«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
04/22/2025
Newmag հրատարակչությունն ու ՀԲԸՄ-ը նախաձեռնել են Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված գիտական շաբաթ։ «Ցեղասպանագիտության շաբաթը» սկսվեց Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքի շնորհանդեսով։ Գրքի գլխավոր գործընկերը ՀԲԸՄ-ն է, գործընկերը` «Հայաքվեն»։
ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանը շնորհանդեսին եկել էր Վահագն Դադրյանի անվան հուշամեդալով, որը ստացել է Լոս Անջելեսում պոլսահայ համայնքից։ Լուսինե Սահակյանն ուսումնասիրում է Դադրյանի արխիվները, աշխատել է Երուսաղեմի արխիվներում։ Փորձագետը շեշտեց, որ Դադրյանը մեծ աշխատանք է կատարել ոչ միայն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում.
«Բացի այն, որ Դադրյանը գիտական ուսումնասիրություններ է արել, նաև օտարալեզու մամուլում բազմաթիվ կարևոր հրապարակումների հեղինակ է։ Այդ հոդվածներում խոսել է ոչ միայն Օսմանյան կայսրության կատարած ոճրագործության, այլ նաև Արցախի հիմնահարցի մասին։ Դեռ 1964 թվականին նա գրել է արցախահայերի նվերաբերող հոդված, ահազանգել է այն բոլոր խնդիրները, որոնց այսօր մենք առնչվում ենք։ Իսկ Ցեղասպանագիտության ուսումնասիրության ոլորտում Դադրյանն այնպիսի լուրջ նշաձող է դրել, որ այսօր էլ բոլոր մասնագետները պետք է պահենք դա»։
Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր հետ բերել էր պրոֆեսոր Դադրյանի ստորագրությամբ գիրքը։ Դեմոյանը մեծ նշանակություն է տալիս այս գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարկությանը.
«Newmag-ի այս նախաձեռնությունը ռազմավարական նշանություն ունի, որով պետք է պայքարել մեր ժողականության դեմ։ Նման գիրք գրելու համար երևի ընտանիք չպետք է ունենաս։ Ահռելի, բծախնդիր աշխատանք է կատարված։ Դա իսկապես զոհողություն է։ Եթե տանք գրքի սեղմ բնութագիրը, Դադրյանը մասնագիտությամբ լինելով մաթեմատիկոս, բժշկի նշտարով շերտ առ շերտ բացել է կատարված հանցագործությունը, տվել գնահատական ու ուղերձ։
Նախ, ցեղասպանությունը ներկայացրել է Թուրքիայի դաշնակիցների՝ Ավստրիայիու Գերմանիայի արխիվների վերլուծությամբ ու ուսումնասիրությամբ։ Այս համատեքստում ցանկացած պատմաբան հասկանում է կատարվածի անհերքելիությունը։ Գիտական լեզուն է նաև շատ կարևոր, եզրույթները, եզրաբանությունը, որը մինչ այդ Խորհրդային, սփյուռքյան շրջանակներում չկար։ Դա դարձավ հայոց ցեղասպանագիտության համար հիմք»։
ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը նշեց, որ իրենց կազմակերպության կարևորուղղություններից է հիշողությանը. «Այս տարի նշեցինք ՀԲԸՄ 119-ամյակը։ Հիշողություն ասելով նկատի չունենք թանգարանային հիշողությունը, այլ դասեր քաղելու ու ապագայի վրա պրոեկցիա անելու շեշտադրումը։ Հայկական բովանդակության ստեղծումը մեր առաջնահերթություններից է։ Դա հասկանալու համար պետք է իմանալ ՀԲԸՄ ԴՆԹ-ն։ ՀԲԸՄ֊ը ստեղծել է Պողոս Նուբարը՝ Նուբար փաշայի որդին»։
«Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքի գործընկերը «ՀայաՔվե»-ն է։ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը խոսեց «նոր բանավեճի» մասին՝ պետք է ցեղասպանությունը ճանաչե՞լ, թե՞ ոչ.
«Երբ նախաձեռնեցինք «Հայաքվեն», օրենքի նախաձեռնություն ներկայացրեցինք, ըստ որի քրեական պատասխանատվություն է սահմանվում Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու համար։ Ցավոք, գործող իշխանությունն այն տապալեց։ Մենք հասկանում ենք, որ ի հեճուկս թաքնված մերժողների, ցեղասպանությունը բաց վերք է, որը սպեղանի չունի, արդարադատություն նույնիսկ չի եղել՝ չհաշված Նեմեսիսը։ Այն, ինչ տեղի է ունեցել 15 թվականին, բոլորիս է վերաբերել։ Դադրյանի գիրքը պարզապես գիրք չէ, այլ կարևոր վկայություն, որը պետք է հիմքդառնա արդարության համար»։
Ցեղասպանագիտության շաբաթը Newmag հրատարակչությունն իրականացնում է ՀԲԸՄ դրամաշնորհով։ Շաբաթվա 2-րդ օրը հրատարակչությունը կներկայացնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի նոր գիրքը։ Գրքի շնորհանդեսին կմասնակցի նաև հեղինակը՝ Թաներ աքչամը։
Կարդացեք նաև
Վահագն Դադրյան
8800 ֏
Նկարագրություն
Վահագն Դադրյանի այս գիրքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն աշխատություններից մեկն է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1995-ին։ Հեղինակը վերլուծում է Հայոց ցեղասպանության պատմական զարգացումները և ընդգծում էթնիկ հակամարտությունների դերը Բալկաններից մինչև Կովկաս։ Աշխատությունը հիմնված է թուրքական, գերմանական և ավստրիական պաշտոնական արխիվային փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության վրա։ Դադրյանը գիտական շրջանառության մեջ է դրել բացառիկ կարևորություն ունեցող վավերագրեր: Դրանք վերլուծել է պատմական, միջազգային իրավական, քրեագիտական, հասարակագիտական ու ոճրագիտական մոտեցումներով և ձևակերպել Հայոց ցեղասպանության գիտական բնորոշումներն ու սահմանումները։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Դարեն Հարդի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» համաշխարհային բեսթսելլերի շարունակությունը (թրեյլեր)
Ինչպես Հայաստանը դարձավ Գոնկուրի ազգային ժյուրիի երկիր, իսկ Newmag-ը՝ ազգային օպերատոր