Վլադիմիր Պոզներ. Իմ սիրտը հայկական կողմում է, և ոչ թե՝ ադրբեջանական

1990-ին Ամերիկայում լույս տեսած Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքն անմիջապես հայտնվեց New York Times-ի բեսթսելլերների ցանկում՝ տևական ժամանակ պահպանելով առաջնային դիրքն ամենապահանջված գրքերի ցանկում: Տարիներ անց Պոզները գիրքը թարգմանեց ռուսերեն: Ավելի ուշ լույս տեսավ հայերեն թարգմանությունը, որը Newmag & friends ծրագրի շրջանակում հասանելի է նաև մեր ընթերցողներին։ Գրքի երևանյան շնորհանդեսի ժամանակ Art-collage էլեկտրոնային պարբերականը հարցազրույց է վերցրել լրագրողից, որտեղ նա խոսել է առաջին կնոջից, ով հայուհի էր, Շառլ Ազնավուրի հետ հարցազրույցից և Հայաստան առաջին այցից: Ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից։
Գրքի հաջողության մասին
Հավանաբար, այն ինչի մասին գրում եմ գրքում, ինչ-որ կերպ հուզում է մարդկանց, արձագանք է գտնում նրանց մոտ: Գուցե դա ինչ-որ իմաստով նաև նրանց մասին է և այն մասին, թե ինչ է կատարվել նրանց հետ: Ես ստույգ չգիտեմ: Կարծում եմ, որ իմ բախտը շատ է բերել, որ գիրքը մեծ տարածում ունեցավ բազմաթիվ երկրներում և հրատարակվեց տարբեր լեզուներով:
Սևանի ափին հայկական գյուղի և Հայաստանի մասին
Երևանի մասին կարող եմ ասել, որ անճանաչելիորեն փոխվել է՝ վերածվել է ժամանակակից, գեղեցիկ ու շատ գրավիչ քաղաքի: Ինչ վերաբերվում է աչքերի թախծին, ապա դրա հետ ոչինչ չես անի: Հայ ժողովուրդը շատ ծանր պատմություն է ունեցել: Զարմանալի է, որ չի կործանվել՝ թեև կարող էր: Եվ ինձ թվում է՝ մարդկանց աչքերում արտահայտվում է այդ ողբերգական և հերոսական անցյալը: Նույնը կտեսնեք նաև հրեաների աչքերում: Գիտեք, այդ Սևանի ափին հայկական գյուղի մասին իմ գրած էսսեն բացառիկ առանձնահատուկ պատմություն է: Ես իսկապես մինչև այսօր հիշում եմ մեզ հյուրընկալող ընտանիքի տղաների աչքերը: Ավագը, երևի, կլիներ 12 տարեկան, իսկ փոքրը՝ հազիվ 5, էլ չեմ խոսում նրանց հոր և մոր մասին: Ես կարծում եմ, որ հայերի բնույթի մեջ դա ինչ-որ կերպ արտահայտվում է: Ինձ շատ է գրավում հայերի բացառիկ ունակությունը, համառությունը՝ ապրել, գոյատևել բառացիորեն քարի, քարքարոտ հիմքի վրա, որտեղ ոչինչ չի աճում, և, այդուհանդերձ, նաև ուրախ լինել: Եվ, իհարկե, այն ինչը ես, ընդհանրապես, ամենաբարձրն եմ գնահատում՝ խելքը: Հայերը շատ խելացի ժողովուրդ են, և դա ինձ չափազանց գրավում է: Չեմ ուզում չափազանցնել, բայց մեծ համակրանքով եմ վերաբերվում այս երկրին ու այս ժողովրդին:
Հայերը շատ խելացի ժողովուրդ են, և դա ինձ չափազանց գրավում է: Չեմ ուզում չափազանցնել, բայց մեծ համակրանքով եմ վերաբերվում այս երկրին ու այս ժողովրդին:
