկ մարդիկ, թմրամոլ խենթեր, Քալենդերիների[5] մնացորդները ցույց տալով, թե որն է Ալլահի ճանապարհը, թեքքեներում մինչև առավոտ երաժշտության տակ պարելով՝ այստեղ-այնտեղ շամփուրներ խրելով, ամեն տեսակի անշնորհքություն անելուց հետո իրար հետ և փոքրիկ տղաների հետ սիրով են զբաղվում:
    Ուդի անուշ ձայն լսեցի. արդյոք դա՞ էր իմ փնտրածը, թե՞ հուշերս և ցանկություններս իրար խառնած թթու վաճառողին այլևս չկարողանալով դիմանալ՝ միտքս ինձ ելք հուշեց: Միայն գիտեմ, որ եթե մի քաղաքը շատ եք սիրում, այնտեղ շատ եք զբոսնում, տարիներ անց այդ քաղաքի փողոցները ոչ միայն ձեր հոգին, այլև ձեր մարմինն ինքնըստինքյան կճանաչի, ամենատխուր պահին անգամ ոտքերն իրենք իրենց ձեզ կտանեն դեպի ձեր սիրելի բլուրը:
    Այսպիսով, Նալբանդ շուկայից դուրս գալով՝ նայեցի Սուլեյմանիյե մզկիթի կողքին դեպի նեղուցը թափվող ձյանը. հյուսիս նայող կտուրների, գմբեթների անկյուններում հյուսիսային սառը քամուց ձյունն արդեն սառել էր: Քաղաք մտնող մի նավ ինձ փայլուն ողջույն ուղարկեց. իջնող առագաստները նեղուցի մակերեսի մոխրագույնին էին նմանվել: Կիպարիսը և թխկենին, կաթիլների տեսքը, երեկոյի տխրությունը, ներքևի թաղերի ձայները, վաճառողների և մզկիթի բակում խաղացող երեխաների բղավոցները միանալով գլխումս՝ ստիպում էին զգալ, որ սրանից հետո կյանքս քաղաքից դուրս ոչ մի տեղ չեմ կարող ապրել: Մի պահ կարծեցի, որ տարիներ առաջ մոռացված սիրելիիս դեմքը կհայտնվի աչքերիս առաջ: Զառիթափով իջա ներքև: Մտա բազմության մեջ: Երեկոյան էզանից հետո թոք տապակողի խորտկարանում հաց կերա: Դատարկ խորտկարանի տիրոջ պատմություններն ուշադիր լսեցի: Նա ինձ կատվի պես էր նայում ու կերակրում: Նրանից ներշնչվելով և նրա նկարագրությամբ՝ երբ մութն ընկնելուց հետո Էսիր շուկայի ետևի նեղ փողոցներից մեկը մտա, այնտեղ մի սրճարան գտա: Ներսում բազմամարդ էր և տաք: Թավրիզում, իրանյան քաղաքներում դրա նման շատ սրճարաններ էի տեսել, և այնտեղ ոչ թե մեդդահ[6], այլ փերդեդար կոչվող մի պատմող է վառարանի կողքին, մի քիչ բարձր տեղում նստում: Մի նկար, հաստ թղթի վրա արագ, բայց հմտորեն արված շան նկար բացեց և կախեց, խոսքի ընթացքում նկարի շանը ցույց տալով՝ իր պատմությունն այդ շան անունից էր անում:
    __________________________________
    [1]  Քարա – սև (թրք.):
    2] Դրամական միավոր Օսմանյան կայսրությունում:
    [3]  Մուհամմեդ մարգարեի սերունդներին տրվող անուն:
    [4]  Հյուրատան տիպ՝ բաղկացած խցերից և մզկիթից: Սովորաբար դերվիշների օթևան էր հանդիսանում: 
     5] Սուֆիզմի ազդեցության տակ ստեղծված, հետագայում թափա­ռական, մու­րացկան դերվիշների թարիքաթի կամ եղբայրության վերածված շարժում:
     6]  Պատմասաց-նմանակող:

    Տարածել