Ինչպես սիրել փողը, մտածել փողի մասին ու աշխատել փող. տեղի ունեցավ «Փողի հոգեբանությոնը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
05/29/2025

Apricot Capital ներդրումային ընկերության նախաձեռնության Newmag-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել Մորգան Հաուզելի միջազգային բեսթսելլերը՝ «Փողի հոգեբանությունը»։ Գրքի շնորհանդեսին բանախոսները ներկայացրել են աշխատության կարևորությունն ու արդիականությունը։
Երջանկության, ագահության և հարստանալու անվերջ դասեր. Newmag-ի հրատարակած նոր գրքի մասին կարելի է պատմել երկար, բայց մասնագետները խորհուրդ են տալիս պարտադիր ընթերցել։ Մորգան Հաուզելի համաշխարհային բեսթսելլեր դարձած «Փողի հոգեբանությունը» գրքում հեղինակը տալիս է երջանկության, ագահության և հարստության դասեր։
Աշխատության գլխավոր գործընկերն Apricot Capital ներդրումային ընկերությունն է։ Գրքի թարգմանիչ Անուշ Սեդրակյանը պատմեց, թե ինչու սիրով համաձայնեց թարգմանել այս բեսթսելլերը.
«Ամբողջ կյանքում ինձ մոտ չի ստացվել փող ունենալ։ Դա եղավ դրդապատճառներից մեկը, որ որոշեցի թարգմանել այս գիրքը։ Այն հասանելի, կարճ, պատկերավոր լեզվով ներկայացնում է փողի մասին այն ամենը, ինչ պետք է իմանա ամեն մի մարդ։ Գրքում գործնական մասնաբաժինն ավելի շատ է, քան տեսականը։ Այն նաև հիանալի ձեռնարկ է ինքնաճանաչման համար։
Հենց այս պատճառով է այս գիրքը դարձել համաշխարհային բեսթսելլեր։ Շատ լավ խորհուրդներ կան, դրանցից մեկից օգտվել եմ, կուտակային հաշիվ եմ բացել, բոլոր գումարներիս տասը տոկոսը հավաքում եմ։ Գրքի խորհուրդներում կա մի էլեմենտ, որը մարդիկ հաճախ շրջանցում են, օրինակ, որ հարստությունը միայն աշխատելու արդյունք է կամ մւայն բախտի հարց է։ Այս գիրքը ցույց է տալիս, որ բազմաթիվ գործոններ կան ու նաև տվյալ տեղում, տվյալ ժամանակում ծնված լինելը մեծ նշանակություն ունի»։
Apricot Capital ներդրումային ընկերության տնօրեն Վաչիկ Գևորգյանն ընդգծում է, որ այս գիրքն ընտրել են, որպեսզի ազդեն հայ հասարակության ֆինանսական գրագիտության վրա.
«Ընտրեցինք գիրք, որը ոչ միայն կբարձրացնի ֆինանսական գրագիտությունը, այլ նաև հետաքրքիր կլինի։ Գրքում հեղինակը փողի հետ վարվելու նուրբ, հոգեբանական ասպեկտները շատ պարզ է ցույց տալիս։ Փողը միայն թվերի, բանաձևերի խնդիր չէ, այլ հոգեբանության։ Հայալեզու նման գրքեր քիչ կան, դրա համար Newmag-ին առաջարկեցին այս գիրքը։
Նույն իրավիճակում երկու տարբեր մարդ արժեթղթերի շուկայի մասին տարբեր կարծիք ունի, դա կախված է ոչ միայն գիտելիքից, այլև կենսափորձից, շրջապատից, միջավայրից ու վայրից, որտեղ ապրում են։ Իմ փորձով ասեմ, երբ արժեթղթեր ես գնում, ու շուկան լուրջ անկում է ապրում, սկզբում քունդ կորցնում ես։ Հետո արդեն սովորում ես ու հասկանում, որ դա ևս մեկ հնարավորություն է։ Ինչքան շուտ սկսենք ներդրում անել, ինչքան շատ փորձ ունենանք այդ ոլորտում, այդքան հաջողակ կլինենք։»
Եվրո-ասիական կապիտալի շուկաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյանը դասավանդում է ֆինանսներ։ Նկատել է, որ գրեթե բոլորն ուզում են ունենալ միլիոններ, բայց չգիտեն, թե ինչու. «Մենք անընդհատ ավելի շատ բան ենք ուզում, քան մենք կարող ենք ունենալ։ Մեր ցանկություններն անսպառ են։ Հարուստ մարդիկ մտածում են, ոչ թե նոր մեքենա, տուն գնել, այլ ինչպես ու որտեղ ներդնել փողը, որպեսզի նոր փող ստեղծեն։
Աշխարհում շատ կա անիմաստ շրջանառվող գումար, որը չի ստեղծում արդյունք։ Պետք է կատարել ներդրում, որպեսզի փողը փող բերի։ Այս գրքի վերնագիրը կարևոր է, քանի որ մենք փող բառը քիչ ենք օգտագործում, գումար ենք ասում։ Դա սխալ է։ Պետք է փոխել վերաբերմունքը։ Փողին պետք է ասել փող»։
Ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս, «Պարզից պարզ» փոդքաստի հեղինակ Արա Չալաբյանն ընդգծում է, որ այս գիրքը ցույց է տալիս փողի կարևորությունը. «Գիրքը հստակ ցույց է տալիս, որ փողի համար ապրելն իմաստ չունի։ Ամերիկյան կապիտալիզմի մեջ, սկսած Կարնեգիից, մինչև Բիլ Գեյթս, ձևավորվում են նոր մշակույթ, հարուստներն իրեն ամբողջ աշխատածի մեծ մասը կամ նույնիսկ ամբողջը վերադարձնում են։
Այսինքն հարուստ մարդը պետք է լինի ֆիլանտրոպ, բարեգործությամբ վերադարձնի իր աշխատած գումարի մեծ մասը։ Գրքում ինձ շատ է դուր եկել այն կարծիքը, որ փողը ազատություն է։ Փողի հարցը լուծելով՝ ազատ ես դառնում, զբաղվում ես նրանով, ինչ ուզում ես»։
Շնորհանդեսի ավարտին Apricot Capital CJSC ներդրումային ընկերության Հետգործառնական բաժնի ղեկավար Հայկուհի Ավետիսյանը ներկայացրեց անձնական ֆինանսները կառավարելու, գումար խնայելու ու ֆինանսական «բարձիկ» ունենալու կարևորության մասին մաստեր կլաս։
Կարդացեք նաև

Մորգան Հաուզել
6800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։
«Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։
Կարդա նաև

Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին

Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
