[Բացատրագիր] Հարսանեկան իրարանցում. ինչի՞ց սկսել և ինչպե՞ս այն օրինականացնել
Երբ օրը նշանակված է, գիտեք, թե որքան ժամանակ ունեք պատրաստվելու համար: Երբ հաշվել եք հյուրերին ու փողերը, թե որքան գումար եք տրամադրելու հարսանեկան հանդիսությանը, կարող եք նաև տեղը որոշել՝ որտեղ եք անցկացնելու միջոցառումը: Գաղտնիք չէ, որքան շուտ սկսեք պլանավորել և պատվիրել, այնքան ճկուն կլինեք բյուջեն տնօրինելու: Հարսանեկան ատրիբուտներն ու ժամանցն ապահովելուց առաջ նախ՝ հարաբերություններն օրինականցնելու մասին:
Ամուսիններ Աստծո առաջ
Եթե որոշել եք հարսանիքի օրը, ժամանակն է այցելել եկեղեցի և այնտեղ նախապես գրանցել պսակադրության օրն ու ժամը: Գրանցման համար անհրաժեշտ են պսակվողների անձնագրերը և դրանց պատճենները: Ձեզնից կճշտեն նաև խաչեղբոր անուն-ազգանունը: Այնպես որ, մինչև եկեղեցի գնալը կողմնորոշվեք նաև այդ հարցում:
Ինչ է պետք
Պսկադրության օրը եկեղեցի գնացեք՝ ձեզ հետ զամբյուղում ունենալով 2 մոմ, մեկ շիշ գինի և մեկ բաժակ՝ երկուսի համար: Չմոռանաք նաև նշանի մատանիները:
Մեկ նկատառում. Միայն եկեղեցով կատարված ամուսնությունը Հայաստանում չունի իրավաբանական ուժ և որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել:
Կարդացեք նաև.
Ամուսնական մատանի. պարտադի՞ր, թե` ոչ այնքան
Եվրոպացի մի ձևացեք, եթե չեք ապրում եվրոպայում և ինչու՞ պետք է մոռանալ work-life balance-ի մասին
6 հարց, որոնք պետք է քննարկել նոր զուգընկերոջ հետ սեքսից առաջ
Ամուսիններ օրենքի առաջ
Եթե, հաստատ, որոշել եք ամուսնանալ, արժե մտածել նաև հարաբերություններն օրինական հիմքի վրա դնելու մասին, այսինքն՝ ամուսնության պետական գրանցման մասին: Ամուսնության վկայականը ձեզ կտան ոչ թե եկեղեցում, այլ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնում, որը պետք է լինի ամուսնացողներից մեկի հաշվառման վայրում:
Ամուսնության պետական գրանցումն իրականացնելու համար ամուսնացողների ներկայությունը պարտադիր է: Հեռակա ամուսնությունը ՔԿԱԳ-ում բացառվում է: Գործին չեն օգնի ո՛չ լիազորագիրը, ո՛չ էլ ներկայացուցիչը:
Ինչ է պետք
Նախ՝ պետք է դիմել ՔԿԱԳ: Անհրաժեշտ է ամուսնացող զույգի համատեղ գրավոր դիմումը: Եթե չեն կարող երկուսով ներկայացնել այն, բացակայողի ստորագրությունը դիմումում պետք է վավերացված լինի նոտարով: Ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը պատրադիր են: Եթե դա ձեր առաջին ամուսնությունը չէ, նախորդի դադարման մասին փաստաթուղթը ևս անհրաժեշտ է: