Տեղի ունեցավ «Մոգական մտքերի տարին» հոգեբանական գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
12/04/2024
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց հոգեբանական իր նոր գիրքը, որը սիրելի, հարազատ մարդկանց կորուստը հաղթահարելու մասին է։ Գիրքը կոչվում է «Մոգական մտքերի տարին»։ Հեղինակը հայտնի լրագող, գրող Ջոան Դիդիոնն է։
Ջոան Դիդիոնն այս գիրքը գրել է իր կյանքի ամենաբարդ տարում, երբ ամուսինը մահացել է, իսկ դուստրը կոմայում էր։ «Մոգական մտքերի տարին» աշխատությունը ստացել է շատ հեղինակավոր մրցանակներ ու ընդգրկվել 21-րդ դարի լավագույն 20 գրքերի ցանկում՝ ըստ The New York Times-ի։ Հայերեն հրատարակության գլխավոր գործընկերը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունն է։
Գրքի թարգմանիչն Անուշ Սեդրակյանն է։ Ըստ նրա՝ 20-րդ դարի գրականությունն ինքնին հոգեբանական է. «20-րդ դարից սկսած գրականությունը հոգեբանական ծեգծեգումների ամփոփում է։ Այս գիրքը թարգմանելը ծանր էր, քանի որ մտնում ես հեղինակի ապրումների ու վերապրումների մեջ, բեկբեկվող, մշուշոտ գիտակցության մեջ։ Գրքի հեղինակն անընդհատ հույս ունի, որ ամուսինը չի մահացել, որ դեռ ամեն ինչ կարելի է փոխել։
Հոգեբանության մեջ այդ տերմինը կոչվում է վշտի աշխատանք։ Գրքում հստակ երևում է, թե ինչպես է նա անցնում վշտի աշխատանքային փուլերը։ Ջոան Դիդիոնը գրում է իր անձնական ապրումների մասին։ Այդ ապրումները թղթին հանձնելով՝ դրանցից նաև ձերբազատվում է»։
«Մոգական մտքերի տարին» գրելիս հեղինակը նաև հոգեբանական տարբեր գրքեր, մեթոդներ, թերապևտների աշխատանքներ է ուսումնասիրել ու ներկայացրել։ Գիրքը կօգնի հասկանալ, որ վիշտ բոլորն ունեն, բոլորի ապրումները նման են։ Դիդիոնը ցույց է տալիս՝ ինչպես է քայլ առ քայլ հաղթահարել այդ վիշտը։
Հարազատ մարդու կորուստը, ցավը վերապրելու ու «Մոգական մտքերի տարին» գրքի մասին խոսեց նաև «Կանա» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Մարինա Ղազարյանը։ Գիրքը հոգեբանը կոչում է բիբիլիոթերապիայի լավ օրինակ։ Սա հոգեբանության մեջ տերմին է, երբ գրականության օգնությամբ իրական հոգեբանական սեանսի փոխարեն մարդն օգնություն է ստանում այդ ստեղծագործության միջոցով.
«Երբ դեռ չկային հոգեբաններ, հին հունական թատրոնում գոյություն ուներ կատարսիսը։ Դիմակը դնում ու նայում էին ներկայացումը ու վերապրում իրենց բոլոր ապրումները։ Երբեմն ծնողները խուսափում եմ, որ երեխաները կարդան։ Ուրիշների կյանքը տեսնելով, գրականության, ֆիլմերի միջոցով մենք փոքր չափով իմունիտետ ենք ձեռք բերում»։
Գիրքը սկսվում է ընտանեկան ընթրիքի նկարագրությամբ, որի ժամանակ էլ մահանում է հեղինակի ամուսինը։ Ըստ հոգեբանի, գրողը ներկայացրել է յուրաքանչյուր դետալ, որոնցից յուրաքանչյուրն ունի կարևոր նշանակություն հենց ընթերցողի համար, որ պատկերացնի իրավիճակն ու եզրահանգումներ անի. «Ջոան Դիդիոնը նկարագրում է նույնիսկ, թե ինչպես է կտրատում աղցանը։ Ընթրիքրը կրակի շուրջ է։ Եթե կա կրակ, ուրեմն կա ջերմություն, ընտանիքի, օջախի հասկացությունը։ Վիշտն ունի ապրման փուլեր. ժխտում, որպեսզի մեր օրգանիզմը կարողանա հաղթահարել այդ կորուստը։ Հետո պայքարի, արդարացման փուլ, որի ժամանակ մարդիկ շատ հաճախ ագրեսիվ են դառնում, չեն հասկանում, թե ինչու հենց իրենց հետ դա եղավ։
Ամենադժվարը վերջին՝ ընդունման փուլն է։ Այս բոլոր փուլերի հաղթահարումը կտեսնենք նաև գրքում։ Հետպատերազմական շրջանում շատ զինվորներ բավականին ագրեսիվ ձևով մերժում էին հոգեբաններին։ Դա մերժման պահն էր, մասնագետները պետք են երրորդ փուլում, որպեսզի մարդը կարողանա մարսել։ Գրքում մի հետաքրքիր պարաֆրազ կա, երբ հեղինակն ասում է՝ նույնիսկ չեմ ուզում հասկանալ, որ այս ամենը հասկանում եմ։ Մարդուն երբեմն ավելի ձեռնտու է մտածել, որ խենթանում է, միայն թե չընդունի իրականությունը։ Բացարձակ մոռացություն գոյություն չունի հոգեբանության մեջ։ Ենթագիտակցության մեջ ամեն ինչ մնում է»։
Գիրքը հասանելի է newmag.am կայքում և գրախանութներում։
Կարդացեք նաև
Ջոան Դիդիոն
5800 ֏
Նկարագրություն
Այս գրքում Ջոան Դիդիոնը պատմում է իր կյանքի ամենաբարդ տարվա մասին։ Տարի, երբ հանկարծամահ է լինում նրա ամուսինը՝ գրող Ջոն Գրեգորի Դանը, որի հետ ապրել էր ավելի քան 40 տարի։ Գիրքը հուզիչ հուշագրություն է հեղինակիվշտի մասին, կորուստը հաղթահարելու, պատահածը հասկանալու և նախանշանների մասին, որոք նկատելու դեպքում գուցե կանխեր այն: Հեղինակն ընկղմվում է կորստի ապակողմնորոշիչ և սյուրռեալիստական փորձառության մեջ, մտորում ծեսերի և հիշողությունների մասին, որոնք ձևավորում են կյանքի և մահվան մեր ըմբռնումը: Հուշագրությունը ոչմիայն անձնական ողբերգության պատմություն է, այլ նաև սգո, տոկունության և մարդկային ոգու ամենազորությանուսումնասիրություն: