FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր-24] Զորակոչին ընդառաջ` օգտակար խոր

[Զինվորի օրագիր-24] Զորակոչին ընդառաջ` օգտակար խորհուրդներ ծառայող տղաներից նորակոչիկներին. ինչ անել ու չանել, ասել ու լռել հավաքակայանից մինչև զորանոց

_ Զորակոչիկներ, ողջույն: Վաստակած ժպիտով սպասում ենք բոլորիդ: Մեզ մոտ՝ զորանոցում, հիմա ու դեռ մեկ ամիս տոն է լինելու: Տղերքով նստած ժամերն ենք հաշվում, վաղը այս ժամին կսպասենք ձեզ: Պատրաստվել ենք, մեր հագուկապը կարգի բերել, ձեզ դիմավորելու ենք ծափերով: Հատկապես ես ու ինձ նման մի քանի տասնյակ տղա, որովհետև գալիս եք մեզ փոխարինելու:
Հիմա շատերդ վարսավիրանոցում եք, մյուսներն ընկերների հետ, մեկ ուրիշն էլ ընկերուհու գրկում: Կարոտել ենք էդ օրերին: Մի քանի ժամից էլ տուն կգնաք՝ բանակի քեֆի, ձեր քեֆին: Կխմեք, կպարեք: Գիշերը չեք քնի: Լարված ու չանցնող ժամերը օրեր կթվան, լույսը կբացվի ու դուք՝ բանակ եք գնում, ավելի ստույգ գալիս:



Զինվորի օրագրից



Այսպիսով, օգտակար խորհուրդներ, որ կօգնեն զորամասում անակնկալի չգալ, փորձառու ժամկետայիններն առաջին շաբաթներին շատ «վտանգավոր» են:

  1. Ձեզ հետ սնունդ չվերցնեք: Մեր ժամանակ էր, որ բոլորս բրդուճներով էինք բանակ գնում, որ հավաքակայանում քաղցած չմնանք: Հիմա ձեզ ընդունելու են մեծ շուքով, սուփրա-սեղանով: Կատակ չէ, շատ համեղ ու հայկական խոհանոցից եք օգտվելու: Ամբողջ մենյուն չեմ կարող հրապարակել, բայց որ տոլմա լինելու է, ճշտված է: (Սա մեր մեջ):

  2. Կտրեք մազերը մինչև հավաքակայան գալը, հակառակ դեպքում ավելորդ մունաթի կարժանանաք, ամեն անցող-դարձող զինվորական կասի, կծիծաղի: Այս ամենից հետո ձեր մազերը կխուզեն բոլոր ժամանակների «չեպեշնիկների» գլխի փոշին առած մեքենայով: Թող մուտքը զորամաս անթերի լինի:

  3. Ձեր ամենալավ շորերով կգնաք հավաքակայան: Մեր ժամանակ այլ էր, համազգեստը տալիս էին, անձնական շորերի մասին մոռանում էինք, անհետանում էին: Այդ էր պատճառը, որ բանակ էինք գնում՝ հնամաշ ու ներկի հետքերով ու մի քիչ պատառոտված շապիկով ու տաբատով, փոքրացած ու նետելու ենթակա կոշիկով: Հիմա զինվորական հանդերձանքը կտան, ձեր հագուստն էլ ինքներդ պարկի մեջ կլցնեք, զինկոմիսարիատում առանց բացելու կփոխանցեն ծնողներին: Հանգիստ եղեք:

  4. Հեռախոս մի վերցրեք: Նույնիսկ՝ ամենաէժան ու թեկուզև միայն «զանգող-զանգ ընդունող» բջջայինը՝ ձախորդություն է: Բռնեցին բոլորի առաջ կվարկաբեկեն: Այդ մասով ռազմականի տղերքը շատ խիստ են: 

  5. Եթե ծխող եք, արդեն լավ չէ, բայց փաստ է: Ուրեմն վերցրեք առնվազն տասը տուփ ծխախոտ, որ զորամասում գոնե մեկը ձեզ հասնի: Բոլորը բերանները լայն բացած ձեզ են սպասում, նաև ծխախոտին: Ի դեպ, եթե զորամասում խնդրեն, չմերժեք, բոլորին էլ տվեք: Այլապես՝ տհաճ զրույցներ կսկսվեն:


Լավ, մի լարվեք, այսքանը կես կատակ, կես լուրջ: Հիմա, ուշադրությամբ կարդացեք ու հիշեք այն կատակները, որ ձեզ սպասում են, երբ լսեք մտքերի մեջ չընկնեք: Զորքերում յուրաքանչյուր նորակոչիկի սպասում են լայն ժպիտով ու թարմ գաղափարները թևի տակ դրած: Եվ այսպես, այն հիմնական մտքերը, որ ձեզ խորթ կթվան ու գուցե զայրացնեն: Պատրաստ եղեք:


Զինվորի օրագրից




  • Խաշած հավերը եկան:  


Երբ լսես այս արտահայտությունը, չբորբոքվես, կռիվ չանես: Թեթև տար: Ավագները նոր եկածներին այդպես են անվանում, որովհետև գրեթե բոլորը զորամաս են գալիս տոպրակի մեջ խաշած հավ դրած, լավաշի կամ ֆոլգայի մեջ փաթաթած, գուցե դու էլ: Այնպես որ, տրամաբանական դիմելաձև է:

  • «Ցելկա» 24-ները եկան:


Սպասեք, մի հարձակվեք: Սա այնքան էլ վիրավորական չէ, փոխանցված ասույթ է: Նշանակում է, որ նորաթուխ ես, զինվորի կյանքը չտեսած զինվոր ես: Պիտի մշակվես, կորցնես քո քաղաքացիական թաղանթը, տղայից դառնաս Տղամարդ: 24-ը վերաբերում է քո երկու տարվան՝ 24 ամիսներին:

  • Ախպերս, մի հատ շուտ գնա КПП, հերթապահին ասա` պլացի բանալիները տա:


Միանգամից առաջ չընկնես, համբերիր: Պլացը՝ շարահրապարակն է, այլ կերպ ասած զորամասի բակը՝ առանց դռների ու հետևաբար` կողպեքի: Եթե ուզում ես ասողին անակնկալի բերել՝ պլացի դռան տեղը հարցրու: Այս կատակն անում են գրեթե բոլոր զորամասերում, Հայաստանում ու Արցախում, սերնդեսերունդ և դեռ արդիական է, աշխատում է:

  • Էս ուր էիր այ ախպեր: Ուր էիր, երկու տարի է քեզ եմ սպասում:


Անծանոթ զինակիցների այս հարցերը հասցեական չեն, հռետորական են: Կմոտենան ու շատ պատկառելի դեմքով կհարցնեն, իբր հենց քեզ էին սպասում, որովհետև առանց քեզ, ինքը չի զորացրվի՝ քո ծառայության սկիզբը նրա երկամյակի ավարտն է: Ի դեպ, պինդ կաց, երբ կմտնես զորամաս, մեկը քմծիծաղ կտա ու կասի բարի ծառայություն ու կասի «հիմա տուն եմ գնում, լավ եղեք»: Պատասխաններ մտածիր՝ առջևում անքուն գիշերն է:


Զինվորի օրագրից




  • Գեբեշկով փլավ կուտե՞ս:


Չշփոթվես, փոստ են անում: Մի խառնվիր, լսիր ու պատասխանիր՝ ոչ: Եթե ուզում ես այդ րոպեներն անցնեն գնան, եթե ոչ՝ հակադարձիր. «հենց տաքացնես, կուտենք»: Գեբեշկան ուտելի չէ, սարք է, զինվորական հեռախոսի՝ տապիկի մասերից է: Այնպես որ չշփոթես հնդկաձավարի – գրեչկայի հետ:

  • Նառի կոմպոտ խմե՞լ ես:


Ուշադիր լսիր բառերը, հարցերը, ձևակերպումը: Նառը մի շփոթիր նռան հետ, շատերն են այս խայծը կուլ տվել, հայտնվել զավեշտալի իրավիճակում: Նառը դիրքերում ամրացված մահճակալներն են, քնելատեղը: Հետևաբար՝ դրանից կոմպոտ չեն պատրաստում: Ավելի արդյունավետ կլինի, որ դու էլ նույն կերպ պատասխանես՝ հումորով, խայթելով, որ միանգամից հասկանան ու այդպիսի կատակներով այլևս չմոտենան:

  • Մի հատ կմիացնես սառնարանը, ապրանքը փչացավ:


Ցանկացած միամիտ երիտասարդ գլուխը կախ գործի կանցնի: Մի քանի րոպե որոնելուց հետո հոսանքի լարը չի գտնի ու նոր գլխի կընկնի, որ չար կատակ էր: Հիշի'ր. զորամասում, ավելի ստույգ քո շուրջ բոլորը, առավել ևս դիրքերում սառնարան չկա: Հատկապես առաջին գծում նույնիսկ հոսանք չկա: Սառնարան ասվածն էլ՝ սառնարանի տեսքով, կառուցվածքով մետաղյա պահարան է, որի մեջ պահում են սնունդը՝ հացը, պահածոները, քաղցրավենիքը:


Զինվորի օրագրից



Սա քեզ հանդիպող հարցերի հնարավոր ուղեցույցն էր: Եվ մի քանի խորհուրդ զինծառայությունը սկսելու համար:

  • Մի թշնամացիր զինվորների հետ, առաջին պահին դու ուրախ չես, իրենք հակառակը: Մի քանի օր անց ընկերանալու եք և ամենակարևորը՝ նրանք են քո կողքին այս ամիսների ընթացքում, մասնավորապես ամենադժվար օրերին:

  • Ծանոթներ մի փնտրիր, մի թող քեզ համար քո ընկերներն ու հարազատները միջնորդներ գտնեն տեղդ թեթևացնելու, ծառայությունդ «թռցնելու» համար: Շատ հակասական հետևանքներ կարող են ունենալ: Այդպես կամ կլինես բոլորի համար սիրված ու ընդունված կամ հակառակը՝ բոլորի աչքի փուշը: Քո նկատմամբ սերն ու հարգանքը ստեղծիր ինքդ, քո քրտինքով ու սառը դատողությամբ: Այդպես անխոցելի կլինես:

  • Հարգիր սպաներին: Դու ծառայում ես երկու տարի, նրանք` տասն անգամ ավելի: Ավելի մեծ հոգսերի տեր մարդիկ են ու ծանր աշխատանքի մեջ: Հավասարակշռությամբ շփվիր հասակակիցներիդ ու վերադասիդ հետ: Որևէ արկածախնդրություն որևէ մեկին հաջողություն չի բերել՝ կեղծ համարձակությունից բացի:

  • Կարդա, ազատ ժամանակդ քիչ չէ, հետևաբար նաև հեշտ կառավարելի էլ չէ՝ շուրջդ շատ տարբեր տղաներ կան: Այդպես կկարողանաս հեռու մնալ արատավոր բարքերից, երևույթներից, քաշքշուկից: Չմասնակցես որևէ խաղի, «ղումարի», կխորտակվես, կխորտակես բարեկամներիդ:

  • Ծնողներիդ մի ծանրաբեռնիր գումար խնդրելով: Ժուժկալությունը բանակում խրախուսելի է, մանավանդ, որ սնունդդ, հագուստդ ապահովում են, լրացուցիչ վայելքները դատապարտելի չեն, բայց ճոխություն պետք չէ:

  • Չհարվածես որևէ մեկին:Կործանարար է: Փորձիր մյուսների սխալները բանավոր բացատրել: Եղիր համբերատար ու հանդուրժող: Ոչ էլ թող, որ քեզ հարվածեն, հեռանկարը նույնն է՝ ռազմական ոստիկանություն, կարգապահական վաշտ, նախանձելի օրեր չեն, մի ճնշիր թույլերին, ոչ էլ թող քեզ ճնշեն, կյանքդ ճաղավանդակներում կանցնի: Վստահեցնում եմ:

  • Կատարիր պարտականություններդ, զորամասում ու դիրքում: Միայն այդպես կարող ես անվտանգ տուն վերադառնալ: Մի խուսափիր մաքրությունից՝ զորանոցում, զորամասի տարածքում, հենակետում: Ամոթ չէ, կարգն է այդպիսին, միայն թե հետևիր, որ արտոնյալներ չլինեն, ամեն ինչ խաղաղ է, երբ հավասար են բոլորը:

  • Զենքի հետ զգույշ կլինես, դիրքում` ուշադիր: Հումորը մի խառնիր ծառայողական կյանքին, մահացու է: Հիշիր, տանը քեզ սպասում են:


Հիմա կարող ես սովորել զինվորական կոչումները: Զորամասում, իհարկե, կներկայացնեն, բայց նախապես իմանալը օգտակար է, որ ենթասպային «պարոն գնդապետ»-ով չդիմես: Սա կոմպլիմենտ է, լսողի ուրախությանը չափ չի լինի, մինչդեռ հակառակն ասելիս կարող ես վիրավորել փորձառու սպային: Այդ դեպքում քեզ երբեք «չի մոռանա»:
Սա` ի գիտություն: Այնպես որ, թուլացրու նյարդերդ, հանգիստ քնիր ու արթնացիր կյանքդ նորովի շարունակելու պատրաստակամությամբ: Վաղը, մյուս օրը, մինչև զորակոչի վերջին օրն այստեղ ենք, սպասում ենք գրկաբաց:
_ Բարի գալուստ, բարի ծառայություն, տղերք: Մեզ էլ բարի վերադարձ տուն: Տարոսը ձեզ:

Տարածել