Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Qui» երգի հայերեն տարբերակի պրեմիերան (լուսանկարներ, տեսանյութ)
Փետրվարի 19-ին Newmag-ը ներկայացրեց Շառլ Ազնավուրի «Qui»՝ «Ով» երգը Սոֆի Մխեյանի կատարմամբ: Այս նախագիծը հրատարակչությունն իրականացնում է 2021-ից ու արդեն Ազնավուրի երգերի հայերեն կատարումներով տեսահոլովակներ են ներկայացրել երգիչներ Էրիկը ու Շուշան Պետրո
Newmag Winter Fest-ին երգն ու տեսահոլովակը ներկայացրեցին Սոֆի Մխեյանը, բառերի թարգմանության հեղինակ Սամվել Գասպարյանը և այս նախաձեռնության գլխավոր աջակից «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հեռահաղորդակցության պատասխանատու Զարինե Եղիազարյանը: Երգի գաղափարի մասին Newmag-ը դեռ ամիսներ առաջ էր տեղեկացրել երգչուհուն. «Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը զանգահարեց և ասաց, որ թարգմանում են Շառլ Ազնավուրի երգերը ու պետք են հայ կատարողներ, որոնք կներկայացնեն դրանք թարգմանված տարբերակով։ Միանգամից դրական արձագանքեցի։ Շատ ուրախ էի նաև վստահության համար, որովհետև հենց Ազնավուրի երգը պիտիերգեի»:

Սոֆի Մխեյանը երգի հայերեն թարգմանությունն առաջին իսկ ընթերցումից հետո հավանել է՝ տաք, ջերմ զգացողությունները փոխանցվել են նաև հայերեն տարբերակում: Դեռ տարիներ առաջ էր Սամվել Գասպարյանը թղթին հանձնել խոսքերը, և երբ հրատարակչությունից իմացավ, որ Ազնավուրի երգերը հայաֆիկացնելու նախագիծ են սկսում, միանգամից ուղարկել է իր տարբերակները. «Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս նախագծին: Ինչպես «Մնա», այնպես էլ այս՝ «Ով» երգը, միս ու արյուն են ստանում միայն կատարելուց հետո: Ինձ շատ են ասում, որ լավ է ստացվել, ու համաձայն եմ, այո՛, լավ եմ թարգմանել»:

1963-ին լույս տեսավ Շառլ Ազնավուրի «Qui» ձայնասկավառակը, որի մեջ ընդգրկվել էր 12 երգ: Այս ձայնասկավառակի այցեքարտը դարձավ ալբոմի համանուն երգը`«Qui»-ն: Այս երգը հաճախ է լսել Զարինե Եղիազարյանը, և երբ հրատարակչությունը տեղեկացրեց, որ հաջորդը «Ով» գործն են ներկայացնելու, հաճելիորեն զարմացավ. «Շատերին հայտնի չէ այս երգը, ու հիմա շատ ուրախ եմ, որ այս բարձրարժեք գործը՝ երգն ու նաև պոեզիան, հայերեն է ներկայացվում: Առանձնակի շնորհակալ եմ, որ մեր ընկերությունն այս մեծ նախագծի հովանավորն է»:

Հարցազրույցներից մեկում լրագրողը այս երգի առիթով Ազնավուրին հարցնում է.
-Դուք ու ձեր երգերը կմնա՞ք պատմության մեջ:
-Այո,՛ քանի որ իմ երգը 20 տարվա տարբերությամբ սիրո մասին է, բոլորն էլ հերթով անցնում են այդ ճանապարհը:

Թարգմանիչ Սամվել Գասպարյանը նկատում է՝ այս երգը այդ սիրո մասին է: Ազնավուրի հայերեն տարբերակները ևս չեն զիջում բնագրին ու հայաֆիկացնելով՝ երգերի կյանքն ավելի է երկարում:


Կարդացեք նաև
Կարդա նաև
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)
Newmag-ը ներկայացնում է ամերիկացի գիտնական, հոգեբան և բեսթսելլեր հեղինակ Ադամ Գրանտի «Թաքնված ներուժ» գիրքը (թրեյլեր)