Ֆոտոռեպորտաժ՝ Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ եւ քաղաքականություն» գրքի շնորհանդեսից
Գարնան 18-րդ օրն է ծնվել մեր գործընկեր, լրագրող, քաղաքագետ, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանը: Հենց նրա ծննդյան օրն էլ տեղի ունեցավ Newmag-ի հրատարակած «Պատերազմ եւ քաղաքականություն» գրքի շնորհանդեսը։
Սա ժողովածու է, որտեղ հավաքված են հրապարակախոսի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները: Այն հրապարակվում է առաջին անգամ։
1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծական նյութերը կանոնավորտպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ Նա մոտ 400 հրապարակումների հեղինակ է: Ու հենց այս գրքում՝«Պատերազմ եւ քաղաքականություն», տարբեր տարիներին գրված քաղաքագիտական և փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները հավաքվել են հենց այս ժողովածուում:
Տիգրան Հայրապետյանի գրքի հրատարակման գաղափարը նրա կնոջ՝ Նազենի Ղարիբյանինն է: Newmag-ի հետ գործակցության գաղափարը սկիզբ է առել անցած ամռանը:
Սրահում հավաքվել էին Տիգրան Հայրապետյանի ամենամտերիմ ընկերները, գործընկերները: Իր մասնագիտության ու աշխատանքի բերումով, Տիգրան Հայրապետյանն ուներ մեծ շրջապատ՝ լրագրողներ, քաղաքական գործիչներ, դիվանագետեր, արվեստագետներ: Նրանք իրենց ելույթներում կարևորեցին Տիգրան Հայրապետյանի մեծ ներդրումը Անկախ Հայաստանի քաղաքագիտական մտքի զարգացման գործում։
«Պատերազմ եւ քաղաքականություն» գրքի շնորհանդեսին հաջորդեց պանելային քննարկում՝ «Ինչու Տիգրան Հայրապետյանից հետո չձևավորվեց քաղաքագիտական դպրոց ու որքանով են այսօր արդիական նրա աշխատությունները» թեմայով։
Միջոցառման վերջին ակորդը մրցանակաբաշխությունն էր։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Տիգրան Հայրապետյանի անունը կրող մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Newmag-ի շնորհանդեսի շրջանակում: Հաստատության սաները ստեղծագործական աշխատանքներ են ներկայացնում միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ու նրա ժառանգության վերաբրյել, լավագույններն էլ արժանանում են մրցանակների ու պատվոգրերի:
Ավելի քան երկու ժամ ձգվող այս ուշագրավ միջոցառումն ամփոփեց Newmag հրատարակչության տնօրենը՝ Արտակ Ալեքսանյանը։
Իսկ վերջում գինու հյուրասիրություն՝ Տիգրան Հայրապետյանի սիրելի երգերի հնչյունների ներքո:
Կարդացեք նաև