[Անիծյալ երկուշաբթին] Քո հաջորդ մեծ ցատկը․ Մարկ Մենսոն
- «Առաջընթացի» գաղափարը
Եթե կինոման եք, ուրեմն այս դրվագը ձեզ ծանոթ կլինի. Գլխավոր հերոսն անդադար սխալվում և ձախողվում ֆիլմի ընթացքում: Միայն 90 րոպե անց` ֆիլմի վերջում միանգամից փոխվում է ու` հաջողությունը հաջողության հետևից: Ինչպես գիտեք, ֆիլմն իրականություն չէ:
«Առաջ/հետո» պատմություններում սովորաբար միայն վերջնական արդյունքն է երևում: Ու դա մեզ դուր է գալիս: Մտածում ենք, որ կյանքում էլ է այդպես: Ինչ-որ արտասովոր դեպք պիտի տեղի ունենա և վերջ` մենք կփոխվենք:
Մենք չենք գիտակցում, որ իրական փոփոխությունը գալիս է հարյուրավոր փոքր, առաջին հայացքից անկարևոր թվացող իրադարձությունների և որոշումների հետ: Մենք մեր փոփոխությունը վերագրում ենք ընդամենը մեկ` կարևոր ու առանցքային իրադարձության հետ: Իրականում աննշան թվացող դեպքերն են մեզ տանում տարբեր ուղղություններով:
Այնպես չէ, որ «մեկ ցատկ» և դուք լրիվ ուրիշ մարդ եք դառնում: Այդ փոփոխությունը դանդաղացրած կադրի էֆեկտով է աշխատում:
- Ո՞րն է «զարգանալու մտածելակերպը»
«Զարգանալու մտածելակերպն» առասպել է, թե՞ ոչ: Մոտ 15 տարի առաջ արված հետազոտության արդյունքով մեր մտքերը և տրամադրվածությունն ուղղակիորեն ազդում են մեր կարողությունների վրա: Ըստ հետազոտության` մարդիկ, որոնք մտածում են, որ կարող են ավելի լավը դառնալ և բարելավել իրենց կյանքը` հենց այդպես էլ անում են: Իսկ նրանք, որոնք վատ են տրամադրված` այդպես էլ որևէ բանի չեն հասնում:
Մեկ տասնամյակից ավելի այս հետազոտությունը հաստատում էր, որ սեփական անձի հանդեպ հավատը հաջողության հասնելու կարևոր նախապայման է: Տարիներ անց, 400 հազար աշակերտների շրջանում արված մեկ այլ հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ հնարավոր չէ երեխաներին սովորեցնել հավատալ սեփական ուժերին:
Այստեղ երկու տարբերակ կա: Հնարավոր է, որ կրթական համակարգն է շատ վատը: Կամ էլ պետք է ընդունել, որ «զարգանալու մտածելակերպն» այնքան էֆեկտիվ չէ, որքան ենթադրում ենք:
Սա մտքերդ խառնող այն պահերից է, երբ հասկանում ես` հոգեբանությունը բարդ բան է: Մարդիկ չափից շատ բարդ են, որպեսզի նրանց վրա կարողանան հուսալի փորձարկումներ անել: Այն, ինչը մեկ տասնամյակ առաջ ներկայացվում էր որպես փաստ և ճշմարտություն, հաջորդ տասնամյակում ոչինչ է դառնում:
Կարդացեք նաև
- [Անիծյալ երկուշաբթին] Ինչպե՞ս փրկել աշխարհը (կամ գոնե ինքդ քեզ)
- [Անիծյալ երկուշաբթին] Տասնամյակն ավարտվեց․ 5 կարևոր դաս 2010-ականներից
- [Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Եթե ինքնակազմակերպումը բարդ է թվում, ուրեմն ինչ-որ բան սխալ եք անում
- Փոփոխության անխուսափելի ցավը
Փոփոխություններից ոչ միշտ եք լավ զգում: Կյանքի ամենամեծ ձեռքբերումները հաճախ ստանում ենք կասկածների հետ միասին: Եթե որևէ մեկը ձեզ անհասկանալի ոգևորությամբ պատմի իր կյանքում տեղի ունեցած փոփոխության մասին, ապա կասկածի տակ դրեք նրա ասածը:
Իրական փոփոխությունը տհաճ է մեկ պարզ պատճառով` դուք դուրս եք գալիս ձեր կաղապարներից, մարտահրավեր եք նետում ձեր կանխակալ պատկերացումներին, դեմ եք գնում ձեր ենթադրություններին և զգացմունքներին: Եվ դա այդքան էլ հաճելի չէ:
Հիշեք, որ այդ փոփոխությունը բարդ է ոչ միայն ձեզ համար, այլ նաև ձեր շրջապատի: Մենք ինքնագոհ արարածներ ենք: Երբ որևէ մեկն ինչ-որ մեծ առաջընթաց է ունենում, մարդկանց առաջին արձագանքը սովորաբար պարսավանքն է լինում: Հիշեք սա, երբ որոշեք դուրս գալ ձեր կաղապարներից:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում