Մասնագիտությունը՝ Supermodel
90-ականների սուպերմոդելներին բոլորը գիտեին անուններով. նրանք նույնքան հայտնի, հարուստ և պահանջված էին, որքան ռոք աստղերը, հոլիվուդյան դերասանները կամ հայտնի սպորտսմենները: Նաոմի, Սինդի, Նադյա. այս անուններն այնքան հայտնի էին, որ նույնիսկ ազգանունը նշելու կարիք չկար: Այսօր, իհարկե, չկան և երևի այլևս չեն լինի այդքան շատ աստղային մոդելներ, բայց մի քանի սուպերմոդելների աստղը փայլում է առանձնահատուկ վառ: Նրանց փառքը դուրս է եկել նորաձևության բնագավառից և գեղեցկուհիներին դարձրել իսկական փոփ աստղեր: Նրանք լեգենդներ են, նրանց գեղեցկությունը՝ կապիտալ, հմայքը՝ միլիոնավոր սրտեր գերելու փորձված միջոց: Եվ այսպես, հինգ սուպերմոդել, որոնց անունները պետք է իմանալ:
Կարա Դելևին
Բրիտանիան վաղուց չէր ունեցել այսքան վառ մոդելային աստղ: Ասեմ ավելին. մոդելային աշխարհը վաղուց չէր ունեցել այսքան վառ աստղ: Կարան կարծես Թվիգիի և Կայթ Մոսսի արժանի ժառանգն է: Անմեղ և միաժամանակ չարաճճի դեմք, տարօրինակ շուրթեր, մոտիկ աչքեր և մոդելային սուպեր նիհար կառուցվածք: Երբ այս ամենին ավելացան նաև խոշորագույն ընկերությունների հետ պայմանագրերը, լավագույն ամսագրերի շապիկները և տարատեսակ սկանդալները, պարզ դարձավ, որ ծնվել է իսկապես մեծ մոդելային աստղ: Հնարավոր է՝ հենց սկանդալները նրան բերեցին իսկապես մեծ ճանաչում:
Ովքե՞ր են նորաձևության ամենահայտնի ժամանակակից հայերը
Ադրիանա Լիմա
Ի տարբերություն Կարայի՝ Ադրիանա Լիմային դժվար է նոր մոդելային աստղ անվանել: «Victoria’s Secret»-ի ֆեշն շոուին նա առաջին անգամ մասնակցել է 14 տարի առաջ: Չնայած մոդելային բիզնեսի համար պատկառելի տարիքին (Լիման արդեն 33 տարեկան է)՝ վերջին սեզոնների ընթացքւմ նա կարծես նոր վերելք է ապրում: Բավական է հիշել օրերս հրապարակված «Balmain»-ի և «Versace»-ի գովազդերը 2015-ի գարնան համար, որտեղ փայլում է Լիման:
Մոդելային ակտիվությունը Լիմայի պարագայում նշանակում է նաև բարձր եկամուտ: «Forbes» ամսագրի 2-րդ հորիզոնականում է՝ զիջելով Ժիզել Բյունդխենին: Այս տարի Լիման նաև KIA-ի պաշտոնական դեսպանն էր ֆուտբոլի առաջնության ժամանակ: Նրա մասնակցությամբ երեք հոլովակները կորեական ավտոմեքենաների վաճառքը բարձրացրեցին 32 տոկոս:
Լիման սպորտի իսկական ֆանատ է, և դա նույնպես նպաստում է նրա բարձր վարկանիշին: Որպես իսկական բրազիլուհի՝ ամենից շատ սիրում է ֆուտբոլ, պաշտոնապես Միլանի «Inter»-ի երկրպագուն է, հայրենի Սալվադոր քաղաքի «Vitoria» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: