JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Թրամփի անհաջող հարյուրօրյակի պայթյունավտանգ որոշու

Թրամփի անհաջող հարյուրօրյակի պայթյունավտանգ որոշումները

Շուտով լրանում է Թրամփի պաշտոնավարման 100 օրը: Բնականաբար, նրա վարչակազմը չի կարող գլուխ գովել այս խորհրդանշական ժամանակահատվածում ներքաղաքական ձեռքբերումներով: Նա ստանձնեց պաշտոնը՝ ռուսների հետ համագործակցելու մեղադրանքներով: Նրա փեսային համարում են չինաստանամոլ: Նա փորձեց ներքաղաքական դաշտում փոփոխություններ անելով՝ շեղել իր քաղաքացիների ուշադրությունն ասեկոսեներից, նորից արժանանալ նրանց հիացմունքին, սակայն անհաջող: Հավանաբար սա էր պատճառը, որ Թրամփը որոշեց բոլորի ուշադրությունը սևեռել արտաքին քաղաքականության վրա:

Անհաջող հարյուրօրյակ


Թրամփի գործերը ներքաղաքական դաշտում, մեղմ ասած, լավ չեն: Նրա վարչակազմի բոլոր գործողությունները Վաշինգտոնին բառի բուն իմաստով ճահիճը գցեցին: Նախագահ Թրամփի բոլոր որոշումները դեկլարատիվ բնույթ են կրում: Նա պարտություն կրեց Obamacare-ի չեղարկման հարցում, օդից կախված մնացին հարկային դաշտը կարգավորող փոփոխություններն ու իսպանական պատի կառուցումը: Ավելին, պարզվեց, որ Թրամփն անգամ չի կարողանում լեզու գտնել իր կուսակից պատգամավորների հետ:
Եռամսյա ժամկետն անցել է, իսկ Թրամփը մինչև հիմա չի ավարտվել գործադիրի կազմավորման գործը, Պետդեպում դեռ թափուր տեղեր կան: Այս դաշտում Թրամփի միակ ձեռքբերումը, թերևս, կարելի է համարել Նիլ Գորսաչին ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ դարձնելը: Թեև, դա ստացվեց, երբ փոփոխություն մտցրեցին Գերագույն դատարանի դատավորներին նշանակելու կարգում՝ որոշումն ընդունելու համար կողմ քվեարկող սենատորների ձայների քանակը հասցնելով մինիմալի: Եթե հանրապետականներն այս քայլի չդիմեին, դժվար թե Գորսաչը հայտնվել Գերագույն դատարանում:
Անելանելի իրավիճակը, բնականաբար, Թրամփին ու նրա շրջապատին նյարդայնացնում է: Հանրապետականները խուճապի մեջ են՝ կես տարուց սկսվում է Ներկայացուցիչների պալատի ընտրությունը, Թրամփի ցածր վարկանիշն ուղղակիորեն կարող է հարվածել Հանրապետականին:

Ընտանեկան լիբերալիզմ


Թրամփն այն տեսակ մարդկանցից է, որ պարտություն կրել չի սիրում: Նա ոչ բոլորին է վստահում: Սա է պատճառը, որ Թրամփի քաղաքական ու գործնական շրջապատում ընտանիքի անդամներ են, օրինակ՝ փեսան ու աղջիկը: Նրանք երկուսն էլ վարչակազմի անդամ են: Ընդ որում, փեսան ավելի կարևոր կարգավիճակ ունի, քան աղջիկը, Ջարեդ Քուշները Նորարարությունների գրասենյակի ղեկավարն է: Պաշտոնը ստեղծվել է հատուկ նրան համար: Ջարեդ Քուշներն օգնելու է քիչ գումարով արդյունավետ դարձնել նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքը:





Թրամփի աղջիկը՝ Իվանկան, աչքի է ընկնում իր լիբերալ հայացքներով: Ասում են, Իվանկան տեսնելով Իդլիբում քիմիական զենքից տուժած երեխաների լուսանկարները՝ հուզվել է, ու նրա էմոցիոնալ արձագանքն էլ պատճառ է դարձել, որ Թրամփը հրաման տա հրթիռակոծել Ասադի կառավարական ուժերը:

Արագ հաղթանակ. Քայլ՝ վարկանիշի բարձրացման համար


Թրամփը հոգնել էր պարտություններից: Նա իրեն համարում էր հաղթանակի ու հաջողության մարդ: Իսկ հիմա անհաջողությունների կիզակետում է: Պարտությունների պարանից խեղդվող Թրամփին հաղթանակը պետք էր օդ ու ջրի պես: Արագ հաղթանակ, որի մասին կխոսեն բոլորը: Իհարկե, հիմա ու հետո էլ բոլորը կխոսեն Թրամփի մասին. նա առաջին ԱՄՆ նախագահն էր, որ իր հարյուրօրյա պաշտոնավարումն սկսեց ռմբակոծումով: Որևէ մեկը պաշտոնավարման այդքան կարճ շրջանում չէր համարձակվել հրթիռակոծման հրաման տալ, իսկ Թրամփը տվեց: Հրթիռակոծվեց Սիրիան, ապա «ռումբերի մայրն» ուղարկվեց Աֆղանստան: Իսկ հետո՞… Ի՞նչ դիրքորոշում կունենա ԱՄՆ-ը Ասադի կառավարության նկատմամբ, ինչպե՞ս կպայքարի ահաբեկիչների դեմ, ի՞նչ որոշում կկայացնի «Իսլամական պետություն» խմբավորման վերաբերյալ: Ի՞նչ ավարտ կունենա Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունը: Կդառնա՞ արդյոք դա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը… Հարցեր, որոնց պատասխանները մշուշոտ են, առավել ևս, եթե պատասխաններն ակնկալում ես ստանալ այն ԱՄՆ նախագահից, ում անուն ազգանունը Դոնալդ Թրամփ է: Թրամփի համար էական չէ, թե հետո ինչ կլինի:

Տակտիկական հաշվարկների անհեռատես ռազմավարություն


Թրամփի համար իսկապես դա էական չէ, հիմա նրա համար էականն ամերիկացիների մոտ իր վարկանիշի բարձրացումն է, թեկուզ՝ մի քանի օրով: Իսկ դա հենց այդպես էլ եղավ: Չէ որ Թրամփը բոլորին ցույց տվեց, որ ԱՄՆ-ը աշխարհի հզոր երկիրն է, որն իր քայլերի համար պատասխանատու չէ որևէ մեկին, ինչ կուզի, այն էլ կանի, և երբ կուզի՝ կանի: Դե հիմա եկեք ու ասեք, որ Թրամփը Պուտինի բարեկամն է: Քայլ, որը լռեցրեց նաև բոլոր հակաթրամփյան ու պուտինյան ասեկոսներ տարածողներին: Թրամփի գործողությունները հրաշալի տակտիկական հաշվարկների, բայց և ռազմավարական չմտածված քայլերի օրինակ են:
Իսկ ի՞նչ ավարտ կունենա Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունը: Կդառնա արդյոք Թրամփի քայլը երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, անկանխատեսելի է ճիշտ այնպես, ինչպես բռնկուն բնավորությամբ Թրամփի անկանխատեսելի քայլերը: Թեև, վերլուծաբանները վստահ են՝ դժվար թե Թրամփը պատերազմի սկսի Հյուսիսային Կորեայի դեմ: Անկախ դրա հաղթական ավարտից, այդ պատերազմը ԱՄՆ-ին կբերի նաև կորուստներ՝ ֆինանսական, մարդկային, բիզնես-կորուստներ: Իսկ Ամերիկան նախ և առաջ բիզնեսի երկիր է, նրա 45-րդ նախագահը՝ բիզնեսի մարդ:

Տարածել