JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Մահիկի 3 դեմքերը. Ինչպիսի՞ Թուրքիայի հետ գործ ունե

Մահիկի 3 դեմքերը. Ինչպիսի՞ Թուրքիայի հետ գործ ունենք

Վաշինգտոնն ու Անկարան հարաբերությունների դժվար շրջափուլում են, երբ դրանք շատ լավից փոխվում են շատ վատի: Մեկ այլ երկրի նկատմամբ ամերիկյան հասարակության կարծիքը դանդաղ է ձևավորվում, սակայն բավական է մեկ  անգամ ձևավորվի ու անմիջապես կարծրանում է: Թուրքիան փոխվում է, և մենք փորձում ենք նոր իրողությունները հարմարացնել հին բանաձևին: Հիմա Թուրքիայի հաշվով ամերիկացիները երկընտրանքի առաջ են կանգնած:

Քանի դեռ մենք ավելի լավ պատկերացում չունենք, թե ինչպիսի Թուրքիայի հետ գործ ունենք, մենք դատապարտված ենք սխալ քայլեր անել:

Առաջին Թուրքիան. - Պահպանողական, սահմանադրական, արևմտամետ կողմնորոշմամբ, որը պատկանում է ՆԱՏՕ-ին: Դեպի արևմուտք կողմնորոշված, լավ կրթված թուրքերը ժառանգորդներն էին Աթաթուրքի հեղափոխության  ու այն Թուրքիայի, որը բարձրացավ Օսմանյան կայսրության փլատակներից: Շատ ամերիկացիներ, հատկապես նրանք, որոնք ծառայել են զինված ուժերում Սառը պատերազմի տարիներին և նույնիսկ մինչև 2003 թվականը, հպարտանում էին թշնամական միջավայրում Թուրքիայի պես դաշնակցով: Այս Թուրքիան իրեն խարսխեց Արևմուտքի հետ և գնալով միջուկային հակահարված ստանալու ռիսկին՝ պաշտպանեց Եվրոպան: Այս Թուրքիայի կերպարը Միացյալ Նահանգներին շատ անգամ ուղղորդել է դեպի սխալ տեսության և ստիպել է մտածել, որ Անկարան կարևոր հարցերում հետևելու է ԱՄՆ-ի առաջնորդությանը: Ինջիրլիքի ավիաբազան եղել է այս պատկերացման խորհրդանիշը: Միացյալ նահանգները մեծ ներդրումներ է արել այդ ռազմաբազայում, ռիսկի դիմել՝ չափից ավելի կախում ունենալով Ինջիրլիքից ու Թուրքիայից՝ որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության կարևորագույն բաղադրիչի:
Երկրորդ Թուրքիան.  - Լիբերալ, Եվրամիությանը համակրող, ժողովրդավարական լինելու ձգտումով: Այս Թուրքիան սկսեց ձևավորվել Սառը պատերազմից հետո, բայց ամբողջապես երանգավորվեց 2000-ականների սկզբին, երբ իսլամամետ Արդարություն և զարգացում կուսակցությունը տիրեց իշխանությանը: Սա Թուրքիան է, որտեղ հանուն ավելի մեծ ժողովրդավարության 2013-ին տեղի ունեցան Գեզի այգու ցույցերը, որտեղ 2015 թվականին խայտաբղետ կոալիցիա ձևավորվեց՝ թույլ տալով ձախ կողմնորոշմամբ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը առաջին անգամ մտնել խորհրդարան: Սա Թուրքիան է, որը 2015 թվականի հունիսին կարճ ժամանակով խափանեց Էրդողանի՝ իր իշխանությունը ընդարձակելու ամբիցիաները:
Երրորդ Թուրքիան. - Բռնապետական, պոպուլիստական, կրոնական ու գաղափարական: Այս Թուրքիան հիմնված է քաղաքական փիլիսոփայութան վրա, որը մեծապես անտեսանելի  է արևմտյան փորձագետների համար կամ արհամարված: Այս գաղափարախոսությունը նման է Մուսուլման եղբայրներ շարժման դրույթներին. մերժել Արևմտյան ինստիտուտները, հասարակության համար որոշումներ կայացնելիս հավատալ հետևորդների հանրության ուժին: Իշխանության սահմանադրական բաժանումները, անհատի իրավունքների պաշտպանությունն ու մամուլի ազատությունը մեծամասնության որոշելիքն է: Այլ բառերով ասած՝ համընդհանուր ընտրության արդյունքները արդարացնում են բոլոր այս սահմանափակումները:
Այսպիսով` Արդարություն և զարգացում կուսակցությունը վճռականորեն արհամարհել կամ մարգինալացրել է Թուրքիայի արևմտամետ ինստիտուտները՝ դատաիրավական համակարգը, մեդիան, կրթական համակարգը, բանակը, որպեսզի համախմբի իշխանությունը երկրի ներսում, իսկ տարածաշրջանում ստեղծի սուննի իսլամական կրոնական առաջնորդության ու քաղաքական հեղինակության իմիջը:

Շատերը հավատում են, որ Էրդողանն այս նպատակները մշտապես ունեցել է իր գլխում: Ոմանք էլ հավատում են, որ նա թեքվել է դեպի այս ծայրահեղ դիրքորոշումը վերջին տարիներին՝ տուրք տալով ընտրություններում աճող ձայներին ու իր իշխանությանը թուրքական որոշ ինստիտուտների դիմադրությանը: Չնայած նրա գործողությունները շարունակում են բևեռացնել երկիրը, իսկ նրա արտաքին քաղաքականության սխալները բազմաթիվ են, ոչ մի նախանշան չկա, որ նա կփոխի իր քաղաքական կուրսը կամ ընդդիմությունը կթուլացնի նրա իշխանությունը:


[Արևելյան խոհանոց]



Այս եռադեմ Թուրքիան դժվարացնում են այն խնդիրը, թե ինչպես վերաբերվել այդ երկրին: Թուրքիային պաշտպանող ավանդական կոալիցիան՝ ամերիկյան զինվորականությունը, ռազմաարդյունաբերական ընկերությունները, Կոնգրեսն ու հրեական խմբերը կորցնում են իրենց միասնականությունը: Թուրք-ամերիկյան հարաբերությունների միջնաբերդը համարվող Թուրքիա-ԱՄՆ խորհուրդը այլևս չունի իր երբեմնի հեղինակությունը: Նրանք, ովքեր պատկերացնում էին լիբերալացող Թուրքիա, հետաձգեցին իրենց հույսերը 2015 թվականի նոյեմբերի ընտրությունից հետո:
Անազատ ու բռնապետական Թուրքիան դեռևս ամբողջությամբ չի կորցրել իր նշանակությունը, սակայն աստիճանաբար ակնայտ է դառնում, որ ամերիկացի քաղաքական գործիչները Թուրքիայի դեպքում այլևս չեն կարող հիմնվել պատմական պատկերացումների վրա:

Վերջին տարիների իրադարձությունները միայն մեծացրին այս մարտահրավերը: Արաբական գարունից սկսած Թուրքիան թուլացրել է իրադարձությունները վերահսկելու իր կարողությունը: Մուսուլման եղբայրներին աջակցող ու սուննիամետ մոտեցումը հասցրել է քաղաքական փակուղու: Թուրքիան զոհաբերեց Իսրայելի վրա ունեցած իր լծակները՝ միջնորդի դեր ստանձնելու փոխարեն առաջ մղելով Պաղեստինյան հիմնահարցը: Անկարան շարունակում էր աջակցել Մուհամեդ Մուրսիին Եգիպտոսում, նույնիսկ երբ նրա կառավարությունը սահմանեց բռնապետական իշխանությամբ իսլամական սահմանադրություն: Կրկնվող հետախուզական զեկույցները ցույց են տալիս, որ Թուրքիան երկար ժամանակ քիչ բան է արել՝ թույլ չտալու Իսլամական պետության զինյալների մուտքը Թուրքիայից Սիրիա: Սիրիական սահմանին Թուրքիան հրաժարվում է որևէ ձևով օգնել քրդական ուժերին, որոնք Իսլամական պետության դեմ կռվող եզակի արդյունավետ ուժերից են:

  1. Թուրքիան օգտագործեց 2015 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի հետ կնքած Ինջիրլիքի ավիաբազայի վերաբերյալ պայմանագիրը, որպեսզի ավելի շատ ավիահարվածներ հասցնի Քրդական աշխատավորական կուսակցությանը, քան թե Իսլամական պետությանը: 

  2. Նոյեմբերին Անկարան խոցեց ռուսական ռազմական օդանավը՝ առաջ բերելով Մոսկվայի հետ հարաբերություններում երկարատև հետընթաց և խառնելով իր նպատակները Սիրիայում:

  3. Երբ Թուրքիան գերակատարեց իր դերը Հյուսիսային Իրաքում՝ հավելյալ զորքեր ուղարկելով, դեկտեմբերին Իրաքի և ԱՄՆ-ի ճնշման տակ ստիպված էր դուրս բերել դրանք:

  4. Երկրի ներսում Արդարություն և զարգացում կուսակցությունը հետևողականորեն ուժեղացնում է Քրդական աշխատավորական կուսակցության նկատմամբ բռնությունը՝ մեծացնելով քաղաքացիական պատերազմի ու քուրդ զինյալների հարձակումների դեպի արևմուտք տարածվելու մտավախությունը:


2015-ը տարի էր, որը Վաշինգտոնին ու Անկարային ավելի բաժանեց: 2016 թվականը կարող է դառնալ այն տարին, երբ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում իր քաղաքականությունը կառուցելիս ավելի պակաս կհենվի Թուրքիայի վրա: Եթե Միացյալ նահանգները ավելի լավ չպատկերացնի, թե Թուրքիան ինչպիսին է դարձել հիմա, կշարունակի հիասթափություն ապրել Անկարայի հետ գործ ունենալիս:

Տարածել