Գլխավոր Հոդվածներ

«Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում Newmag-ը կն

«Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում Newmag-ը կներկայացնի Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գիրքը (թրեյլեր)

04/18/2025

newmag-y-n

Վահագն Դադրյանի այս գիրքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն աշխատություններից մեկն է։ Գրքի շնորհանդեսով կմեկնարկի «Ցեղասպանագիտության շաբաթը»։

«Հայոց ցեղասպանության պատմությունը» հայերի ջարդերի ուսումնասիրության կարևորագույն աշխատություններից մեկն է։ Այդ հիմնարար գործը թարգմանվել է մի քանի տասնյակ լեզուներով և ունի միջազգային ճանաչում։ 

Վահագն Դադրյանը վերլուծում է Հայոց ցեղասպանության պատմական զարգացումները և ընդգծում էթնիկ հակամարտությունների դերը Բալկաններից մինչև Կովկաս։ Աշխատությունը հիմնված է թուրքական, գերմանական և ավստրիական պաշտոնական արխիվային փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության վրա։ 

Քառասուն տարիների գիտական աշխատանքի ընթացքում Դադրյանը սեփական միջոցներով աշխարհի տարբեր գրադարաններից ու արխիվներից հավաքել է մեծ քանակի վավերագիր նյութեր՝ ստեղծելով արժեքավոր արխիվ, որը շարունակում է մնալ կարևորագույն աղբյուր Հայոց ցեղասպանության ուսումնասիրողների համար։

Գիրքը մանրակրկիտ ներկայացնում է  

  • թուրքական, գերմանական և ավստրիական պաշտոնական արխիվային փաստաթղթերը,
  • Հայոց ցեղասպանության գիտական բնորոշումներն ու սահմանումները, 
  • ցեղասպանության պատմական, միջազգային իրավական, քրեագիտական, հասարակագիտական, ոճրագիտական ու հոգեբանական վերլուծությունը։

Դադրյանի հիմնարար մոտեցումը ցեղասպանության ուսումնասիրությանը հանգում էր այն համոզմանը, որ ցեղասպանությունը միանգամից չի իրագործվում, այլ երկարատև նախապատրաստվում է, և դահիճը սպասում է հարմար պահի: Այս մոտեցումը հիմնովին փոխեց ցեղասպանությունների հետազոտման մեթոդաբանությունը։ 


Թուրքերենի, օսմաներենի, ֆրանսերենի, գերմաներենի և անգլերենի փայլուն իմացության շնորհիվ Դադրյանը Հայոց ցեղասպանության մասին ստեղծել է հարուստ գիտական ժառանգություն՝ 22 մենագրություն, 140 գիտական հոդված և բազմաթիվ այլ հրապարակումներ։ Նրա աշխատությունները բացառիկ են ոչ միայն քաղաքագիտական արժեքով, այլև նրանով, որ առաջին անգամ շրջանառության մեջ են դրել կարևոր վավերագրեր։

Մաթեմատիկոս, սոցիոլոգիայի դոկտոր, ցեղասպանագետ և պատմաբան Վահագն Դադրյանը ծնվել է Կոստանդնուպոլսում: Նրա կրթական ուղին տպավորիչ է՝ ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ Հետագայում սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի ու Հարվարդի հեղինակավոր համալսարաններում։

Դադրյանի մասնագիտական կողմնորոշման վրա էապես ազդել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը։ Նրա գիտական ճանապարհում ևս մեկ կարևոր հանգրվան էր կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գերգերյանի հետ հանդիպումը, ում ուսումնասիրությունները հիմք հանդիսացան Դադրյանի հետագա գիտական գործունեության համար։

1975 թվականին Նյու Յորքի համալսարանից կրթաթոշակ ստանալով՝ Դադրյանը ձեռնամուխ եղավ հիմնարար հետազոտությունների Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, Բոննի և Վիեննայի պետական արխիվներում։ Նրա նշանակալի ձեռքբերումներից է Բրիտանական հանրային արխիվում պահվող 1918-1920 թվականների Պոլսի Բրիտանական բարձր հանձնակատարության և Բրիտանական արքայական իրավաբանական գրասենյակի փաստաթղթերի ուսումնասիրությունն ու գիտական շրջանառության մեջ դրվելը։

Դադրյանի գիտական ներդրումը չի սահմանափակվում միայն պատմական փաստերի հավաքագրմամբ։ Նա նաև ստեղծել է Հայոց ցեղասպանությունը գիտականորեն բնութագրող եզրույթներ ու սահմանումներ, որոնք այսօր լայնորեն կիրառվում են համեմատական ցեղասպանագիտության մեջ։ Նրա մշակած մեթոդաբանությունը հիմք է դարձել ամբողջ ցեղասպանագիտության համար՝ դիտարկելով դեպքերը միջազգային իրավունքի, քրեագիտության, հասարակագիտության և ոճրագիտության տեսանկյունից։


ԾՐԱԳԻՐ. «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ»


Գիրքը թարգմանել է Լիլիթ Թութխալյանը։ Աշխատության շնորհանդեսը տեղի կունենա Newmag-ի և ՀԲԸՄ Հայաստանի կազմակերպած «Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում՝ ապրիլի 21-ին, 19:00, ՀԲԸՄ-ում։ «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքի գլխավոր գործընկեր՝ ՀԲԸՄ, գործընկեր՝ «ՀայաՔվե»: 

«Ցեղասպանագիտության շաբաթ» բացառիկ նախագիծը, որն իրականացվում է ՀԲԸՄ դրամաշնորհով, կսկսվի ապրիլի 21-ին և կավարտվի ապրիլի 24-ին։ Քառօրյակի ընթացքում տեղի կունենա 3 գրքի շնորհանդես և մեկ պանելային քննարկում։ 

Տարածել

Հայոց ցեղասպանության պատմությունը
Հայոց ցեղասպանության պատմությունը

Վահագն Դադրյան

8800 ֏

Նկարագրություն

Վահագն Դադրյանի այս գիրքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն աշխատություններից մեկն է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1995-ին։ Հեղինակը վերլուծում է Հայոց ցեղասպանության պատմական զարգացումները և ընդգծում էթնիկ հակամարտությունների դերը Բալկաններից մինչև Կովկաս։ Աշխատությունը հիմնված է թուրքական, գերմանական և ավստրիական պաշտոնական արխիվային փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության վրա։ Դադրյանը գիտական շրջանառության մեջ է դրել բացառիկ կարևորություն ունեցող վավերագրեր: Դրանք վերլուծել է պատմական, միջազգային իրավական, քրեագիտական, հասարակագիտական ու ոճրագիտական մոտեցումներով և ձևակերպել Հայոց ցեղասպանության գիտական բնորոշումներն ու սահմանումները։