The New Yorker. Ինչպես 60-ամյա չինացին լուծեց 150 տարվա չլուծված մաթեմատիկական խնդիրը
Ոչինչ չի փոխվի, եթե այժմ խոստովանեմ, որ ավագ դպրոցում մաթեմատիկայի գրավոր քննությունը հանձնել եմ խաբեությամբ: Ես կարողանում էի գումարել, հանել, բազմապատկել և բաժանել, բայց փակուղում հայտնվեցի, երբ բառերը ստացան հավասարումների և x-երի ու y-ների տեսք: Թեստային աշխատանքների օրերին ես նստում էի մեր դասարանի առավել խելոք տղաների կողքին, որոնք ընթեռնելի ձեռագիր ունեին: Մի աչքս նրանց տետրին էր, մյուսը` ուսուցչի հայացքին: Մաթեմատիկական տաղանդը շրջանցել էր ինձ` կենտրոնանալով իմ զարմուհի Էմի Ուիլքինսոնի վրա, որը Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր էր: Առաջին անգամ հենց նրանից լսեցի Նյու Հեմփշիրի համալսարանի պրոֆեսոր 60-ամյա Իտան Չժանի մասին, որը մրցանակներ էր ստացել 150 տարվա խնդիրը լուծելու համար:
Իտան Չժանը 2010 թվականին լուծել էր մի խնդիր, որը վերաբերում էր պարզ մաթեմատիկայի թվային տեսությանը: Ի տարբերություն կիրառական մաթեմատիկայի` պարզ մաթեմատիկան հաճախ հավասարեցվում է արվեստին և փիլիսոփայությանը: «Իմ ստացած արդյունքն անպիտան է արդյունաբերության համար»,-նշել է Չժանը: Բրիտանացի մաթեմատիկոս Գ. Հ. Հարդին 1940 թվականին մաթեմատիկայի մասին գրել է. «Այն բոլոր հնարավոր արվեստներից և գիտություններից ամենահեռավորն է»: Հարդին խորապես հավատում էր մաթեմատիկայի գեղագիտական ճշգրտությանը: Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Ֆրենկելը Չժանի ապացուցման վերաբերյալ ասել է. «Այն նման է Վերածննդի դարաշրջանի գեղեցկության»:
The New Yorker. Ինչո՞ւ Ֆլոբերը կկարդար «Մոխրագույնի 50 երանգները»
The New Yorker. Վարկ ունենալը «աղքատության վիճակագրության» նոր ցուցանիշ է
Աշխատանքից հետո Չժանը գնում էր Քենթուկիի համալսարանի գրադարան` հանրահաշվական և երկրաչափական ձեռնարկներ ուսումնասիրելու համար: «Տարիներ շարունակ իմ երազանքը մաթեմատիկան չէր, և միշտ չէ, որ իմ կյանքը հեշտ է եղել»,-պատմել է Չժանը:
Չժանն ընկերների օգնությամբ 1999 թվականին ի վերջո հաստատվում է Նյու Հեմփշիրում, որտեղ էլ կլանվում է անլուծելի խնդրով: «Այս խնդրի լուծմանը նվիրված բազում մաթեմատիկոսներ հավատացած են եղել, որ պետք է մի ելք լինի, սակայն նրանք չեն կարողացել գտնել այն: Ես ինքս էլ փորձել եմ բացել այս խնդրի դռները: Ու եկավ մի ժամանակ, որ մտածեցի, թե այլևս չեմ կարող գտնել այն»:
«Երբևէ հիասթափվե՞լ եք» հարցին նա պատասխանել է. «Ես հոգնել էի: Ժամանակ առ ժամանակ խաղաղություն էի զգում: Սիրում էի զբոսնել և մտածել: Կինս հաճախ էր հարցնում, թե ինչ եմ անում: Այդ հարցին ես միշտ պատասխանում էի, որ աշխատում եմ, մտածում եմ: Կինս չէր հասկանում դա: «Ի՞նչ նկատի ունես»,-հարցնում էր նա: Ամեն բան այնքան բարդ էր, որ ես չէի կարողանում որևէ բան բացատրել կնոջս»:
Ըստ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Դին Յանի՝ մաթեմատիկոսը դժվար խնդիր լուծելիս նախ փորձում է մանևրել լաբիրինթոսում: «Երբ փորձում ես որևէ թեորեմ ապացուցել, կարող ես լիովին խը-ճըճվել այդ ընթացքում: Երբ գտնում ես ճիշտ ճանապարհը, այն քեզ ապրելու ցանկություն է տալիս նույնը կրկնելու համար»:
***
Չժանը զուսպ և քաղաքավարի անձնավորություն է: Սեփական անձին և աշխատանքին վերաբերող հարցերում խանդավառություն չի դրսևորում: Խնդրի լուծման արդյունքների հրապարակումից հետո Չժանը հրավիրվել էր Փրինսթոնի համալսարան` դասավանդելու: Ռեժիսոր Ջորջ Սիսերին «Հաշվելով անսահմանությունը» վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարել Չժանի մասին:
Չիկագոյի համալսարանի մաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր Մեթյու Էմերթոնը Չժանին հանդիպել է Փրինսթոնում: «Չէի ասի, թե նա ստանդարտ անձնավորություն է: Ոչ էլ շփվող է, սակայն ողջամիտ մարդ է: Մրցանակները որևէ բացասական ազդեցություն չեն թողել նրա վրա»:
Նյու Հեմփշիրում Չժանի գրասենյակը մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների շենքի երրորդ հարկում է: Հաճախ է նայում պատուհանից երևացող կաղնուն: Գրապահարանում կարող եք գտնել «Հիլբերտյան տարածության ներածություն», «Էլիպսաձև կորեր, մոդուլային ձևաչափեր և Ֆերմայի վերջին թեորեմը» վերնագրերով գրքեր: Կան նաև նորագույն պատմության և Նապոլեոնի մասին գրքեր, կարդում է նաև Շեքսպիր, սակայն չինարեն թարգմանությամբ:
Մի քանի տարի առաջ Չժանը վաճառել է իր մեքենան, որովհետև այն պարզապես չէր քշում: Երթևեկում է ավտոբուսով, քանի որ այնտեղ ոչինչ չի խանգարում մտածելուն: Շաբաթը յոթ օր նա 8-9 ժամ է անցկացնում գրասենյակում: Կնոջը, որի հետ ամուսնացած է 12 տարի, հանդիպել է չինական ռեստորանում, որտեղ նա սպասուհի էր: Նրա անունը Յալին է, սակայն ինքն իրեն Հելեն է անվանում: Չժանի ընկերը, որը ճանաչում էր նաև Հելենին, նրան հրավիրել էր ռեստորան և այնտեղ ծանոթացրել ապագա զույգին:
***
Տարիներ շարունակ Չժանն իրեն նվիրաբերել էր խնդրի լուծման ճանապարհը գտնելուն: «Կար ժամանակ, որ ես լիովին հուսահատվել էի»: Նա լուծման եղանակը գտավ 5-10 րոպեում 2012 թվականի հուլիսի 3-ին Կոլորադոյում, երբ հյուրընկալվել էր ընկերոջ տանը:
«Մաթեմատիկայի բնագավառում գյուտի հոգեբանություն» (1945) գրքում Ժակ Ադամարը մեջբերում է մի մաթեմատիկոսի, որն ասել է. «Երբ ես մենակ եմ մնում, ինձ թվում է, որ հայտնվում եմ մեկ այլ աշխարհում: Թվերը կարծես կենդանի արարածներ լինեն: Երբեմնհարցերի պատասխանները կարծես ինքնաբերաբար հայտնվում են իմ առջև»: Ընկերոջ տան հետնաբակում նման մի բան պատահեց նաև Չժանի հետ: «Ես տեսա թվերը, հավասարումները և նույնիսկ դժվարանում եմ ասել, թե ուրիշ էլ ինչ: Առեղծվածային բան պատահեց ինձ հետ: Ես հասկացա, որ արդեն ունեմ ապացույցը, թեև գիտակցում էի, որ կան թվերի միջև ընկած բաց տարածությունները լրացնող շատ մանր տարրեր»:
The NEW YORKER
Հեղինակ` Ալեք Ուիլքինսոն