Իմ առաջին տպավորությունը հայերից ես ստացել եմ, երբ դեռ Ամերիկայում էի ապրում և սկսեցի կարդալ հայտնի գրողին՝ Սարոյանին, որը բացարձակ ամերիկացի գրող է, բայց, այնուամենայնիվ, հայկական ընտանիքից է: Սարոյանը շատ է գրում հայերի մասին, ընդ որում, գրում է մեծ սիրով ու չափազանց նուրբ հումորով: Այն ժամանակ հայերի մասին ոչինչ չգիտեի: Երբ ծանոթացա իմ ապագա կնոջ՝ Չեմբերջիի հետ, պատկերացում անգամ չունեի, որ դա հայկական ազգանուն է, ի վերջո, այն յան-ով չէր ավարտվում: Հետո միայն իմացա հայերի հետ նրա անմիջական կապի մասին: Եթե չեմ սխալվում, նա անգամ կապ ունի Կոմիտասի հետ: Վալենտինայի մայրը՝ հայտնի կոմպոզիտոր Զառա Լևինան բազմաթիվ ռոմանսներ է գրել Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա, որոնք թարգմանում էր Սպենդիարյանի դուստրերից մեկը՝ Տատյանա Սպենդիարովան: Այնպես որ, ես ինչ-որ կերպ մուտք գործեցի այդ աշխարհ:
Կարդացեք նաև
- Անձնական պատմություններ, սուր ձևակերպումներ. ինչի՞ մասին է Վլադիմիր Պոզների գիրքը
- [Newmag & friends] Newmag և «Օրակուլ» հրատարակչությունները ներկայացնում են Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը
1965-ի Հայաստան առաջին այցը
Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր: 1965-ին եկա Հայաստան, և ինձ անմիջապես շրջապատեցին մի քանի տղաներ: Նրանց հետ շրջեցի ամբողջ երկրով: Եվ հենց նրանց միջոցով ծանոթացա հայ մարդկանց, այդ թվում նաև կաթողիկոսի հետ: Կարծում եմ՝ հենց այդ ժամանակ ծնվեց իմ համակրանքն այս երկրի և մարդկանց հանդեպ: Ես բավականին շատ եմ ճամփորդել Կովկասում, եղել եմ նաև Վրաստանում, որը նույնպես շատ եմ սիրում: Եղել եմ Ադրբեջանում, որը չեմ սիրում: Երևի իմ բախտը չի բերել, բայց այնտեղ ես ինձ զգում էի ոչ իմ ափսեում: Ավելի ուշ, ես, հավանաբար, ոչ այնքան դիվանագիտորեն արտահայտվեցի Ադրբեջանի իշխանության մասին, այդ պատճառով ինձ այնտեղ այնքան էլ չեն սիրում, բայց ես դրան մի կերպ կդիմանամ:
Ազնավուրի հետ հարցազրույցը
Այդ հարցազրույցի ժամանակ նա արդեն շատ ծեր էր: Եվ ես նկատեցի, որ երբ բեմում է, երբ երգում է՝ շատ երիտասարդ է, իսկ երբ չի երգում, արդեն խիստ նկատելի է նրա տարիքը: Նրա աչքերը նույն կերպ չէին վառվում, ինչպես երգելիս, և շատ բաներ արդեն մոռանում էր: Բայց իմ բախտը բերեց: Ես չգիտեմ, թե ինչ պատահեց, բայց այդ հաղորդման ժամանակ նա զարմանալիորեն կենդանի և աշխույժ էր, և դա շատ հաճելի էր: Գիտեք, նա ոչ միայն երևելի շանսոնյե էր՝ մեծագույններից մեկը, բայց նաև բարձրագույն որակի մարդ էր, ինչը բազմիցս ապացուցել է: Եվ այն իրողությունը, որ ես կարողացա նրա հետ անցկացնել այդ մեկ ժամից փոքր-ինչ ավելին, զրուցել, և ինչ-որ չափով բացել այդ մարդուն, կարծում եմ, որ դա պարզապես ճակատագրի նվերն էր: Հիմա մտածում եմ՝ քանիսին է դա հաջողվել՝ երևի մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ։

Վլադիմիր Պոզներ
4800 ֏
Նկարագրություն
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։
Կարդա նաև

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)
