Համի, սիրո և անսպասելի հանդիպումների պատմություն. «Մի գդալ սերը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
08/24/2026
Newmag-ը հրատարակել է Փոփի Ջ. Անդերսոնի «Մի գդալ սեր» վեպը։ Գրքի գլխավոր գործընկերը Welles ընկերությունն է։ Շնորհանդեսը տեղի ունեցավ Պավլե ռեստորանում։ Վայրի ընտրությունը հատուկ էր. գրքի սյուժեն հուշում էր հենց այդ միջավայրը։


«Մի գդալ սեր» վեպը գերմաներենից հայերեն է թարգմանել Ռուզան Յորդանյանը, որը մինչև այս վեպը՝ թարգմանել է կարևոր հայագիտական ու ցեղասպանագիտական գործեր։ Խոհարարական սիրավեպը թարգմանելուց առաջ ուսումնասիրել է հեղինակին ու պարզել, որ Փոփի Ջ. Անդերսոնը գրական ծածկանուն է: Հեղինակի իրական անունը Քարոլին Բենդլեր է։ Գրական կեղծանունն ընտրել է իր սիրելի գրքերից մեկի հերոսի ազգանունով, Ջ-ն գրողի սանիկի անվան առաջին տառն է, Փոփին կակաչի սերմով պատրաստված թխվածքի անուն է.


«Ըստ արձագանքների՝ այս վեպը գրողի ամենահաջողված ու սիրելի վեպն է։ Բառացի վերնագիրը թարգմանվում է «Սիրո գաղտնիք» կամ «Սիրո բաղադրատոմս» կամ «Սերը որպես գաղտնի բաղադրիչ»։ Գերմանական գրականությունը, գիտեք, շատ լուրջ գրականություն է, փիլիսոփայական, հոգեբանական։ Սա առաջին գիրքն է, որ կարդում եմ գերմաներենով ու այդքան թեթև, հաճելի սիրավեպ է: Տարօրինակ է, որ այս գրքի էկրանավորում չի եղել։ Հայաստանում գրքի էկրանավորման առաջին փորձն է։ Ինքս փորձել եմ ներկայացված բաղադրատոմսերից մեկը, դուք էլ կարող եք փորձել, շատ համեղ թխուկ է ստացվում»։


Newmag-ը հրատարակել է ևս մեկ ֆիլմի սկզբնաղբյուր՝ «Մի վախեցիր» հեռուստանախագծի համանուն վիպակը։ «Մի գդալ սերը» երկրորդ նման փորձն է։ Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը պատմեց՝ ինչպես որոշվեց հայերեն հրատարակել գիրքը.


«Գիրքն առաջինը կարդացել է Հրաչ Քեշիշյանի կինը՝ Լյուսին, որից հետո առաջարկեցին, որ ես էլ կարդամ։ Նա որոշեց էկրանավորել գիրքը, քանի որ պատմությունը սիրային կատակերգություն է:


«Մի գդալ սեր» գրքի գլխավոր գործընկերը Վելես ընկերությունն է։ Ընկերության տնօրեն Արման Նալբանդյանը կարևորեց նման նախագծերում իրենց մասնակցությունը. «Այսօր իսկապես առանձնահատուկ օր է մեր ընկերության համար, քանի որ սա երկրորդ գործակցությունն է մեր սիրելի Newmag-ի հետ։ 2025 թվականին հրատարակվեց Դարեն Հարդիի «Փոքր քայլերի մեծ արդյունքը»։


Մեր ընկերությունն առաջին քայլերը արել է 2015 թվականից։ Վերջին 15 տարիների ընթացքում տարբեր բիզնես ուղղություններ ենք զարգացրել, բայց մեզ համար առանցքային նշանակություն ունեն արևային համակարգերը, ավելի շուտ արևային էներգիան։ Մենք ամեն օր առնչվում ենք արևի էներգիայի հետ՝ այն վերածելով շահավետ լուծումների մեր հաճախորդների, հայրենակիցների համար։ Այս գրքի ու մեր ընկերության գաղափարախոսությունները մոտ են. մենք հավատում ենք, որ ամեն մարդ կարող է իր մեջ գտնել այն էներգիան, որն իրեն կյանք ու իմաստ է տալիս»։
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը պատմեց ֆիլմի նկարահանումների ու այն փոփոխությունների մասին, որոնք արել են սցենարում։ Գրքի գլխավոր հերոսը՝ շեֆ խոհարար Էնդրյու Նայթը դարձել է Արեգ Ավետիսյան, գլխավոր հերոսուհին՝ Բրուք Դեյը, ֆիլմում Լուսին է.


«Ֆիլմում Արևը Լուսնի հետ ենք հետ միավորել։ Արեգը ամերիկահայ է, որը Բոստոնից գալիս է Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Դիլիջան։ Ֆիլմում խաղում են հրաշալի դերասաններ, գլխավոր դերերում՝ Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանն են։ Գրքում ծովափնյա խոհանոցային ուտեստներ են։ Շատ ուտեստներ պատրաստված են clams-ից, դրանք փակամորթներն են, փոքր խխունջներ։
Մեր պարագայում մարդը, որ գալիս է Հայաստան, բնականաբար պետք է առնչվի հայկական խոհանոցին: Ընտրել ենք մեր խոհանոցի հետաքրքիր նմուշները, ու դրանք վերարտադրել ենք ֆիլմում, օրինակ՝ մեր ֆիլմում խոհարարները եփում են ձկնորսական իշխան՝ հին բաղադրատոմսով։ Շատ տպավորիչ ու գեղեցիկ տեսարան է ստացվել, որովհետև պարզվում է, որ ձկնորսական իշխանը եփել են կաթսայում դրված մեծ քարերի, գետաքարերի վրա»։

Փոփի Ջ Անդերսոնի «Մի գդալ սեր» վեպի շնորհանդեսը տեղի ունեցավ Պավլե ռեստորանում, որպեսզի գրքի խոհանոցային միջավայրը, համեղ ուտեստներն ու մտերմիկ միջավայրն ավելի ընդգծվեն։ Ռեստորանի հիմնադիր Կամո Մովսեսյանը ողջունեց հյուրարերին ու շնորհանդեսի ավարտին խոստացավ, որ վեպում տեղ գտած ուտեստները կհայտնվեն նաև իրենց մենյուում՝ «Մի գդալ սեր» անվան տակ։


Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է Չարլզ Դահիգի New York Times-ի բեսթսելլեր գիրքը՝ «Սուպերհաղորդակցվողներ» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Արմենիա TV-ի եթերում ներկայացրեցին 5 նոր մանկական գիրք (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղինակ Լաուրա Վինոգրադովայի «Ագռավները» վիպակը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղինակ Դացե Վիգանտեի «Սառուցյալ օվկիանոսը» վիպակը (թրեյլեր)