FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Թրամփի առաջին պարտությունն ու դեմոկրատների առաջին

Թրամփի առաջին պարտությունն ու դեմոկրատների առաջին ապտակը հանրապետականներին

Հանրապետականները որոշեցին հանել Կոնգրեսի քվեարկությանը ներկայացրած առողջապահության բարեփոխումների նախագիծը, որն ուղղված էր Obamacare-ի դեմ:

Հարձակում՝ աջ ու ձախից


7 տարիների ընթացքում հանրապետականների դժգոհությունը 44-րդ ԱՄՆ նախագահի առողջապահական բարեփոխումներից չմեղմվեց. ամեն անգամ նրանք դեմ էին քվեարկում, ու ամեն անգամ Օբաման ստիպված էր լինում վետո դնել նրանց որոշմանը: Երբ նախագահական ընտրություններում հաղթեց Թրամփը, բոլորի համար պարզ էր` հանրապետականների առաջին հարվածն ուղղվելու է Obamacare-ին: Թրամփն այդքան էլ հետաքրքրված չէր Obamacare-ով, նրա առաջին նպատակը Մեքսիկայի հետ պատի կառուցումն էր, երկրորդը՝ հարկային դաշտի բարեփոխումը: Սակայն Թրամփին համոզեցին, որ հարկային բարեփոխումը դժվար կլինի իրականացնել՝ առանց Obamacare-ի սահմանափակումների: Առավել ևս, որ դա կբերի բյուջեի պակասուրդի կրճատմանը: Ու Թրամփը համաձայնեց:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը կազմեց օրենքի նոր նախագիծ, որը կարող էր հալած յուղի պես անցնել Ներկայացուցիչների պալատով, Սենատով և հայտնվել Թրամփի սեղանին՝ հաստատաման համար: Սակայն ամեն ինչ չէ, որ ծրագրածի պես եղավ:
Առաջին օրից նախագիծը դարձավ թե՛ աջերի, թե՛ ձախերի թիրախ: Հասկանալի էր՝ դեմոկրատներն այդքան էլ հեշտությամբ չէին համաձայնի «քար գցել» իրենց ծրագրի վրա, որի համար աշխատել էին ավելի քան 5 տարի, որը համարվում էր Օբամայի միակ այցեքարտը: Թույլ տալ չեղյալ համարել Obamacare-ը, նշանակում էր հօդս ցնդեցնել Օբամայի թողած միակ ժառանգության վրա:
Ու դեմոկրատներն աղաղակեցին՝ չեղյալ համարել Obamacare-ը, նշանակում էր առնվազն 10 տարի 25 մլն ամերիկացու զրկել բժկական ապահովագրությունից: Ու ամեն անգամ առիթը բաց չէին թողնում ՝ հիշեցնելու այս թիվը:


Թրամփ & CO-ի մասին կարդացեք`



Թրամփը սպասում էր դեմոկրատների հարվածին, սակայն՝ ոչ յուրայիններից: Նա անակնկալի եկավ, երբ իր դեմ դուրս եկան Freedom-ի պահպանողական կոնգրեսականները: Նրանք հրաժարվեցին կողմ քվեարկել օրինագծին՝ պատճառաբանելով, թե Փոլ Ռայանի առաջարկները բավարար չեն: Պահպանողական կոնգրեսականներին համոզելու գործին անցան Թրամփի բոլոր համակիրները: Բանակցություններին միացավ նաև Թրամփը, սակայն ընտրեց ոչ ճիշտ ճանապարհ: Համաձայնության հասնելու համար նա ոչ թե քննարկման դրեց օրինագիծը, այլ սպառնաց պահպանողականներին չաջակցել առաջիկա ընտրություններում:
Թրամփի վերջնագիրը կատաղեցրեց բոլորին: Նույն օրը պահպանողական կազմակերպությունների ղեկավարությունը, որին աջակցում են Կոխ եղբայրները, հայտարարեց, որ կսատարի յուրաքանչյուր այն հանրապետականին, որը պատրաստ կլինի դեմ քվեարկել Ռայան-Թրամփ նախագծին:
Պահվածքը, որը բնորոշ է Թրամփ-բիզնեսմենին, սխալ է Թրամփ-քաղաքագետ համար: Եթե Թրամփը կարող էր իր գործերում վերջնագրերով խոսել բիզնեսմենների հետ, ապա նույն տոնը անցանկալի է քաղաքականության մեջ: Ահա և Թրամփի առաջին սխալը:
Հանրապետականները ստիպված էին հետ կանչել օրենքի նախագիծը՝ հասկանալով, որ այն ի սկզբանե դատապարտված է ձախողման:

Մեկը՝ երեք փակուղուց


Ինչո՞ւ է այս ձախողումն այսքան ցավալի Թրամփի համար: Նախագահության 2 ամսում նրա վարկանիշն ընկել էր 40 %-ով: Թրամփը չէր կարողացել կյանքի կոչել մուսուլմանական երկրներին վերաբերող իր ծրագրած արգելքները: Չէր կարողացել լռեցնել շտաբի ու ռուսների կապի մասին սկանդալը:  Ու հիմա, երբ Թրամփին թվում էր, թե շատ հեշտությամբ հաջողության  կհասնի Obamacare-ի դեմ, կրում է խայտառակ պարտություն:
«I alone can fix this country» ասող Թրամփը, ով իրեն համարում էր բանակցություններ վարելու վարպետ, չկարողացավ  պայմանավորվել իր կուսակցության անդամների հետ, անգամ մի քանիսի հետ էլ հասցրեց փչացնել հարաբերությունները:  Նա պարզապես տապալեց Obamacare-ի դեմ ծրագված քվեարկությունը, որը նախատեսված էր անել Օբամայի օրենքի ստորագրման 7-ամյակի օրը: Նա հիասթափեցրեց իր կուսակից ընկերներին, որոնք երկար էին սպասել Բարաք Օբամային «ոչնչացնելու» համար: Արդյունքում՝ հանրապետականներն ու Թրամփն ապտակ ստացան դեմոկրատներից:
Ինչպես հիմա իրականացնել հետագա նախաձեռնությունները. հարկային բարեփոխումը, որին այդքան սպասում է ամերիկյան բիզնես-ոլոտը, Մեքսիկայի սահմանի հայտնի պատի կառուցումը, որի համար անհրաժեշտ է գումար հայթհայթել, գումարած նաև ռազմական ծախսերի ավելացումը:
Այս երեք նախագծերը կարող է անցկացնել միայն ուժեղ նախագահը, որն ունի ժողովրդի հստակ աջակցությունը: Իսկ ո՞ւր են Թրամփի աջակիցները:
Առաջին երկու ամսվա ընթացքում Սպիտակ տան վարչակազմին չի հաջողվել որևէ ուղղությամբ գրանցել առաջընթաց։ Թրամփի առջև դռները, կարծես թե, հերթով փակվում են: Եվ եթե Թրամփը չկարողանա մի բան հորինել այս քաղաքական փակուղուց դուրս գալու համար, ապա  նրա նախագահության շրջանը ընտրողների հիշողության մեջ կարող է մնալ վառ, բայց իմաստազուկ: Ճիշտ այնպես, ինչպես դատարկ տակառի հանած ձայնը:

Աղբյուրը

Տարածել