Սա արդարության կոչ է. Newmag-ը ներկայացրեց «Ռուբենը» գիրքը հայերենով (լուսանկարներ)
10/08/2024
Newmag-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել Վլադիսլավ Գասումյանովի ու Ալինա Գասումյանովայի «Ռուբենը» գիրքը հայերեն։ Շնորհանդեսին ներկա էին Ռուբեն Վարդանյանի կինը, մտերիմներ, գործընկերներ։
«Ռուբենը» գրքում հեղինակներ հայր և դուստր Գասումյանովները հավաքել են տարբեր ոլորտների հայ և ռուս գործիչների, բարձրակարգ մասնագետների գնահատականներն ու անկեղծ կարծիքները Ռուբեն Վարդանյանի մասին, նրանք անդրադառնում են բարերարի ու ձեռներցի բազմակողմանի տաղանդին և մարդկության համար նշանակալի ձեռքբերումներին։ Այն մարդու, որը հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանում կալանքի տակ է։
Գիրքը ռուսերենից հայերեն է թարգմանել Նարինե Կռոյանը։ Գրողի համար սա պարզապես հերթական աշխատանքը չէր. նա աշխատել է ամեն բառի ու մտքի հետ։ Շնորհանդեսին իր ելույթի ժամանակ թարգմանիչն անկեղծանում է. թարգմանությունն անցել է հուզմունքով լի.
«Նա աշխարհի մարդ է, մոլորակի մարդ, փոքր ժողովրդի զավակ, ում համար բոլոր մարդիկ հավասար են. ահա թե ինչն է ցնցել ինձ։ Արցախ գնալը նրա առաքելությունն էր: Ինձ թվում է՝ երբ մարդը ծնվում է, նրան որևէ առաքելություն է վերապահվում: Ռուբեն Վարդանյանն էլ մտածում էր, որ դա իր առաքելությունն էր՝ լինել այնտեղ, որտեղ ներկայությունն ավելի անհրաժեշտ էր»։
Ռուբեն Վարդանյանը հարյուրավոր ծրագրերի ու նախաձեռնությունների հեղինակ է. 700 միլիոն դոլար արժողության ավելի քան 700 ծրագրեր, որից 202 միլիոն դոլարը բարերարը հատկացրել է հումանիտար նախաձեռնություններին, 20 միլիոնը՝ մշակույթի և մշակութային-պատմական ժառանգության պաշտպանությանը, 13 միլիոնը՝ գիտության, առողջապահության և ագրոէկոլոգիայի ոլորտներին։
«Ռուբենը» գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, հեղինակները դժվարությամբ են զսպել իրենց հույզերը ու փորձել են ընթերցողին փոխանցել գլխավոր կոչը.
«Գրքի հեղինակներն այն մասին են խոսում, որ մեծագույն անարդարություն է, որ այն մեծագույն հումանիստը, որի շնորհիվ բազմաթիվ մարդկանց կյանքը բարելավել է, բազմաթիվ մարդիկ հայտնվել են ինովացիոն համակարգերում եւ ավելի բարեկեցիկ միջավայրերում, քաղաքակիրթ բիզնես միջավայրում, չեն կարող հանդուրժել մեծ բարերարի, մեծ անձնավորության անարդար ազատազրկումը. կոչը սա է»։
Գիրքը Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել այն հարյուրավոր նախագծերը, որոնք ուղղված են մարդկանց օգնելուն և մարդասիրական արժեքներն առաջ մղելու գործին: Ռուսերենից գործը թարգմանվել է ամիսների ընթացքում։ Այն 2024-ի հրատարակություն է. գաղափարն առաջացել է, երբ Վարդանյանը հայտնվեց Ադրբեջանում կալանքի տակ։ «Ռուբենը» գրքի գլխավոր գործընկերն Արդշինբանկն է:
Իր ելույթում Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը հատուկ ընդգծեց, գիրքն ու շնորհանդեսը բացառապես Newmag-ի և Արդշինբանկի նախաձեռնությունն է,
«Ռուբեն Վարդանյանի ընտանիքը միջոցառմանը զուտ հյուրի կարգավիճակում է և կապ չունի ո՛չ գրքի, ո՛չ էլ ցուցադրված տեսանյութերի հետ: Ռուբեն Վարդանյանը մարդ է՝ հսկայական սրտով ու մեծ հավատով, որը ցավոք այսօր անազատության մեջ է։ Սա փաստ է, թե որքան անհարմարություններ են ստեղծում նրա գաղափարներն ու նախաձեռնությունները բոլոր նրանց համար, որոնք վախենում են փոփոխություններից և ճշմարտությունից։ Նրա ձայնը, միևնույն է, հնարավոր չէ խլացնել…Ռուբեն Վարդանյանը մի առիթով ասել է, որ կյանքը պարզապես շարժում չէ, դա այն բանի գիտակցումն է, որ կարող ես քեզանից հետո ինչ-որ բան թողնել: Եվ այդ ինչ-որ բանը, պետք է հանրությանն օգուտ բերի…»:
«Ռուբենը» գիրքը վաճառքում կհայտնվի մի քանի օրից, այն հնարավոր կլինի գնել նաև newmag.am կայքից։
Կարդացեք նաև
Ալինա Գասումյանովա
Վլադիսլավ Գասումյանով
10800 ֏
Նկարագրություն
Բիզնեսի, գիտության, արվեստի ռուս և հայ գործիչներ, տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ, հասարակական կարծիքի առաջնորդներ և ամբողջ աշխարհում հայտնի մարդիկ խոսում են ռահվիրա, հեռատես, սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի բազմակողմանի տաղանդի և մարդկության համար նշանակալի ձեռքբերումների մասին։
Այն մարդու, որը հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանում կալանքի տակ է։ Այս գիրքն արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել այն հարյուրավոր նախագծերը, որոնք ուղղված են մարդկանց օգնելուն և մարդասիրական արժեքներն առաջ մղելուգործին: