[Սյունակ] Ինքնաբամփ PR կամ ինչ անել լրատվական սիեստայի ժամանակ
...մի՛ կարդացեք, շարունակե՛ք սքրոլել: Այս ակնարկում ոչինչ չկա քաղաքական վարձու բամբասանքների, պաթետիկա-հայրենասիրական կոչերի կամ էլ fast-սեքսի մասին. ավելին` անգամ խոհափիլիսոփայական աֆորիզմա-ստատուս էլ չի:
Եթե այս երկու ձեւական-այլաբանական նախադասությունները հաղթարահեցիք, ուրեմն թեստն անցաք: Պարգեւատրեմ Ձեզ՝ մարդավարի գրելով ասածս:
Ինֆորմացիոն ժամանակաշրջանի timeline-ը մեդիադաշտ է, որը պետք է մաքրվի լուր-մոլախոտերից: Ինչպես մթնոլորտը, ջուրը եւ սմարթֆոնները պոստմիլենիումյան մարդկությունն այսօր առավել քան երբեւէ կարիք ունի լրատվության: Ամեն ինչ շատ պարզ է. ոչ թե լավ լրատվություն չկա, այլ հայկական վայրի-գավառական pr-ի էպոխան հեղափոխելու ժամանակն է:
Տպավորություն է, որ մեր նյուզմեյքերները (տես նաեւ նրանց pr մասնագետները)` սկսած քաղաքականությունից մինչեւ պանրավաճառներ, Նորավանքում գտած տրեխների մակարդակով են աշխատում իրենց ինֆորմացիայի եւ լսարանի հետ: Օրինակները բազմաթիվ են:
Վարչական ժանրով երազանք ներկայացնելը անմարդկային է;
Հագուստի տարրը խաղացնելով հնարավոր չէ մոտ մեկ տարի լավատեսություն ներշնչել;
Ուղղաձիգ գովազդի վրա ավելի շատ գումար ծախսելով` չի կարել մանկապարտեզային բարեգործությամբ զբաղվել;
Ծիծաղելի է ասուլիսային կամ ստատուսային մակարդում սեփական աստղը փայլացնելը:
Եւ այլն-ները կարող եք ինքներդ ավելացնել: Բայց ասածս ոչ թե փնթփնթոց եմ ուզում լինի, այլ` կոչ: Ու գրքային մասնագետին հատուկ տեսական ու անիրական «պետք է»- ի փոխարեն, հստակ ու գործնական դիտարկում ունեմ:
Սյունակներ բաժնում
- Ժամանակի հիշողության մասին, որը կանխորոշում է մեր ապագան
- Բրիտանական time-in. ինչպես անգլիացիները ինձ գերճշտապահ դարձրեցի
- Բրոնզե մարդիկ. Երևանում կառուցելու ու քանդելու գաղտնի ռիթմը
Հայկական ինֆոդաշտից տեղյակ ցանկացած մեկը գիտի՝ ամառը մեր երկրի լրատվությունը սիսեստայում է հայտնվում: Այն աստիճանի, որ հիմնական մեդիա իրադարձությունները դառնում են գլամուրային փառատոնները: Հետո արդեն այդ դատարկությունից օգտվում են ռադիկալիստները: Հետեւաբար PR մասնագետներ բոլոր «ոլոլորտների» միավորվե՛ք, ամառը մեր աշխատելու ժամանակն է: Հենց հիմա պետք է ռեբրենդինգ անենք մեր աշխատաոճը: Ու թող հաղթի ստեղծագործ միտքն ու պրոֆեսիոնալիզմը, ոչ թե պարզունակ դատարկությունը, որը լցվում է ամառային տոթ տափակությամբ:
Հակառակ դեպքում, եթե քաղաքական վարձու բամբասանքներ, պաթետիկա-հայրենասիրական կոչեր, fast-սեքս կամ խոհափիլիոսփայական աֆորիրզմա-ստատուսներ չկան, մի էլ կարդացեք, շարունակեք անիմաստ սքրոլել՝ ինքնաբամփելով սեփական մասնագիտությունը…: