Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Պաոլո Սորենտինոյի «Բոլորն իրավացի են»

Տեղի ունեցավ Պաոլո Սորենտինոյի «Բոլորն իրավացի են» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ ու գրող Պաոլո Սորենտինոյի «Բոլորն իրավացի են» գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիա Հ/Ը «Բարի լույս» հաղորդման ժամանակ։ Գիրքը հրատարակել է Newmag֊ը «Զանգակ» գրատան նախաձեռնությամբ։

Սորենտինոն իտալացի ժամանակակից ռեժիսոր է, ունի նշանային ֆիլմեր, որոնք հեղինակավոր կինոփառատոնների մրցանակների են արժանացել, օրինակ՝ «Օսկար», «Բաֆտա»։ Վենետիկի, Կաննի փառատոններում գրեթե միշտ ներկայացված են նրա ֆիլմերը։ Յուրօրինակ մտածելակերպով կինոռեժիսորը զտարյուն իտալացի է, որի բոլոր ֆիլմերում, վեպերում Իտալիան է։ 

Գրքի խմբագիր Աննա Բախշյանն ասում է, որ գիրքը յոթանասունականների սերունդի մասին է, այս դեպքում գլխավոր հերոսը փոփ երգիչ է, նա  տարված է կոկաինով, շրջապատված է գեղեցիկ կանանցով. «Նա ինքնամարման, մենակության փուլում է, փնտրում է կյանքի իմաստը։ Գրքի սկզբում երգիչը դեռ երիտասարդ է, իսկ վերջում արդեն յոթանասուն տարեկան է։ Ինչպես միշտ, Սորենտինոն երիտասարդության ու ծերության զուգահեռներն է նաև անցկացնում։  

Սորենտինոն երևի սկսել է վաղուց գրել, քանի որ հեգնանքը, գրոտեսկը, հումորը գրականության մեջ ավելի ցայտուն են դառնում։ Գրքի հերոսն էկզիցիստենցիալ ճգնաժամ է ապրում, փախչում է Բրազիլիա։ Մի ֆիլմ ունի, որը կոչվում է «Ավելորդ մարդը», շատ նման է այս գրքի հերոսին` «Երկու հերոսներն էլ Տոնի են»։

«Բոլորն իրավացի են» գիրքը ռեժիսորի գրական առաջնեկն է։ Գործը հրատարակվել է 2021 թվականին։ Աննա Բախշյանը բացատրեց նաև, թե ինչու է գրքի շապիկին պատկերված խավարասեր. «Գրքի շապիկին կտեսնեք, որ խավարասեր է պատկերված, շատ զավեշտալի, զզվելի տեսարաններ կան գրքում հենց խավարասերների մասին, քանի որ Բրազիլիայի այդ քաղաքում խավարասերներն ուղղակի վխտում են»։

«Բոլորն իրավացի են» վեպը Newmag֊ը հրատարակել է «Զանգակ» գրատան նախաձեռնությամբ։ «Զանգակ» գրատան գրական ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը պատմեց, թե ինչու են Newmag-ի հետ նախաձեռնել այս հրատարակությունը. «Այս անգամ գիրքն ընտրել ենք՝ տուրք տալով մեր ճաշակին։ Գրքում արծարծվում են թեմաներ, որոնք մեզ հետքրքիր են։ Նկատել ենք, որ մեր ընթերցողները սիրում են լավ, ինտելեկտուալ կինո, առաջարկեցինք նաև լավ գիրք։  

Գիրքը պետք է կարդալ երաժշտությամբ։ Ամեն մի գլուխը սկսվում է բնաբանով, հայտնի իտալական փոփ երգերով։ Գլուխներից մեկը սկսվում է նաև Ազնավուրի երգերից մեկով.

»Եթե այդ երգերով լսեք, կարող եք գրեթե դիտել կինո։ Գրքի առաջին կեսի իրադարձությունները տեղի են ունենում Նեապոլում, որտեղ փոփ աստղը վատնում է իր կյանքը, հոգ չի տանում կնոջ, երեխայի մասին։ Գլխավոր հերոսը նաև հակահերոս է։ Հետո որոշում է, որ չնայած մեծ փառքին, ոչինչ չունի իր կյանքում։ Երգիչը բոլորից հեռանում է, ոչ մեկի հետ ոչ մի կապ չի պահում։ Սկսում է ավելի իրական, անփառք ու սովորական կյանքով ապրել։ Գրքի մյուս մասի դեպքերը տեղի են ունենում Բրազիլիայում»։ 

«Բոլորն իրավացի են» արտասովոր վեպը, որը նոմինացվել է Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակին՝ «Ստրեգային», Պաոլո Սորենտինոյի դեբյուտային վեպն է, որը նաև ինչ-որ առումով ինքնակենսագրական է: 

Կարդացեք նաև

Տարածել